Լեւոն Բարսեղյանի տարեկան հաշվետվությունը

Լեւոն Բարսեղյանի տարեկան հաշվետվությունը

 



Դրական տեղաշարժեր






Ընդունվել է Գյումրու Ավագանու նոր կանոնակարգ, հինը թեպետ ընդունված էր 2008-ին, բայց հրապարակված չլինելու հանգամանքով` իրավական ուժ չուներ: Նոր կանոնակարգը մեծապես կարգավորում է Ավագանու աշխատանքը, սակայն, ոչ ամբողջությամբ: Նոր կանոնակարգով Գյումրու ավագանու անդամները բաշխվել են 4 տարբեր ոլորտային հանձնաժողովներում: Միաժամանակ սա բավարար պայման չէ հանձնաժողովական որակյալ եւ արդյունավետ աշխատանքի, որովհետեւ ավագանու անդամները պրոֆեսիոնալ աշխատողներ չեն եւ իրենց պարտականությունները կատարում են կամավոր, անվճար հիմունքներով, իրենց բուն աշխատանքից ազատ ժամերին:



Հաստատվել են նաեւ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը, հաստիքացուցակները, բյուջեն, քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը եւ այլն:



Առաջին անգամ հանրային քննարկման է դրվել Քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը (2012-2016), սակայն քննարկումներին նախորդած` նախապատրաստական ժամանակահատվածը չափազանց կարճ էր որակյալ մասնակցություն ապահովելու համար: Չնայած այդ հանգամանքին, ես եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայցուցիչներ մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել այդ հանրային քննարկմանը, առաջարկությունների գրեթե քառորդ մասը ընդունվել է եւ ներմուծվել քաղաքի զարգացման քառամյա ծրագրում: Այս ծրագիրը, ի տարբերություն նախորդ զարգացման ծրագրերի, անհամեմատ հստակ է, ժամանակային բաշխումներով, ֆինանսական հիմնավորումներով եւ պլաններով:



Համանման հանրային, շահագրգիռ եւ բաց քննարկում է եղել 2013 թվի բյուջեի նախագծի շուրջ, «Գյումրին որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի գաղափարների մշակման համար, Գյումրու Վարդանանց հրապարակի ծառերի հատման խնդրի շուրջ:



Առաջին անգամ անցկացվել են համայնքային ծառայողների բաց եւ հրապարակային մրցույթներ, որոնց ընթացքում ամբողջությամբ եւ ազատորեն ներկա են գտնվել լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները:



Համայնքապետարանում ներդրվում է քաղաքացիների դիմումների «մեկ պատուհանի» սկզբունքը:



Մեկ տարվա ընթացքում Ավանագու նիստերը բացառությամբ մեկի, բաց եւ ֆիզիկապես մատչելի են եղել հետաքրքրված քաղաքացիների համար, որոնք առանց անձնագրի, հրավերի կամ անցաթղթի տեղեր են զբաղեցրել նիստերի սրահում, ցանկության դեպքում ելույթներ են ունեցել իրենց հուզող հարցերի շուրջ:



Ավագանու նիստերն ընթացել են շահագրգիռ քննարկումներով, հանգամանորեն քննարկելով մի շարք հարցեր: Ավագանու բոլոր անդամները հնարավորություն են ունեցել ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները, սակայն այդ հնարավորությունից հիմնականում օգտվել են անդամների գրեթե կեսը:



Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շարունակել է ամբողջ տարվա ընթցքում համացանցում ուղիղ հեռարձակել ավագանու նիստերը, միայն մեկ նիստի հեռարձակումն է խափանվել տեխնիկական պատճառներով:



Գյումրու ՏԻՄ դեռ չլուծված եւ հրատապ լուծում պահանջող խնդիրները.





  • Գյումրու Ավագանին դեռեւս չունի իր որոշմամբ սահմանված նստավայր,


  • Ավագանին դեռ չի ընդունել քաղաքաշինական կանոնադրություն,


  • Գյումրու ավագանու նիստերի մասին իրազեկումները առայժմ իրականացվում են մասնակի, միայն ԶԼՄ-ներով եւ համացանցով, այնինչ հարկ է, որ քաղաքում ցուցանակներ լինեն` 2000 հոգուն մեկ հատ հաշվով ու դրանց վրա նույնպես փակցվեն իրազեկող հայտարարություններ:


  • Թերի է կատարվում ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջը` հանրությանը մի շարք տեղեկություններ պրոակտիվ ռեժիմով տրամադրելու մասին:




Այս պարտավորությունները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:



 





  • Համայնքապետարանի` անցած տարիների ֆինանսական աուդիտի հարցը մնում է բաց եւ չլուծված: Համայնքապետարանի` անցած տարիների կատարած ծախսերի մի մասի արդարացվածության հիմնավորումները բացակայում են (հեռախոսային որոշ ծախսեր, շինարարական որոշ ծախսեր, տպագրական որոշ ծախսեր, ֆինանսական օգնություններ եւ այլն):


  • Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքների կարիքի ուսումնասիրությունը մնում է օրախնդիր` ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպման եւ պլանավորման համար:




 



Իմ եւ քաղաքացիների կապը.



Իմ աշխատավայրում` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ունեցել եմ քաղաքացիների` հայտարարված 5 ընդունելություն, որոնց ընթացքում ընդունել, լսել եւ խորհուրդներ եմ տվել 28 հոգու: Բացի այդ ամբողջ տարվա ընթացքում ընդունել եւ լսել եմ մոտ 65 հոգու, մի քանիսին մի քանի անգամ: Ինձ դիմողների դեպքերի կեսի դեպքում խորհուրդ եմ տվել գրավոր դիմել քաղաքապետարան եւ ավագանու բոլոր անդամներին (ֆինանսական օժանդակություն, վառելիքի օժանդակության հարցեր, քաղաքաշինական խնդիրներ, գործարար շահեր, վառելանյութի, ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի տեղական տուրքերի չափեր եւ այլն): Մոտ 20 դեպքում խնդիրը վեր եղել ավագանու լիազորություններից (բանակում հիվանդացած զինվորների բուժում, անօթեւանության ցուցակներից դուրս մնացած լինելու հանգմանքներ եւ այլն): Մնացած դեպքերում մարդկանց ավելի շատ հետաքրքրել է իրենց խնդիրների լուսաբանումը եւ հանրայնացումը, այս դեպքերում իմ ղեկավարած թերթն ու լրատվական կայքը լուսաբանել են խնդիրները, այդ մարդկանց հնարավորություն է տրվել անվճար ասուլիսներ տալ ակումբում եւ հանրայնացնել իրենց խնդիրները:



Մի շարք օրակարգային առաջարկություններ եմ ներկայացրել Ավագանուն (անօթեւանության խնդրի կարգավորման հարցով ուղերձներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, Ա.Փելեշյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, Շիրակի երկրագիտական թանգարանին շենքային պայմաններով ապահովելու մասին ուղերձ` կառավարությանը  եւ այլն): Ավագանու որոշմամբ ուղերձներ են հղվել ՀՀ կառավարությանը եւ Ա.Փելեշյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում:



Քաղաքի գերագույն խնդիրները մնում են չլուծված, դրանց լուծումը վեր է Գյումրու քաղաքային բյուջեի հնարավորություններից.





  • Գյումրին ունի մոտ 4500 անօթեւան ընտանիք, պետական իշխանությունները անկարող են եղել 25 տարում լուծել այս հիմնահարցը:


  • Գյումրին ունի մոտ 350 կմ ավերակ փողոց (ընդհանուր ցանցի մոտ 85 տոկոսը), որոնք երբեք չեն նորոգվել անցած 25 տարում:


  • Գյումրիում գործազրկությունը տարբեր տվյալներով կազմում է աշխատունակ բնակչության 20-35 տոկոսը:


  • Գյումրիում հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը 14.500 է, ինչը տարբեր տվյալներով 2,5-3,5 անգամ նվազ է, քան եղել է մինչեւ երկրաշարժը:


  • Գյումրիում` օդում փոշու պարունակությունը ամենաբարձրերից մեկն է հանրապետությունում:




Հայտարարություն շահերի բախման բացակայության եւ իմ ընդունած`Գյումրու Ավագանու անդամի վարքականոնի[1] պահանջների կատարման եւ չկատարման մասին.



Անցած մեկ տավա ընթացքում. (2012 նոյեմբերի 12-2013 նոյեմբերի 12)





  1. Որեւէ մակարդակի ազգակցական կապ չի ձեւավորվել իմ իմ մերձավոր ազգականների` մի կողմից եւ Գյումրու քաղաքապետի, տեղակալներից  որեւէ մեկի, աշխատակազմի քարտուղարի եւ նրանց մերձավոր ազգականների միջեւ:


  2. Ես կամ իմ մերձավոր ազգականներից որեւէ մեկը, մեզ պատկանող կամ մեր հիմնադրած որեւէ շահույթ հետապնդող կամ չհետապնդող կազմակերպություն որեւէ ֆինանսական պատվեր կամ օժանդակություն կամ դրամաշնորհ չի ստացել Գյումրու համայքնային բյուջեից:


  3. Համայնքին, բացի ավանագու անդամի իմ գործունեությունը եւ իմ հասարակական գործունեությունը այլ վճարովի կամ անվճար ծառայություններ չեմ մատուցել:


  4. Իմ հիմնական աշխատավայրից աշխատավարձային եւ հոնորարային եկամուտները մի շարք այլ կազմակերպություններից կազմել են մոտ 8,5 մլն դրամ:


  5. Ապառիկ գնել եմ Ֆորդ-Ֆոկուս-2012 մոդելի ավտոմեքենա, շահագործումից հանել Ֆորդ-Սիերա-1990 թվականի անձնական օգտագործման մեքենաս:


  6. Անշարժ գույքի սեփականության ծավալների փոփոխություն չեմ ունեցել:


  7. Ավագանու անդամի կարգավիճակում չեմ ընդունել որեւէ որեւէ այնպիսի աջակցություն, որը կարող էր ազդել պաշտոնական լիազորություններիս անկաշկանդ իրականացման վրա:


  8. Որպես ավագանու անդամ` նվերներ եւ պարգեւներ չեմ ստացել:


  9. Օրենքով սահմանված կարգով ավագանու անդամի գործունեության համար համայնքային բյուջեից դրամական փոխատուցում չեմ ստացել, չնայած կատարել եմ մի շարք ծախսեր (տրանսպորտային, ԶԼՄ հայտարարությունների վճարներ, գրասենյակային պարագաներ), պահանջներ համայնքային իշխանությանը չունեմ:




10.  Որեւէ կուսակցական գործունեություն չեմ ծավալել:



Տեխնիկական պատճառներով խախտել եմ հիշյալ վարքականոնի 14-րդ կետը, ըստ որի` գույքի եւ միջոցների մասին կամավոր հայտարարագիրը պարտավոր էի ներկայացնել 2013 թվականի օգոստոսի 1-ին, սակայն այդ անում եմ այս հաշվետվության մեջ (տես 4-6 կետերը):



Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյան



Հարցերի համար հեռախոս` +37491821363