Է՜, ցավն ընկավ, որ ձեր նախագահը, ձեր հույսը ինքն է…

Է՜, ցավն ընկավ, որ ձեր նախագահը, ձեր հույսը ինքն է…

Կոնդի բողոքող քաղաքացիներից  մեկն էլ՝ նախագահին սպասելու ճանապարհին, բարձրաձայնում է. «Պիտի գնանք Մասկվայի դեմը, ասենք՝ կառավարությունը մեզ խաբում ա»: Արթին պապի օրին իմ խաբված ու միամիտ ժողովուրդ ջան: Էլ մեր իշխանությունից հույս չունեցող ժողովուրդ ջան, ինչքա՜ն եք ձեր հույսը կտրել, որ Մասկվայի ոտն եք գնում: Ում ոտ էլ գնաք, ձեզանից ավելի ուժեղ չի, ուժը ձեր մեջ է, էշի վրա նստել, էշին եք ման գալիս: Տնից զրկված մի քաղաքացի էլ ասում է. «Ու՞մ մոտ գնանք բողոքելու՝ Ամերիկայի պրեզիդենտի՞, 7 տարի է՝ անտուն ենք, վարձավճարներն էլ չեն տալիս»: Մեկն էլ, որ այդ սպասումի տարիներին հասցրել է ծերանալ, ուզում է ծերանոց գնալ, հազար դոլար են ուզում, որ ընդունեն: Էս էլ մեր գթասիրտ հաստատությունները: Ու բոլորը միասին գոռում- աղմկում են՝ ոչ Հայաստան ա մնացել, ոչ՝ հայ: Մի բարձր նոտա էլ անընդհատ հնչում է՝ կրոնափոխ լինե՞նք: Հնդիկին, արաբին, պարսիկին են տները տալիս, մեր տներն առել, նրանց են տներ տալիս:



Երբ նախագահը մոտեցավ բողոքող քաղաքացիներին, ասացի՝ էսա հա՜, հարցը հասցեատիրոջը գտավ: Քաղաքացիներից մեկը, որ ներկայացնում է իրենց պահանջը, ասում է, որ հայտնվել են ողորմելի վիճակում, բարձրագույն կրթությամբ եթիմ են դարձել, որ Կորեայի որբերից բեթար վիճակում են, հետո ուզում է  վարձավճարներից հետո անցում կատարել տների հարցին, նախագահն ասում է. «Մի րոպե, մի րոպե, եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»: Նույն ձևով վարչապետը կարող էր ասել. «Մի րոպե, մի րոպե, եթե ես եմ վարչապետը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»: Նույնը կարող են ասել նաև նախարարները, Երևանի քաղաքապետը. «Մի րոպե, մի րոպե, եթե ես եմ նախարարը կամ քաղաքապետը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»: Է՜, ցավն ընկավ, որ ձեր նախագահը, ձեր հույսը ինքն է…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ