Քաղաքացին չի՞ կարող պահանջել, որ իր հետ «Դուք»-ով խոսեն (տեսանյութ)

Քաղաքացին չի՞ կարող պահանջել, որ իր հետ «Դուք»-ով խոսեն (տեսանյութ)

Ս.թ. Սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան Ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր «Չես կարա պահանջես… Հեսա կդաստիրակեմ, կիմանաս»:



Այսօր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը:



Ու թեև ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…», ոստիկանության ղեկավարույթունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի:



Բացի այդ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:



Այսպիսով, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը) և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե ոչ:



Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը: