Բռնության մասով

Բռնության մասով

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ մտել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ եւ մոտ 15 րոպե այնտեղ անցկացրել:



Աշխատասենյակից դուրս գալիս մեր լրագրողը հետաքրքրվել է հանդիպման բնույթի մասին, Զուրաբյանն ասել է, թե Աբրահամյանի հետ զրուցել է Ստրասբուրգում ստորագրված եւ դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնության մասին: Այս մասին ՀԱԿ պատգամավորը դեռ ամիսներ առաջ է հայտարարությամբ հանդես եկել եւ ԱԺ նախագահին կոչ արել հարցը դնել քննարկման:



 



Սեպտեմբերի 26-ի ԱԺ աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցադրմանը, թե արդյոք առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրել է եւս 15 օրով հետաձգել հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա: Լրագրողը Զուրաբյանից հետաքրքրվել է, թե ինչ պատասխան է երեկվա հանդիպմանը տվել Հովիկ Աբրահամյանը, սակայն ՀԱԿ պատգամավորը կոնկրետ պատասխանի փոխարեն ասել է, որ ամեն ինչ ընթացքի մեջ է: