Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետեւել Իշխան Զաքարյանին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետեւել Իշխան Զաքարյանին

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում Վերահսկիչ Պալատի 2014-ի ծրագրի քննարկման հարցն է: Սակայն երկրորդ ժամկետում՝ եւս 6 տարով վերընտրված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի ժամանել ԱԺ, նրա փոխարեն տարեկան ծրագիրը պատգամավորներին ներկայացնում է եւ նրանց հարցերին պատասխանում է ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը:



 



Նա աշխատել ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում, որպես տնտեսագիտության վարչության գլխավոր մասնագետ, ապա` վարչության խորհրդատու, հետո որպես ՀՀ նախագահի օգնական: Սակայն միայն այն փաստը, որ տարեկան ծրագիրը ներկայացնում է ոչ թե ՎՊ նախագահն, այլ խորհրդի անդամ, դուր չեկավ որոշ պատգամավորների: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու ծրագիրը չի ներկայացնում գոնե ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: Թերեւս, ճիշտ էին այն լուրերը, որ նա հավակնում է ՎՊ նախագահի պաշտոնին եւ Զաքարյանի վերընտրվելուց հետո նրանց հարաբերությունները լարված են: Քննարկումը ԱԺ-ում, թեեւ դեռ շարունակվում է, սակայն օգտվելով իր հարց տալու իրավունքից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, արդեն քննարկումը տարավ իր սիրելի ուղղությամբ՝ կրկին անդրադառնալով Իշխան Զաքարյանի տան եւ ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ հարաբերություններին:



 



Նա շեշտեց, որ դատելով Զաքարյանի հայտարարություններից կարելի է ասել, որ ՎՊ նախագահը օտարերկրացի անձի լիազոր ներկայացուցիչն է, տնօրինում է նրա բանկային հաշիվը եւ, ըստ Փաշինյանի, այստեղ նաեւ կոռուպցիայի տարր կա՝ Բոյաջյանը նրան վստահել է իր ֆինանսական միջոցները, որ Զաքարյանն Բոյաջյանի համար տուն կառուցի, իսկ Զաքարյանը, օգտվելով նրա ֆինանսներից, իր համար է տուն կառուցել:



 



ՎՊ ներկայացուցիչը հարցին պատասխանելիս նախ ասաց, որ պարոն Զաքարյանը գործուղման մեջ է՝ բացակայում է հանրապետությունից, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ իրավունք չուներ բացակայել, երբ ԱԺ-ում ՎՊ ծրագիրն է քննարկվում: Ապա Լիլիթ Գեւորգյանը նկատեց, որ Բոյաջյանի եւ տան հետ կապված հարցերին ինքը պատասխանել չի կարող՝ դա իր իրավասություններից դուրս է եւ քննարկվող հարցին չի առնչվում: Ինչը եւս դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին, նա նկատեց, որ ինքը չպետք է որոշի ինչն է մտնում ԱԺ քննարկման շրջանակներում, ինչը՝ ոչ: