Վովա Գասպարյանի փեսան ընտրվեց միաձայն

Վովա Գասպարյանի փեսան ընտրվեց միաձայն

Այսօր Golden Tulip հյուրանոցում կայացավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովը։



 



Ինչպես և ենթադրում էինք՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Դավթաշենի նախկին թաղապետ Արթուր Գևորգյանը։



 



Կանոնակարգի հաստատումը, նախագահի ընտրությունը և մնացած բոլոր հարցերի քվեարկությունն անցավ կոմինիստական սկզբունքով՝ միաձայն։



Նշենք, որ ֆեդերացիայի նախորդ նախագահը՝ Արման Մուրադյանը, մի քանի օր առաջ կայացած գործկոմի նիստի ժամանակ հրաժարական էր տվել՝ պատճառաբանելով, որ չի հասցնում իր բիզնեսները ղեկավարելու հետ համատեղել ֆեդերացիայի նախագահի գործը։ Այսօր նրա աշխատանքը գնահատվեց բավարար, թեև բազմաթիվ թերություններ թվարկվեցին։



 



Ընտրության ավարտին նորընտիր նախագահը խոստացավ առաջիկա 15 օրերին այցելել մարզերի բոլոր բռնցքամարտի դպրոցները և տեղում ծանոթանալ խնդիրներին։



 



Անդրադառնալով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին՝ Արթուր Գևորգյանը բոլոր մարզիչներին հորդորեց ներկայացնել իրենց ծրագրերը՝ նշելով առկա թերություններն ու պահանջները, որից հետո միայն կորոշվի՝ ով կգլխավորի հավաքականը։



Գևորգյանը հանդիպեց նաև լրագրողներին։ Hraparak.am-ի հարցին՝ ինչ միջոցներով է պատրաստվում իրականացնել իր իսկ մատնանշած ծրագրերը, քանի որ պետական միջոցներն ակնհայտորեն չեն բավարարելու, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց՝կողմնակի։



Հետաքրքրվեցինք՝ ինչ նկատի ունի կողմնակի ասելով, նա պարզաբանեց, որ ծախսերի մի մասը կհոգա սեփական միջոցներով, ինչպես նաև կօգտվի հովանավորների աջակցությունից։



 



Մեր մյուս հարցին՝ ինչպես է պատրաստվում համատեղել ֆեդերացիայի նախագահի և պատգամավորի աշխատանքը․ փորձը ցույց է տվել, որ դեռևս ոչ մեկին դա չի հաջողվել՝ այդ թվում Ռուբեն Հայրապետյանին և Գագիկ Ծառուկյանին (Հայրապետյանը հրաժարվեց մանդատից, իսկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին), Գևորգյանը պատասխանեց, որ ինքը միակ պատգամավորն է, որ մասնակցել է օլիմպիական խաղերին և գիտակցում է՝ ինչ ծանրաբեռնվածության տակ է մտնում։