Ո՞րն է ոչ իշխանական ուժերի օրակարգը

Ո՞րն է ոչ իշխանական ուժերի օրակարգը

Ինչպես եւ սպասվում էր, իշխող մեծամասնություն ՀՀԿ-ն  տապալեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի «ռազմավարական» ծրագիրը` գազի հետ կապված իշխանական հանցագործությունները բացահայտող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին: Արդյո՞ք այդպիսով նաեւ տապալվեց այս չորս ուժերի գործողությունների ծրագիրը, թե՞ ՀՀԿ-ի այդ քայլը կընդունեն որպես մարտահրավեր ու կանցնեն գործնական քայլերի:



 



Գործնական քայլերի թեման շատ ծանր էր չորս խմբակցությունների համար, պատասխան չունեին, ինչը  պատճառաբանվում էր հարցի դեռ չքննարկված լինելով: Բայց, անկախ քննարկումներից, այս հարցը թեւածում էր խմբակցություններում, եւ հստակ պատասխան չկար: Առանձին պատգամավորներ գտնում էին, որ հասունացել է կառավարության հրաժարականը պահանջելու հարցը, ոմանք այդ մասին չէին համարձակվում կարծիք հայտնել, քանի դեռ կուսակցական կոլեկտիվ որոշում չի կայացվել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ անձամբ ինքը կարծում է, որ կառավարության դեմ պայքարելու պահը հասունացել է, բայց քանի որ չեն քննարկել ֆրակցիայում, դրա մասին չեն խոսում այս պահին: Կարծում է, որ ԲՀԿ-ն այդ պահանջի շուրջ կհամախմբվի՞ առանց վերապահումների: «Կարծում եմ` այո»,- պատասխանեց արմատական ընդդիմության ներկայացուցիչը: ԲՀԿ-ում կարծում են, որ կառավարության հրաժարականի շուրջ համախմբվելն ընդամենը բարի կամքի, ցանկության հարց է:



 



Այսպես համարձակ հայտարարեց Աբրահամ Մանուկյանը, ով թերեւս կառավարության հրաժարականը շփոթեց իրենց  կուսակցական մորմոքի` Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ: ԲՀԿ-ն մյուս երեք ուժի հետ կմիանա՞  կառավարության հրաժարականի շուրջ: «Միանշանակ: Եթե ցանկություն, բարի կամք լինի, կարող են»: Ծառուկյանի բարի կա՞մքը նկատի ունեք: «Ծառուկյանի եւ ամբողջ ֆրակցիայի, քաղաքական որոշում պետք է կայացնել, անհատական ոչինչ չի լինի: Իսկ պահը հասունացել է, եթե հասունացել է, ուրեմն կկայացվի՝ կարծում եմ: Ընդհանրապես ամեն ինչ քննարկվում է Ծառուկյանի հետ: Եվ որոշումը կայացվում է թը-մո-վի.... էս պահին դեռ չկա ոչ մի բան, քանի որ քննարկման փուլի մեջ է»,-ասաց պատգամավորը:



 



ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հիշեցրեց նույն կառավարությանը 2 անգամ իրենց կողմից անվստահություն հայտնելու մասին. «Մենք դա արել ենք, այն ուժերը, որոնք նոր են ուզում անել, իրենց հարցրեք»: Կառավարության հրաժարականի շուրջ համախմբվելու հարցում դիրքորոշում հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը, ով ի սկզբանե էլ համոզված էր, որ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը դատապարտված է ձախողման. «Բայց, իհարկե, դա չէր նշանակում, որ չէր կարելի նման բան անել: Ուղղակի ռազմավարական առումով ժամանակն է, որ ընդդիմությունը պետք է պայքարի ոչ թե հետեւանքների դեմ, այլ այդ հետեւանքները ծնող պատճառների, եւ Հայաստանում չեմ կարծում, որ կա մի խելամիտ մարդ, ով չի գիտակցում, որ  Հայաստանի Հանրապետության այս ծանր սոցիալական վիճակը կառավարության ապաշնորհ ղեկավարման քաղաքականության հետեւանքն է թե գազի գնի, թե Մաքսային միության հետ կապված դրսեւորումներին, որի ականատեսը կլինենք մենք: Նկատի ունեմ նաեւ շեշտակի թանկացումները:  Վերցնել ռուսական տնտեսական համակարգի մաքսատուրքերն ու պարզապես տեղակայել մեզ մոտ, դա տնտեսության նկատմամբ բարբարոսություն է: Իսկ գազայինի ու կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները պետք է լուծել՝ միանգամից կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելով»:



Ըստ Քոքոբելյանի, հանձնաժողովները ձգձգման ճանապարհներն են ու պայքարի ոչ արդյունավետ եղանակը: «Կոչ եմ անում իմ ընդդիմադիր ընկերներին՝ միահամուռ Ազգային ժողովում հանդես գանք կառավարության հրաժարականի պահանջով»,- եզրափակեց արեւմտյան կողմնորոշում ունեցող պատգամավորը: Նկատենք, որ կառավարության հրաժարականի պահանջը ՀՀԿ-ական ֆրակցիայից շատերի սրտով է: Թեեւ ոչ մեկը նման համարձակություն չի ցուցաբերի, որ հրապարակավ հայտնի այդ մասին, սակայն երեկ ԱԺ-ում սպասումներ կային: Ակնարկներ եղան, թե ՀՀԿ գործադիր մարմնում կառավարության հարցը կշոշափվի, ինչն էլ կուրվագծի  հետագա գործընթացները, ինչու ոչ՝  նաեւ ոչ իշխանական ուժերի ռազմավարությունն ընդդեմ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության: Իսկ մինչ այս նրանց միավորող քաղաքական օրակարգ չկա: Նիստերի դահլիճում շարունակում են չարչրկվել արդեն վավերացված եւ ուժի մեջ մտած նույն ցավոտ թեմաները:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]