Որքա՞ն է շարունակվելու Մաքսայինի բլեֆը

Որքա՞ն է շարունակվելու Մաքսայինի բլեֆը

Փետրվարի 1-ին, թե 2-ին e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության 23.01.2014 N 61-Ն որոշումը, որը վերնագրված է «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության  եւ Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին»: Վերնագրում այնքան բառային ժանգլյորություն կա, որ ընթերցողների բացարձակ մեծամասնությանը կթվա, թե հրապարակվել է անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված  «О плане мероприятии («дорожнои карте») по присоединению республики Армения к Таможенный союзу и  Единому экономическому пространству республики Беларусь и республики казахстан и Яоссийской Федерации» փաստաթուղթը: Մինչդեռ հրապարակվածը, իհարկե, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը չէ:



 



 



Ի՞ՆՉ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ









Այն, ինչ հրապարակել է ՀՀ կառավարությունը, երկու կետից բաղկացած որոշում է` կից Հավելվածով եւ Հիմնավորմամբ: Հավելվածը 249 էջ ծավալով աղյուսակ է, բացկացած չորս սյունակներից` «Միջոցառման անվանումը», «Կատարողը», «Կատարման ժամկետը», «Փաստաթղթի վերջնական տեքստը», եւ կրում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ստորագրությունը:



 



«Հիմնավորումն» ավելի սերտ առնչություն ունի Մոսկվայում ստորագրված փաստաթղթին: Դա նույնպես աղյուսակ է` կազմված արդեն երեք սյունակներից` «Միջոցառման անվանումը», «Կատարողը», «Կատարման ժամկետը»: Այս փաստաթուղթը 117 էջ է եւ երկրորդ էջում կրում է նշում. «Հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2013թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ («Ճանապարհային քարտեզ») «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության»: Այս փաստաթուղթը չի կրում որեւէ ստորագրություն:



 



Մեկ անգամ եւս նայենք, թե ինչ է ստորագրվել Մոսկվայում «О плане мероприятии(«дорожнои карте») по присоединению республики Армения к Таможеннему союзу», եւ ինչ է թարգմանվել. «Միջոցառումների ծրագիր («Ճանապարհային քարտեզ»)… Հայաստանի Հանրապետության անդամակցության»: Կառավարության որոշումները վարչապետը կամ նախարարները գուցե չեն կարդում, բայց, գրողը տանի` որոշումների վերնագրերն է՞լ չեն կարդում: Ինչպե՞ս է присоединение-ն  թարգմանվել «անդամակցել» եւ կառավարության կողմից էլ հաստատվել: Եթե վերնագրում присоединение-ն խեղաթյուրվում-վերածվում է членство-ի, ապա պատկերացնել կարելի է, թե մնացյալ տեքստն ինչպես է խեղված: Բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ չկա բուն Որոշումը, այն փաստաթուղթը, որը կրում է Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի ստորագրությունները:



 



 



Ի՞ՆՉԸ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ






Բնական է, որ հետաքրքրության առարկան հենց Մաքսային եռյակի ղեկավարների ստորագրությունները կրող եւ չհրապարակված փաստաթուղթն է, քանի որ եթե Մաքսայինի ողջ աժիոտաժը լոկ աղմկարարություն չէ, եթե թեկուզ տեսականորեն հնարավոր է, որ ՄՄ-ն արդեն 2014-ին չփլուզվի, եւ Հայաստանն էլ միանա դրան, ապա որոշակի հանգրվաններ եւ ժամկետներ պետք է նախատեսվեն այդ գործընթացի համար: Իսկ ժամկետները եւ հանգրվանները սպասելի է, որ արտացոլվեն ստորագրություններ կրող որոշման մեջ, ոչ թե կից հավելվածներում: Ամեն պարագայում` թարգմանված հավելվածում դրանք չկան:



 



Ինչո՞ւ չի հրապարակվում բուն Որոշումը: Շատ պարզ: Դա իրավասու է հրապարակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ոչ թե Հայաստանը: Հայաստանի ստորագրությունն այդ փաստաթղթի ներքո չկա: Հետեւաբար, երբ Հայաստանի պաշտոնյաներն սկսեցին դատարկախոսել, թե իրենք դեկտեմբերի 24-ին ընդունված «Ճանապարհային քարտեզը» կհրապարակեն, սպորտային հետաքրքրություն ծնվեց, թե դա ինչպես պետք է անեն: Հայաստանն ինչպե՞ս կարող է հրապարակել թուղթ, որի ներքո չկա իր ստորագրությունը: Ի վերջո, ինչպես տեսանք, Որոշումը չհրապարակվեց, այլ հավելվածը թարգմանվեց: Ընդսմին, ամենքն էլ հիշում են, որ 2013-ի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում էր նաեւ Սերժ Սարգսյանը, եւ մի թղթի ներքո էլ ինքը ստորագրեց: Հետո պարզվեց՝ դա էլ Հայտարարություն է: Այժմ խնդիրն այն է, որ այդ Հայտարարությունն էլ չի հրապարակվում, ինչն արդեն կատարելապես անհասկանալի է:



 



Պարզ է, որ միջպետական հարաբերություններում արժեք ունեն լոկ միջազգային պարտավորություններ առաջացնող փաստաթղթերը, որը նախաստորագրում կամ ստորագրում է երկիրը: Մնացյալ աղմուկը, մեդիա հրապարակումները, պաշտոնյաների հայտարարությունները գրոշի արժեք ունեն: Իսկ Մաքսայինի թեմատիկայով ողջ  աղմկարարության մեջ վերջնահաշվում Հայաստանի, ավելի ստույգ` Հայաստանի նախագահի ստորագրությունը դրվել է ընդամենը երեք Հայտարարության ներքո, ինչն իրավական առումով որեւէ պարտավորություն չի ստեղծում, ոչինչ չի նշանակում եւ ոչինչ չարժե: Այժմ հարցն այն է, թե այս իմիտացիոն գործընթացը որքան է  շարունակվելու: Թե՞ կարող է մի պահի Հայաստանի համար իրոք պարտավորություններ ու հետեւանքներ ծագեն: Սա է խնդիրը եւ սա է, որ չի հասկացվում` առանց Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի ստորագրություններով Որոշումը տեսնելու: Թեեւ, դատելով նրանից, որ հենց Ռուսաստանը չի հրապարակում 2013-ի դեկտեմբերի 24-ի Որոշումը եւ Հայտարարությունը, երեւում է՝ իմիտացիայի կարիքը նախ Մոսկվան ունի:



 



 



ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ









Ամեն պարագայում, ներկա պահին ունենք այն, ինչ ունենք: Ունենք «ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐ («Ճանապարհային քարտեզ») «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության», որը գրվել է Մաքսային եռյակի 2013-ի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից եւ ուղղակի անհաջող պլագիատ, հայերեն բառով` գրագողություն է ԵՄ Ասոցացման համաձայնագրերից:



 



Մաքսայինի 5 հոգուց կազմված աշխատանքային խումբն առաջին եւ գուցե վերջին անգամ հանդիպել է 2013-ի դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում, եւ թերեւս, որպեսզի մեդիա աղմուկն ապահովվի, դեկտեմբերի 24-ին Մաքսային եռյակն ինչ-որ թղթերի տակ խզմզի եւ հնարավորություն տա Հայաստանի` Մաքսայինին միանալու թեման մեդիա դաշտում պահելու, բառացիորեն վերցվել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի երկրորդ` Հավելվածների բաժինը, եւ արտագրվել են ոլորտները` ֆիտո-սանիտարիայից մինչեւ մտավոր սեփականություն: Սակայն, քանի որ բովանդակային առումով Ռուսաստանը նույնքան կարող է մոտենալ կամ համեմատվել Եվրոպայի իրավական դաշտի եւ կանոնակարգերի հետ, որքան ռուսական «Վոլգան»՝ «Բենթլիի» կամ «Լամբորջինիի»,  կազմված Ճանապարհային քարտեզը քիչ է, որ կառուցվածքային գրագողություն է, ստացվել է նաեւ խեղկատակություն:



 



 



Չկան սկզբունքներ եւ դրույթներ, որոնք Հայաստանը պետք է ընդունի: Միայն ամեն բաժնում` Մաքսային, Ֆինանսական, Մակրոտնտեսական, Ֆիտո սանիտարական եւ այլն, մի չորս-հինգ գործընթացի կամ փաստաթղթի անվանում է թվարկված (յուրաքանչյուրի վերնագիրը՝ մինչեւ 15-20 տող), որոնց  շուրջ Հայաստանը պիտի աշխատի: Մի դեպքում Հայաստանը պետք է ցանկ սահմանի, մյուս դեպքում` ցանկ արդիականացնի, երրորդ դեպքում՝ տեղեկանք կազմի, չորրորդում` իրավական ակտ մշակի, հինգերորդում` պահանջներ մշակի, վեցերորդում` գործընթաց վերլուծի, յոթերորդում` վիճակ վերլուծի, հետո` ուսուցում կազմակերպի, հետո` կլոր սեղան անցկացնի… եւ այդպես շարունակ: Այսինքն, իրերն իրենց անունով կոչելիս` թուղթ մրոտի եւ ջուր ծեծի:



 



 



Իսկ ժամանակը, թե երբ պետք է վերջապես ՄՄ-ին Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիր ստեղծվի եւ ստորագրվի, բառ անգամ ասված չէ: Եվ Հայաստանի կառավարության թիվ 61-Ն որոշման շուրջ 400 էջ ծավալի միակ ուշագրավ կետը սա է: Հենց սա եւ ուրիշ ոչինչ: Չէ՞ որ ամենքին է տեսանելի, որ Մաքսային միության կյանքը մինչեւ առաջիկա մայիս է, երբ պետք է ստորագրվի իբր Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթը: Այդ փաստաթղթի անգամ կեսն էլ դեռ պատրաստ չէ, մինչդեռ Ուկրաինայի զարգացումներն սպառնում են Մոսկվայի մաքսային հավակնություններն ուղղակի հուղարկավորել: Այլեւս չասած, որ եթե Սոչիի օլիմպիադայի ահաբեկչությունները, Աստված մի արասցե, իրականանան, դրանք արդեն շատ երկար ժամանակով տապանաքար կդնեն Պուտինի բոլոր միջազգային նկրտումների վրա: 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]