Բագարանում ապրելը հերոսություն է

Բագարանում ապրելը հերոսություն է

Հայաստանի սահմանային գյուղերը կամաց-կամաց դատարկվում են: Թուրքիայի քթի տակ գտնվող Բագարանը բացառություն չէ: Կոմունիկացիոն շրջափակման մեջ հայտնված գյուղը մեկն է այն բնակավայրերից, որի ցեխոտ փողոցները գրեթե դատարկ են, տների մի մասը` լքված: Սա գյուղ է, որի բնակիչներն արթնանում են նամազի ձայնից, օրը կիսում նյարդեր սղոցող այդ ձայնի մեջ եւ քուն մտնում դարձյալ թուրքական աղոթքին ականջալուր:



 



Արմավիրի մարզի գյուղերից է Բագարանը. աշխարհից կտրված, բայց աշխարհի անցուդարձին լավատեղյակ: Ճիշտ է` հեռուստացույցները հիմնականում թուրքական ալիքներ են ցուցադրում, բայց գյուղացիներն արբանյակային ալեհավաքներով հայկական հեռարձակումները եւս հասցրել են գյուղ: «Մեր մոտ թերթեր չեն հասնում, եթե հազարից մեկ քաղաքից մեկը հետը թերթ բերի, ձեռից-ձեռ է անցնում: Աշխարհի մասին տեղեկություններ ենք իմանում հետուստացույցից, ինչ ասում են, էն էլ լսում ենք»,- ասաց Գրիգոր Ղազարյանը:



Բագարան հասնելն այնքան էլ հեշտ չէ: Ամուր նյարդեր ու ֆիզիկական լուրջ տվյալներ են պետք գյուղ տանող փոսառատ ճանապարհը մարմնական նվազագույն ցնցումներով ու անվնաս հաղթահարելու համար: Խորդուբորդ ճանապարհների պատճառով գծից դուրս է եկել բագարանցիներին սպասարկող միակ ավտոբուսը: Գյուղի եւ քաղաքի կապը մեկընդմիշտ չխզելու համար գյուղապետ Գեւորգ Մարգարյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենան է վերածել երթուղայինի: Անհրաժեշտության դեպքում դառնում է վարորդ եւ անվճար ծառայում համագյուղացիներին: «Բա ի՞նչ անեմ, հո չե՞մ թողնի փակվեն-մնան գյուղում: Ովքեր քաղաքում գործ են ունենում, նախապես գալիս-ասում են, ես էլ տանում եմ, սպասում, մինչեւ իրենց գործերն ավարտեն, ու ետ եմ բերում»,- ասաց համայնքի ղեկավարը:



Թեեւ սահմաններն այստեղ ռուս զինվորների հսկողության տակ են, բայց բագարանցին սահմանապահի աչալրջությամբ ինքն էլ է հսկում գյուղի անդորրը: Անցած տարի նույնիսկ Ախուրյանը հատած մի սահմանախախտ էին բռնել, եւ մինչ համապատասխան մարմիններից կգային տանելու, բագարանցիները տեղը տեղին «հարցաքննություն» էին արել` պարզելու թուրքի` գետն անցնելու պատճառը:



 



Բազմաթիվ խնդիրների մեջ խճճված գյուղն աստիճանաբար զրկվում է երիտասարդ սերնդից: «Ջահելները գնում են, եւ մեղադրելու էլ չէ: Զբաղվելու ոչ մի տեղ ու հնարավորություն չկա. ոչ ակումբ, ոչ սպորտ-դահլիճ, ոչ խմբակներ, որտեղ հնարավոր լինի երգ ու պար սովորել: Սովետից ժառանգած մի գրադարան է մնացել, էն էլ` անունով է գրադարան. առանց շենքի միայն խունացած գրքերն են պահպանվել»,-երիտասարդությանը հուզող խնդիրը բարձրացրեց Արմինե Մանուկյանը: Վերջինս մտահոգված է նաեւ խմելու ջրի որակով, որը ոչ թե բնական աղբյուրներից է իրենց հասնում, այլ ուղիղ սարից եւ անհասկանալի խառնուրդներով: «Կոյուղաջրեր, անձրեւաջրեր, ինչեր ասես խառնվում, ջրի հետ գալիս են: Ճիշտ է` սանէպիդկայանից պարբերաբար գալիս նմուշ են վերցնում ու միշտ դրական պատասխան բերում, բայց անզեն աչքով էլ երեւում է, որ ջուրը մաքուր չէ: Միայն աստծուց է, որ մինչ այսօր ինֆեկցիոն բռնկումներ չենք ունեցել»: Նկատենք, որ գյուղը ջրագիծ չունի: Անորակ ջուրը դույլերով տուն հասցնելու համար բագարանցիներն ստիպված են ամեն օր երկար ճանապարհ հաղթահարել ոտքով:



Միակ ուրախալի լուրը, որ ստացել են վերջին տասը տարում, գյուղը գազիֆիկացնելն էր: Համայնքի բյուջեից նույնիսկ 45 մլն 900 հազար դրամ էր փոխանցվել գազատարը Բագարան հասցնելու համար: Բայց խողովակաշարի կեսն էլ չկառուցած, շինարարությունն իրականացնող «Մանշին» ՍՊԸ-ն հավաքվել-գնացել էր` մարելով բագարանցիների՝ գազին սպասելու բոլոր հույսերը: Համայնքի ղեկավարությունը միայն դատական ճանապարհով է կարողացել փոխանցած գումարի մի մասը ետ ստանալ, որից երեք միլիոնը դեռեւս մարման ընթացքում է: Իսկ հիմա գազի մասին չեն էլ մտածում: «Էնքան թանկացավ, որ կարայի՞նք տակից դուրս գայինք»,- նկատեց Եվգենյա Գեւորգյանը:



 



«Կառավարությունը մեզ օգնած կլինի, եթե որոշ արտոնություններ սահմանի: Շատ բան չենք ուզում. որպես սահմանապահ գյուղ, գոնե ոռոգման ջրի վարձը զիջի: Էս համատարած «չկաների» մեջ եթե էդ մի պլյուսն ունենանք, գյուղը լքելու մասին էլ ոչ ոք չի մտածի»,- ասաց Գրիգոր Ղազարյանը: Հարցին, թե Բագարան այցելող պաշտոնյաներին այդ առաջարկն արվե՞լ է, Եվգենյա Գեւորգյանն ասաց. «Չեմ հիշում, որ այստեղ պաշտոնյաներ եկած լինեն...»:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ