Հայաստանի «չինական հեռանկարները»

Հայաստանի «չինական հեռանկարները»

Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ քննարկումներն ու կողմնորոշումների վերաբերյալ բանավեճը հիմնականում ընթանում է Արեւմուտք-Ռուսաստան առանցքային հարցերի շուրջ: Մինչդեռ ժամանակակից աշխարհաքաղաքական խաղի կարեւորագույն դերակատարներից մեկը դառնում է Չինաստանը:



 



1.5 միլիարդից ավելի բնակչություն ունեցող եւ ֆենոմենալ տնտեսական զարգացում ապրող ՉԺՀ-ն օրեցօր ամրապնդում է իր դիրքերը միջազգային հարաբերություններում` հավակնելով վերածվելու թիվ մեկ աշխարհաքաղաքական բեւեռի:



Իհարկե, ՉԺՀ-ն դեռեւս զարգացող երկիր է եւ հիմնական շեշտը դնում է արդյունաբերական զարգացման վրա, չունի տեխնոլոգիաների արտադրության մրցունակ համակարգ, դեռեւս չի լուծել ներքին միգրացիայի, ուրբանիզացիայի, էմանսիպացիայի խնդիրները եւ չունի ներկայումս թիվ մեկ բանակի` ԱՄՆ զինված ուժերի հնարավորությունները, սակայն ոչ մեկի համար այլեւս բանավեճի առարկա չէ այն հանգամանքը, որ չինական զարգացման ներկայիս տեմպերն անպայմանորեն հանգեցնելու են ՉԺՀ-ի գերտերության վերածմանը: Ի դեպ, չինական ղեկավարությունը չի շտապում հրապարակել աշխարհաքաղաքական հավակնությունները` սահմանափակվելով միայն ՉԺՀ-ի միջազգային դիրքերի ամրապնդման գործընթացներով: Մի շարք մասնագետների կարծիքով, Չինաստանի ղեկավարությունը չի ցանկանում նախօրոք բացել խաղաքարտերն ու գրգռել պոտենցիալ մրցակիցներին:



 



Ինչեւէ, տարակուսանք է առաջացնում հայկական փորձագիտական հանրույթի կողմից չինական ուղղության անտեսումը: Եվ սա այն դեպքում, երբ Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության տրամաբանությունը վաղուց արդեն փոխվել է: Այս մրցակցության մասնակիցներն իրենց խաղը կառուցելուց վաղուց արդեն հաշվի են առել ՉԺՀ-ի գործոնը:



 



Կրեմլում հասկանում են, որ Սիբիրն ու ՌԴ հեռավորարեւելյան շրջանները երկրաչափական պրոգրեսիայով աճող չինական տնտեսության համար կենսական նշանակություն ունեն թե հանքահումքային եւ թե բնակություն հաստատելու տեսանկյունից, ուստի չի բացառվում, որ ապագայում Չինաստանը փորձի ներխուժել այս տարածքներ:



 



Միեւնույն ժամանակ, Արեւմուտքն ուշի ուշով հետեւում է ՉԺՀ զարգացմանն ու աշխարհաքաղաքական հավակնությունների մեծացմանը, որը մարտահրավեր է առաջին աշխարհի լիդեր երկրներին, քանզի սա կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ չինացիները փորձեն շուկաներից դուրս մղել Արեւմուտքի առաջատար երկրներին:



Դրա փոխարեն հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նյութեր, որոնք քննադատաբար են մոտենում Չինաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման գործընթացին: Փորձագիտական եւ քաղաքական հանրությունը չի փորձում քննարկել այն հարցը, թե հայ-չինական հարաբերությունների զարգացումն ինչ առավելություններ կարող է տալ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության աստիճանի բարձրացմանն ու տնտեսական զարգացմանը: Խնդիրն այն է, որ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների սերտացումն ու հայկական ապրանքների մուտքը չինական շուկա ոչ միայն կարող են լրջագույն տնտեսական զարգացում բերել Հայաստանին, այլեւ այն, որ օրեցօր հզորացող ՉԺՀ-ն պոտենցիալ հակառակորդ է դիտարկում Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող երկիր Թուրքիային: Թուրքերը, ինչպես նաեւ չինացիները, խնդիր ունեն ամրապնդել իրենց դիրքերը Միջին Ասիայում, բացի դրանից` ՉԺՀ բազմամիլիոնանոց ույգուրական համայնքը (թյուրքական ժողովուրդ) սպառնում է Չինաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ այս խժդժությունները մասամբ հրահրվում են հենց Թուրքիայից:



 



Եթե այս ամենին գումարում ենք նաեւ Անկարայում այդպես էլ մոռացության չմատնված «Մեծ Թուրանի» քաղաքականությունը, ապա ստացվում է, որ թուրք-չինական ռազմաքաղաքական բախումն ընդամենը ժամանակի հարց է, իսկ այս համատեքստում հայ-չինական ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է դիտարկվել որպես բնական դաշնակցային հարաբերություն: Գլոբալ գործընթացները բերում են նոր մարտահրավերներ, եւ Հայաստանի փորձագիտական դաշտն ու որոշումներ կայացնողները պետք է պատրաստ լինեն միջազգային հարաբերություններում ցանկացած շրջադարձի` ձեռքի տակ ունենալով արդեն իսկ մշակված գործողությունների սցենարներ ու համապատասխան պլանավորված մոտեցումներ:



Պետք է նշել նաեւ, որ Հայաստանի իշխանությունները  թեեւ փորձում են արդյունավետ հարաբերություններ կառուցել ՉԺՀ-ի հետ, սակայն գործը դեռեւս տեսական մակարդակից գործնականի չի անցնում:



 



Այս հարցում առկա է ոչ միայն իշխանության ավանդական անհետեւողականությունը, այլեւ լրագրողական դաշտի անհասկանալի ու չհիմնավորված քննադատությունը, որը վերաբերում է Չինաստանում անցկացվող ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսներին հայկական պետական բյուջեից արված ծախսերին: Պետք է ուղղակի հասկանալ, որ Հայաստանի համար հեռանկարային չինական շուկա մուտք գործելը դյուրին խնդիրների շարքից չէ, իսկ գումարներ ծախսելուց խուսափել անհնար է: Պետք է նաեւ հասկանալ, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ այցելել է ՉԺՀ՝ փորձելով խթանել հայ-չինական տնտեսական հարաբերությունները, այնուամենայնիվ, դեռեւս երկար ճանապարհ կա Չինաստանի հետ սերտ տնտեսական ու ռազմաքաղաքական հարաբերություններ ստեղծելու համար, եւ իշխանությունը պարտավոր է ինտենսիվացնել չինական ուղղությամբ աշխատանքները, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն աչքի չի ընկել լուրջ տնտեսական ձեռքբերումներով, իսկ սոցիալական բեւեռվածությունը գնալով մեծանում է: Հայաստանի տնտեսությունը ծաղկման փուլում չէ, իսկ օլիգարխներն իրենց ձեռքերում են կուտակել ռազմավարական ոլորտները, ուստիեւ արտասահմանյան ներդրումների ներգրավումն ու հայ արտադրողի համար նոր շուկաների ձեռքբերումը Տիգրան Սարգսյանի կողմից կարող էր դիտարկվել որպես լուրջ նվաճում:



Ի դեպ, ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն զբաղեցնում է հենց վարչապետի եղբայրը: Սա՝ իմիջիայլոց:



 



Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ