Վանաձորի պոլիտեխնիկն ի վերջո կփակվի՞

Վանաձորի պոլիտեխնիկն ի վերջո կփակվի՞

Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի փակման հարցը դրվել է կառավարությունում քննարկման: Նախագծով առաջարկվում է լուծարել Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտը, հնարավոր մասնագիտությունները միացնել Վանաձորի մանկավարժական ինստիտուտին՝ դարձնելով այն համալսարան: Այս ամենն ուսանողադասախոսական անձնակազմի դժգոհությունն են առաջացրել:



 



Երեկ, որոշման մասին իմանալուց հետո, թողնելով դասերը, դասախոսներն ու ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել Վանաձորում, որը հսկել են շուրջ 3 տասնյակ ոստիկաններ: Մինչ պոլիտեխնիկի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույց էին անում՝ ինստիտուտի բակից դեպի մարզպետարան, Լոռու մարզպետի աշխատասենյակում էր ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Արմեն Խառատյանը, քննարկումն անցել է փակ դռների հետևում: Իսկ ցույցի դուրս եկած ուսանողներն ու դասախոսները «Թույլ չտաք փակել պոլիտեխնիկը Վանաձորում» պաստառներով վանկարկել են՝ «պո-լի-տեխ-նիկ»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարզում զարգացած է արդյունաբերությունը, և պոլիտեխնիկի տված կադրերի պահանջարկը մշտապես մեծ է, ուստի այն կարող է լուծարվել միայն մեկ պայմանով՝ եթե բոլոր մասնագիտություններով կրկին ուսուցում կազմակերպվի, իսկ եթե ոչ՝ փակելն անիմաստ է:



 



Ցույցին, սակայն, Վանաձորի մանկավարժական ինստիտուտից ոչ ոք ներկա չի եղել, ռեկտորն էլ, ըստ խոսակցությունների, արձակուրդում է, չնայած բոլորը միաբերան պնդում են, որ պոլիտեխնիկի փակվելը մանկավարժականի «սրտով» է, քանի որ այն կդառնա համալսարան: Նշենք, որ, նախնական լուրերով, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի՝ համալսարան դառնալուց հետո Վանաձորի ճարտարագիտական ինստիտուտն ամբողջությամբ լուծարվելու է, իսկ թե ինչ է լինելու դասախոսական կազմի հետ, դեռ ոչ ոքի հայտնի չէ: Թեմայի հետ կապված՝ երեկ ՀՀ վարչապետին հարց է ուղղել ԱԺ լոռեցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ի պատասխան՝ վարչապետը հայտնել է, որ իրենց այս քայլը մի նպատակ է հետապնդում՝ բուհերը դարձնել ավելի էֆեկտիվ: Ինքը՝ Էդմոն Մարուքյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցը չի կարելի բարձրացնել առանց հանրային լսումների ու շահագրգիռ կողմերի հետ քննարկման:



 



Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ շահագրգիռ կողմերի հետ հանրային լսումներ եղել են, քննարկումներ՝ ևս: Մինչդեռ ՀՊՃՀ ռեկտոր Արմեն Խառատյանը մեզ հետ զրույցում հերքեց այս փաստը՝ ասելով, որ որպես բուհի ռեկտոր, իր հետ ոչ ոք թեմայի հետ կապված որևէ քննարկում չի կազմակերպել, ինքն այս ամենի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:



 



ՀԳ - Ուշ երեկոյան մեզ փոխանցեցին, որ հիշյալ հարցը հանվել է կառավարության վաղվա նիստի օրակարգից, մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց նաև պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորը, բայց պաշտոնական աղբյուրներից ճշտել չհաջողվեց:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լոռու մարզ