Ծառուկյանն այլևս վտանգ չի՞ ներկայացնում

Ծառուկյանն այլևս վտանգ չի՞ ներկայացնում

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ինչպես նաեւ ԲՀԿ-ն երեկ մեկ մարդու նման կողմ քվեարկեցին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնեսին խթանող «Շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը, փաստորեն, ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի 1-ից:



 



Նշենք. օրենքը սահմանում է, որ 2014թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կարելի է կազմակերպել միայն Ջերմուկ, Ծաղկաձոր, Մեղրի եւ Սեւան քաղաքներում, իսկ «Զվարթնոցի» շրջակայքում, ավելի ճիշտ` կազինոների հավաքատեղի Փարաքարում եւ երեւանամերձ շրջաններում կարելի է աշխատեցնել միայն նույն օրենքով նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներ: Սա նշանակում է, որ Երեւանի շրջակայքում գործող տասնյակ խաղատները պետք է մեկ ամիս անց փակվեին, եւ դրանց փոխարեն մնա միայն Երեւանից ոչ հեռու գտնվող Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատունը, որը պայմանագիր է կնքել հայտնի «Կեմպինսկի» ընկերության հետ եւ դեռեւս միակն է, որ համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին: Այսինքն՝ հերթական եկող տարվա հունվարի 1-ից այս ոլորտն էլ կմոնոպոլացվի, եւ հերթական մենաշնորհը կգրանցվի Գագիկ Ծառուկյանի համար:



 



Որովհետեւ դժվար չէ կռահել, որ խաղամոլները կգերադասեն Ծառուկյանի խաղատունը, որը Երեւանի մատույցներում է եւ ոչ թե Երեւանից տասնյակ կիլոմետրեր հեռու Ջերմուկի կամ Սեւանի խաղատները: Բացի դրանից, խաղատների բիզնեսի մի մասը, ինչպես հայտնի է, այժմ պատկանում է կարկառուն ՀՀԿ-ականների, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյանին, եւ հիմա իշխանության նման մեծահոգությունը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իսկապես տարօրինակ է:



Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ, հոկտեմբերին, այս նախագիծը դրվեց քննարկման, եւ կառավարության ներկայացուցիչն առաջարկեց մեկ տարով երկարացնել սահմանափակման ժամկետը եւ խաղատներին հնարավորություն տալ գործել մինչեւ 2014թ. հունվարի 1-ը:



 



Անցած տարի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ով ներկայացնում էր այս փոփոխությունների փաթեթը, հետաձգումը փաստարկեց, որ խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը ներկայիս պայմաններում անհնար է: Նշենք, որ խաղատների ներկայացուցիչները դեռ անցած տարվա սեպտեմբերին էին վարչապետ Տիգրան Սարգսյանին զգուշացրել, որ մենաշնորհի ձեւավորումը կվնասի իրենց: Նշել էին, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Կառավարությունն այդ ժամանակ, անշուշտ, կարող էր հակադարձել, թե խաղատների պատճառած վնասները բարոյական եւ դաստիարակչական առումներով ավելի մեծ են, սակայն չարեց, քանի որ դա լավ հնարավորություն էր Գագիկ Ծառուկյանին ինչ-որ բաներ հասկացնելու, որովհետեւ նա այդ ժամանակ դեռ չէր հստակեցրել իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ:



 



Այժմ, երբ կրքերը հանդարտվել են, եւ Ծառուկյանը նորից մասնակցում է ԱԱԽ նիստերին ու նախագահականում տրվող պաշտոնական ճաշկերույթներին, կարելի է նրան հատուցել հավատարմության համար եւ կիրառման ուժ հաղորդել նախագծին, որը կիրառման առաջիկա ամիսներին, հաստատ, կնպաստի միայն Ծառուկյանի բիզնեսին, քչերը կհասցնեն կարճ ժամանակում նման համալիրներ ստեղծել:



ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրինք` ԲՀԿ-ն այլեւս վտանգ չի՞ ներկայացնում իշխանության համար, եւ կոնկրետ ինչո՞վ էր պայմանավորված նման մեծահոգությունը: «Ես կարծում եմ, որ որեւէ դիրքորոշման խնդիր չկա, դա անցած տարի ընդամենը հետաձգվեց, որպեսզի տնտեսվարող փոքր սուբյեկտները կարողանան տեղափոխել այդ օբյեկտները, հանել, այլ տեղ գտնել: Թե մենակ ում խաղատունն է մնում, ումը չի մնում, չեմ կարծում, որ դա քաղաքական հարցադրում է, առավել եւս, որ ես պետք է պարտադիր իմանամ` հատկապես, որ հատուկ սեր չունեմ խաղատների նկատմամբ»:



 



ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հարցրինք` ԲՀԿ-ն այլեւս վտանգ չի՞ ներկայացնում իշխանությանը, դիրքորոշո՞ւմ է փոխվել: «ԲՀԿ-ն, ինչպես եւ ԲՀԿ առաջնորդը, միշտ կողմ է եղել առողջ մրցակցության, ոչ մոնոպոլ քաղաքականության: Միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ գործընթացներ կան, որ տանում են զարգացման, առողջացման եւ ավելի մեծացման: Այս հարցում ես չեմ կարծում, որ սա կոմպլեմենտար քաղաքականություն է` ինչ որ անձին, կոնկրետ բիզնեսին սա չի վերաբերում:



 



Սա ընդհանուր որոշում է, եւ չի բացառվում, որ վաղը օտարերկրյա մի ներդրող նման ներդրում կփորձի անել, կամ փոքր խաղատները կարող են համախմբվել եւ մեծ համալիր ստեղծեն»: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, այս օրենքն ընդամենը դաշտում գլոբալիզացման տանելու եւ ընդհանուր միջավայրն առողջացնելու միտում ունի: Թե որոնք են խոշորացման դրական կողմերը, եթե դրանով ոլորտը մենաշնորհվում է, պատգամավորը պատասխանեց. «Դա կարող է միջավայրը դրական դարձնել»:



Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ոլորտի մոնոպոլացման նկատառումով դեմ քվեարկեց այս նախագծին:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]