ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը պետք է թարմացվի

ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը պետք է թարմացվի

«Եվրամիությունն այս փորձառությունից դուրս եկավ շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի միասնական»,-երեկ այսպես գնահատեց Վիլնյուսի համաժողովը ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, այնուամենայնիվ ընդունելով, որ համաժողովի կենտրոնական միջոցառումը՝ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, տեղի չունեցավ:



 



Երեկ ԵՄ կենտրոնում նա թվարկեց այն փաստաթղթերը, որոնք ծնվեցին Վիլնյուսում՝ ասոցացման նախաստորագրված պայմանագիր Մոլդովայի եւ Վրաստանի հետ, մուտքի արտոնագրերի հեշտացման պայմանագիր Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ տարբեր գործակալությունների միջեւ գործընկերության պայմանագիր, ՀՀ-ի հետ երկկողմանի հռչակագիր, Ուկրաինայի հետ  միասնական ավիացիոն տարածքի մասին պայմանագիր եւ միասնական տրանսպորտային համաձայնագիր ԵՄ գործընկերների հետ: «Մենք ակնկալում էինք դժվար եւ ծանր քննարկումներ, բայց բանակցությունների միջոցով դրանք լուծվեցին:



 



Հավելյալ պրոդուկտներից մեկը, որ ստացվեց, այն էր, որ Բելառուսը համաձայնեց բանակցել մուտքի արտոնագրերի հեշտացման եւ հետընդունման պայմանագրի շուրջ Եվրամիության հետ: ԵՄ անդամ երկրների ղեկավարները մեկ անգամ եւս վերահաստատեցին այն կարեւորությունը, որ Ուկրաինայի ժողովուրդն ինքնիշխան ձեւով իր որոշումն ընդունի, առանց արտաքին ճնշումների»,- ասաց ԵՄ դեսպանը: Նա հրաժարվեց մեկնաբանել ՌԴ նախագահի գնահատականն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, որ դրանք ընդամենը ներքաղաքական գործընթացների մի մասն են:



 



 



«Աստված ինձ հեռու պահի պարոն Պուտինի ասածները մեկնաբանելուց, բայց ես կրկնում եմ այն, ինչ ասել են հանձնակատարներ պարոն Ֆյուլեն եւ տիկին Էշտոնը: ԵՄ-ն, իհարկե, հիասթափված է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշեց չստորագրել պայմանագիրը, բայց նորից պետք է կրկնել ԵՄ դիրքորոշումը, որ այդ ամենահավակնոտ պայմանագիրը, որը ԵՄ-ն ստորագրում է ոչ եվրոպական երկրների հետ, բաց է եւ սեղանին է դրված»: Դեսպան Տրայան Հրիստեան հիշեցրեց Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի միջեւ հեռախոսային խոսակցությունը:



 



«Շատ հնարավոր է, որ նորից լինեն նման խոսակցություններ, որը կվերաբերի Ասոցացման պայմանագրի հարցին: Խոսքը չի գնում այն հարցի մասին, որ Ասոցացման  պայմանագրի շուրջ նորից բանակցություններ կսկսվեն:



 



Դրանք ավարտված են: Այլ այս պայմանագրի կիրառման ժամկետային եւ այլ հանգամանքների մասին կարող է գնալ խոսակցությունը»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ համագործակցությանը՝ նա ասաց, որ ԵՄ-Հայաստան գործողությունների պլանը պետք է թարմացվի, եւ այն հիմնականում կընթանա արդարադատության, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:  



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ