Առողջ եղեք

Առողջ եղեք

Մի քիչ ճիշտ չի լինի վարչապետից, կաթողիկոսից կամ նախագահից հետո խոսք ասելն ու տարի ամփոփելը: Վերջին խոսքն այս դեպքում նրանց է պատկանում: Դա մի յուրահատուկ բոնուս է, որ ունեն նրանք, որ նրանց տվել է մեծին հարգող, ղեկավարի հանդեպ պատկառանք ու ակնածանք ունեցող մեր ժողովուրդը:



 



Կարծում ենք` այս տարին էլ բացառություն չի լինի: Եվ թող սա իմ վերջին խոսքը լինի նախագահի ելույթից առաջ:



 



Իմ մասով ասեմ` դեկտեմբերի 31-ին, ժամը 23:00-ին դուրս եմ գալիս բաղնիքից, հագնում ոչ տնային շորերս ու նստում հեռուստացույցի առաջ: Ինչքան գրեցինք ու խոսեցինք` բավական է, հիմա հերթը իրենցն է` ամփոփելու անցնող տարին: Բազկաթոռի մեջ նստած` վայելում եմ կնոջս կշտամբանքները.



 



- Էդ չարազին շատ զոռ մի տուր, նոր լցրեցի վազը, կես ընկավ արդեն…



 



Ինքն ի՞նչ իմանա, որ ես չարազի հետ ծամում եմ այն մտքերը, որոնց շուրջ հիմա պիտի խոսեն մեր ազգի մեծերը… Կին է, իր դարդը սեղանի տեսքն է, իմը` ուրիշ:



 



Բա որ Սերժ Սարգսյանն սկսի այնտեղից, թե ինչպես մեկնարկեց 2013-ը: Գնան, հետ չգան այդ օրերը: Այդ օրերին էր, որ կրակեցին մեր պետականության վրա: Քիչ էր մնացել` շուռ տային մեր պետականությունը, բայց, ինչպես հետո պարզվեց դատավարության ժամանակ, Հայրիկյանն իր վրա կրակելու պահին այնպիսի աղաղակ էր բարձրացրել, որ չարագործները վախեցել էին ու փախել դեպքի վայրից: Նույնիսկ Շամշյանը չէր հասցրել նկարել:



 



Ես ճիշտ էի մտածում.



 



- Սիրելի հայրենակիցներ, այդ օրերին մենք մի մարդու պես հիվանդանոցների դռներն էինք ընկել եւ աղոթում էինք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կյանքի համար: Այո, դժվար է, այո, անձնական մեծ քաջություն է պահանջվում մարդուց` Հայաստանում նախագահի թեկնածու առաջադրվելու համար:



 



Ինչպիսի՜ ընդհանրացում…



 



- Չարազը, վազը, մանդարինը… էսքան բան եմ սարքել, ո՞վ պիտի ուտի…



 



- Մեր երկրում ժողովրդավարության շքերթ էր եւ ոչ թե նախագահական ընտրությունների մրցավազք: Եվ, որպես այդ ժողովրդավարության արգասիք, մեր նոր անկախության պատմության մեջ առաջին անգամ դուք, սիրելի հայրենակիցներ, ունեցաք կատարյալ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ երկրի ղեկը երկրորդ անգամ վստահեցիք ինձ, չնայած երկրորդ տեղը գրաված թեկնածուն…



 



Այո, Րաֆֆին կարգին տոկոս էր խփել, եւ արդար չէր լինի նրան այս ելույթում չհիշատակելը…



 



-… երկրորդ տեղը գրաված թեկնածուն ինձ հետ հավասար երդվեց, գրոհեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասը, այցելեց մեր անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող եւ ոստիկանապետին ստիպեց իր հետ մոմ վառել ու աղոթել:



 



Այ, հիմա գալու է ամենահետաքրքիր տեղը: Կառավարության ձեւավորումը…



 



- Հա, շնո՞րհք… ո՞վ ա սալաթը բորշչի պես գդալով ուտում, մարդ կմտնի տուն, ի՞նչ կասեն…



 



Ես թեքվում եմ, որ նա տեսադաշտս չփակի…



 



- Սիրելի հայրենակիցներ, իմ առաջին գործը եղավ կառավարության ձեւավորումը եւ այդ կառավարության առջեւ 7 տոկոս տնտեսական աճի առաջադրանք դնելը: Համաշխարհային ճգնաժամը նահանջում էր, եւ ես ու մեր թիմը վստահ էինք, որ դա ռեալ իրագործելի առաջադրանք էր: Ոգեւորված մեր նախանշած բնագծով` որոշեցինք, որ այդ գործում մեզ մեծապես կօգնի Հայաստանի կեսը կազմող Երեւանի քաղաքապետը: Ժամանակի սղության պատճառով ես չեմ անդրադառնա Երեւանի ընտրություններին: Ասեմ միայն, որ այդ պաշտոնի համար մենք հարմար գտանք Տարոն Մարգարյանին եւ հենց նրան էլ անցկացրինք, եւ այնպես անցկացրինք…



 



Ինչպիսի՜ խոտան… Հ1-ում բոլորը խմա՞ծ են եղել նախագահին տեսաձայնագրելիս…



 



- Այդպիսով ՀՀԿ-ն, ինչ-որ տեղ ՕԵԿ-ի հետ միասին, ստանձնեց երկրի ապագայի ողջ պատասխանատվությունը` նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով, Երեւանի քաղաքապետով-բանով…



 



Չէ, Հ1-ում հաստատ Նոր տարին սկսել են դիմավորել ավելի շուտ… «Բանը» ո՞րն է, բա մոնտաժն ինչի՞ համար են հայտնագործել։



 



- Նա՜ր, այ Նա՜ր, բա հին տարում մի հատ սուրճ չխմե՞նք…



 



- Վեր կաց՝ սուրճն էլ դու դիր, կոտորվեցի, համ էլ արի-տես էս հնդուշկեն ինչ եղավ…



 



- Մեզ համար 2013-ը  դեռ տարեսկզբից առանձնահատուկ եւ անսովոր էր ընդդիմության բացակայությամբ: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ արել ենք այդ բացակայության տխուր հետեւանքները վերացնելու եւ մեր ժողովրդի վրա դրա ազդեցությունը չեզոքացնելու համար: Անձամբ ես հոգ տարա, որ միայնակ չմնամ նախագահական ընտրություններում, իսկ հետո մեր համատեղ ջանքերով նոր մակարդակի հասցրինք ակտիվիստական շարժումները: Այնքան ակտիվիստ, ինչքան 2013 թվականին ունեցանք, չէինք ունեցել մեր հազարամյակների պատմության ընթացքում: Երկու ձեռքի մատները չեն բավականացնի թվարկել այդ շարժումները մեկառմեկ…



 



- Ես գնում եմ հագնվեմ, վեր կաց, էն հավին նայիր՝ չվառվի: Ուրիշներն էլ են Նոր տարի անում, ո՞վ է այսպես չարչարվում: Շմավոնի կնիկը թագուհու պես վեր կացավ, գնաց Ծաղկաձոր…



 



Լավ էր` ննջարանի դուռը փակեց, եւ ես չլսեցի շարունակությունը, որ արդեն անգիր գիտեի:



 



- Եվ այսպես հասանք սեպտեմբեր` քաղաքական աշուն, որը թվում էր՝ թեժ չի լինելու: Բայց դա ձեզ էր այդպես թվում եւ ոչ անձամբ ինձ: Նույնիսկ մեր թիմը չգիտեր, թե ինչ է գալու իր գլխին, եւ ինչ դավեր էին նյութել մեզ համար աշխարհի մեծերը: Անկեղծորեն ասեմ` ես այդ ամենը ներս էի գցում, ձեզ ոչինչ չէի ասում, որ ինչքան հնարավոր է՝ երկարաձգեմ դեպի ԵՄ գնալու ձեր մտախաբկանքը: Բայց սեպտեմբերի 3-ին, ինչպես Զորի Բալայանն է գրել իր հայտնի նամակում, այլեւս լռել չէի կարող: Ես Մոսկվայում հայտարարեցի, որ գնում ենք դեպի Մաքսային միություն:  Դրա համար ներողություն եմ խնդրում բոլորից, անգամ իմ թիմակիցներից, ովքեր, բանից անտեղյակ, ինչ ստորացումներ ասես չեն տարել Եվրամիությանն ասոցացվելու մեր երեքուկեսամյա ճանապարհին:



 



Մեր այդ հայտարարության պատճառով Վիլնյուսում շատերն էին նեղացած: Նրանց թվում էր, թե մենք ճնշման տակ ենք նման որոշում կայացրել: Թեեւ դրա մեջ ճշմարտության մեծ հատիկ կար, բայց մեզ հաջողվեց արժանապատիվ կեցվածք ընդունել Վիլնյուսում եւ հավասարը-հավասարի հետ նկարվել ԵՄ մյուս առաջնորդների հետ: Դրանից հետո միայն նրանք մեզ խոստացան շարունակել Հայաստանի եվրաինտեգրումը, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում Մաքսային միությունը:



Խոհանոցի իրարանցումն ակնհայտ էր: Կինս հավն էր հանում ջեռոցից… ի՞նչ կա, կպռշկել ես հեռուստացույցին, առաջին անգա՞մ տեսար Սերժին…, քանի՞սն է ժամը, չուշանանք…



 



- Բոլորովին վերջերս ես Մոսկվայում համաձայնագիր ստորագրեցի այն մասին, որ… Հուսով եմ, որ մեր ժողովուրդն ըմբռնումով կմոտենա այս ամենին ու կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, եւ ինչու  մենք մի պահ մոռացանք 7 տոկոս առաջընթացի մեր խոստումները:



 



Խայտառակություն: Կտրել են նախագահի խոսքը, Հ1-ը պետք է լուծարել, ամենալավ տեղը կտրել են…



 



-  Վերջերս ակտուալ էր դարձել կառավարության հրաժարականի պահանջը: Ես ձեզ հասկանում եմ, դուք ասում եք` Տիգրան Սարգսյանը քանի՞ գլուխ ունի, որ Սերժ Սարգսյանի ասածը չանի: Բայց Սերժ Սարգսյանն էդ մարդը չի, որ իր չարածի համար մեղադրի ուրիշին: Ես մեր կառավարությանը ժամանակ եմ տվել` մինչեւ 2014 թվականի մարտ կարգի բերել թվերը եւ ապահովել բաղձալի 7 տոկոսանոց աճը: Այդ ծրագրի կատարումը, Ղարաբաղի հարցից հետո, մեզ համար երկրորդ տեղում է, կարող եք չկասկածել:



 



Բարձրացնելով այս բաժակը, սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ մաղթել…



 



- Նա՜ր, Նա՜ր, արի, հավը թող, արի…



 



- Շնորհավոր բոլորիդ Նոր տարին, թող 2014 թվականը լինի…



 



- Նոր տարիդ շնորհավոր, Նար ջան…



 



- Քոնն էլ…



 



Պաչ, պաչ, զընգ-զընգ…



 



Շնորհավոր բոլորիդ նոր տարին, ժողովուրդ ջան: Առողջ եղեք: Կնոջս ասելով` առողջությունից թանկ բան չկա…



 



Դե հիմա` հավ է, մի քիչ շուտ դնես սեղանին, մի քիչ ուշ, ի՞նչ նշանակություն ունի:



 



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ