Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ եւ կասկածամիտ է դարձել

Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ եւ կասկածամիտ է դարձել

Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հարձակումից հետո, որը դեռ նախաքննության առարկա է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ եւ կասկածամիտ է դարձել:



Օրերս նա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Արման Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ վերջինս հաճախ է հայտնվում Ջիվանու փողոցում, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը, եւ որտեղ կանգնեցված է Բալասանյանի արձանը:



 



Արման Բաղդասարյանին ասվել է, որ նա ինչ-որ շատ է անցուդարձ անում Բալասանյանի փողոցով: Հիշեցնենք, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը: Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, եւ նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից մեզ հայտնեցին, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ: Պարզապես այս նույն փողոցում է բնակվում Արման Բաղդասարյանի աները: Արմանի՝ աշխատանքից ազատման հարցում դեր չի կատարել նույնիսկ այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է: