Մաքսային միության թեման փակվե՞ց

Մաքսային միության թեման փակվե՞ց

Վերջին անգամ, երեւի չորս տարի առաջ` 2009-ին, Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանն էր պատահել, որ մի քանի ժամ հետեւեի միջազգային լրահոսի` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Երեկ նույնքան, եթե ոչ ավելի հետաքրքիր իրադարձություններ էին զարգանում Մինսկում: Առաջին տեղեկությունը, որ ուշադրությունս գրավեց, Թուրքիայի` Մաքսային միությանը միանալու մասին Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն էր:



 



Իհարկե, անլուրջ մի բան էր, բայց շատ զվարճալի: Պրն Նազարբաեւը հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետը` Էրդողանն է իրեն դիմել Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցով: «Թուրքիան մեծ պետություն է, Մաքսային միության հետ էլ ընդհանուր սահման ունի»,- նկատել էր Ղազախստանի նախագահը եւ հայտնել իր դրական վերաբերմունքը Թուրքիայի թեկնածությանը: Մանավանդ Եվրոպայում էլ այլեւս հարցեր չեն տա ԽՍՀՄ վերականգնելու ծրագրերի մասին՝ հավելել էր նա:



 



 



Հենց այդ հայտարարությունն առաջին ծիծեռնակն էր, որ Հայաստանին կամ Ուկրաինային Մաքսային միություն քարշ տալու ջանքերը տապալվել են, եւ փոքր ու սահման չունեցող Հայաստանի փոխարեն մեծ ու սահման ունեցող Թուրքիային ասպարեզ բերելով, քարոզչական ֆոն է ապահովվում` Հայաստանի ՄՄ-ին չանդամակցելու թեման աննկատ շրջանցելու համար:



Թուրքիայի լուրից հետո հաղորդվեց, իբր ոչ ավել, ոչ պակաս՝ Հնդկաստանն է հետաքրքրվել Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու հարցով: Սա էլ ՌԴ նախագահի հաղորդած էկզոտիկ նորությունն էր: Թերեւս տպավորությունը խորացնելու համար, թե արդեն Երկիր մոլորակն սկսել է պտտվել Մաքսային միության շուրջ:



Այդ դարակազմիկ եւ աշխարհացունց լուրերից հետո միանգամայն բնական հնչեցին վերջապես Հայաստանի վերաբերյալ հաղորդված երկու լուրեր` մեկը մյուսից հաճելի, որոնք ամփոփելիս պարզ էր, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու թեման, ինչպես ԱԺ պատգամավորներից մեկը կասեր` «գրվել է սառույցին»: Հայաստանի անդամակցության վերաբերյալ Պուտինն առհասարակ չէր խոսել, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն էլ ասել էին, թե Հայաստանը դեռ թող օրենքներ ընդունի, աշխատանքային խմբեր ձեւավորի, ճանապարհային քարտեզ կազմի, հետո կերեւա:



 Այնպես որ, Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ էլ չստորագրվեց, Հայաստանը ոչ մի պարտավորություն էլ չստանձնեց: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը մնաց լոկ բարձրաձայնված ցանկություն, որեւէ գործողությամբ չամրապնդված եւ հազիվ թե որեւէ կերպ խոչընդոտի ԵՄ Ասոցացման համաձայնագիրն  ստորագրելուն:



 



Ինչն էլ ավելի հաճելի է, եթե Թուրքիան է Մաքսային միությանն անդամակցելու առումով իբրեւ թեկնածու դիտարկվում, ապա Հայաստանին ընդհանրապես ոչինչ չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ ինտեգրվելուն: Չէ՞ որ Թուրքիան շատ ավելի վաղուց, արդեն մի քանի տասնամյակ ԵՄ-ի հետ ունի զգալի մասն այն տնտեսական հարաբերությունների, որոնք Հայաստանը պետք է կառուցի ԵՄ Ասոցացման համաձայնագրով: Այլեւս չասած, որ Թուրքիայի հետ նույն բլոկում հայտնվելով, հազիվ թե Հայաստանն իր անվտանգությունը կամրապնդի արտաքին վտանգներից:



Վերջին ուշագրավ դետալն էլ, որ պատահեց երեկ, Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական խորհրդի լրատվական լուսաբանման մեջ ուշ երեկոյան տեղադրված կարճ լուրն էր, թե Մաքսային եռյակի ղեկավարները ողջունել են Հայաստանի եւ Ուկրաինայի` Մաքսային միությանը միանալու որոշումը: Որ Հայաստանն ու Ուկրաինան միասին էին ընկալվում եւ հիշատակվում, բնական է, որովհետեւ հայաստանյան թե օտարերկրյա, Տեր-Պետրոսյանի անմահ բառով ասած՝ «վերլուծագանգերը» որքան էլ չհասկանան, միեւնույն է, Հայաստանը եւ Ուկրաինան թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի համար ներկա դիմակայության մեջ նույն արժեքն ու կարեւորությունն ունեն:



 



 



Բայց հաղորդված կարճ լուրից անհասկանալի էր մնում, թե Հայաստանը եւ Ուկրաինան ինչպես են այդ ցանկությունը հայտնել, որն  լրագրողներին է փոխանցել Բելառուսի նախագահը: Մի տասը-քսան րոպե անց 20:56-ին հաղորդված այդ լուրի թե վերնագիրը, թե տեքստը փոխվեց: «Հայաստան» եւ «Ուկրաինա» բառերը հանվեցին, դրվեց անորոշ մի տեքստ, թե, ըստ Լուկաշենկոյի, Մաքսային եռյակը ողջունել է իրենց միանալու այլ գործընկերների ցանկությունը: Ի վերջո, մի ամբողջ օրվա իրադարձային ոդիսականն ավարտվեց ավելի հաջող, քան կարելի էր սպասել. ոչ մի քայլ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ չկատարվեց, ոչ մի հեռանկար չուրվագծվեց, միայն հասկացվեց, որ 2014-ին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը երեքով են հիմնադրելու Եվրասիական միությունը, որն առանց որեւէ ընդլայնման սկսելու է գործել իբր  2015-ից:



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]