Բաց նամակ Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Վլադիմիր Պուտինին և Սերժ Սարգսյանին

 Ես այս բաց նամակը գրելիս միշտ աչքիս առաջ եմ ունեցել ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու նպատակը։ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու դեպքում հարգելի Վլադիմիր Պուտինի կողմից առաջ է քաշվել Երեւանում Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ եւ ռուսական գիմնազիա ունենալու առաջարկը։



 



Ընդունելի առաջարկ է։ Կարծում եմ, որ ընդունելի պիտի լինի նաեւ Մոսկվայում Երեւանի համալսարանի մասնաճյուղ ունենալու, ինչպես նաեւ հայկական ամենօրյա դպրոցների թիվը Մոսկվայում եւ Ռուսաստանի հայաշատ վայրերում՝ Կրասնոդարում, Սոչիում եւ այլուր ավելացնելու առաջարկը։ Երեւանի համալսարանի մասնաճյուղը Մոսկվայում կարող է ունենալ լեզուների, պատմության, հայագիտության, իրավագիտության,  տնտեսագիտության, կուլտուրայի, առաջնակարգ տեխնոլոգիաների (հետագայում՝ գուցե նաեւ ճշգրիտ գիտությունների) ֆակուլտետներ։



 



Երեւանում արդեն կա Հայ¬Ռուսական (Սլավոնական) համալսարան, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը կդառնա երկրորդ բուհը, որտեղ նույնպես ուսուցումը կիրականացվի ռուսերենով։ Մոսկվայում Երեւանի համալսարանի մասնաճյուղ բացվելու դեպքում կարելի է նաեւ հուսալ Ռուսաստանի կառավարության կողմից բյուջետային ֆինանսավորում, որն առանձնապես ֆինանսական բեռ չի լինի այդպիսի մեծ պետության համար։



Մաքսային միության նպատակով վարվող բանակցություններում Հայաստանի կառավարությանը ես կոչ եմ անում հանդես գալ նաեւ Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում պրոֆեսիոնալ հայկական թատրոններ հիմնելու առաջարկով։



 



Ինչպես որ Երեւանի ռուսական թատրոնը ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեով, կարծում եմ, որ Ռուսաստանի կառավարության համար պիտի ընդունելի լինի Ռուսաստանում նոր հաստատվող հայկական թատրոնների  ֆինանսավորումը։



Թեեւ թատրոնների հեղինակությունը մեր ժամանակներում փոքրիշատե խաթարվել է, սակայն այս թատրոններն իրենց բնույթով լինելու են ոչ միայն մարդու հոգեբանություն, գեղարվեստ, կուլտուրա ներկայացնող օջախներ, այլ նաեւ գաղափարախոսություն հռչակողներ… Թե ինչ գաղափարախոսության մասին է խոսքը, կներկայացվի որպես գեղարվեստական գրականություն գրքերի ձեւով՝ հայերեն եւ թարգմանաբար մի շարք լեզուներով։



 



 



Հովհաննես ԱՂԱՋԱՆՅԱՆ