Ուխտագնացություն դեպի երկինք

Ուխտագնացություն դեպի երկինք

Վաղամեռիկ տաղանդավոր արձակագիր Ռուբեն Ֆիլյանի որոշ գործեր համացանցում տեղադրելուց եւ տարածելուց հետո նրա արվեստի հանդեպ հետաքրքրություն է առաջացել, որի համար անչափ ուրախ եմ: Ռուբեն Պարգեւի Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին: 1969-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ այն ավարտել 1974-ին։



Գրել է դեռեւս ուսանողական տարիներից։  Աճյունն ամփոփված է Երեւանի Զեյթուն թաղամասի գերեզմանատանը։ 1992 թվականին նրա հոր՝ Պարգեւ Ֆիլյանի հովանավորությամբ Երեւանի «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը։  Բանաստեղծ Արմեն Շեկոյանի «Ուխտագնացություն դեպի երկինք»  վերնագրով առաջաբանում կարեւորվում եւ արժեւորվում է վաղամեռիկ արձակագրի գրողական ինքնատիպ տաղանդը, յուրահատուկ ոճը, ճշմարիտ արվեստագետի հավատամքը։



 



Ստորեւ ներկայացնում ենք Արմեն Շեկոյանի առաջաբանը` շնորհակալություն հայտնելով նրան բնագիրը տրամադրելու համար:



 



Արամ ՊԱՉՅԱՆ



 



Դժվար է գրել Ռուբեն Ֆիլյանի մասին, բայց անհրաժեշտ է, անհրաժեշտ է առաջին հերթին հենց մեզ: Համոզված եմ, որ իր մասին շատ շատերն են գրելու, մանավանդ՝ սույն գիրքն ընթերցելուց հետո: Կգրեն գրողներն ու քննադատները, արվեստագետներն ու արվեստաբանները, բայց, համոզված եմ, բոլորն էլ կդժվարանան ընդհուպ մոտենալ բուն ՌՈՒԲԵՆ ՖԻԼՅԱՆԻՆ, նրան, ով, ընդամենը երեք տասնամյակ ճաշակելով կյանքի քաղցրադառնահամ պտուղը, հույժ հանկարծակի հեռացավ մեզնից՝ մեզ ընծայելով իր անզուգական գոյության անկրկնելի առասպելը:



 



Գրող էր ծնվել, բայց գրողների հետ հազվադեպ էր առնչվում, քանզի ատում էր գրքայնությունն ու հույժ խորհրդայնացված գրող-գրող խաղը: Իր ընկերական մեծ շրջապատի անդամները հիմնականում նկարիչներ էին, դերասան-ռեժիսորներ. նրա բազմախորհուրդ հոգին մատչելի էր միայն նրանց, ում համար հատկապես եւ առաջին հերթին էր կարեւոր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կարգախոս-տեսլականը:



Գրող էր ծնվել, բայց ոչ երբեք խորհրդային հասարակարգում ապրել-ստեղծագործելու համար: Այդ հասարակարգում առաջ գնալու, պաշտոնների հասնելու բյուր հնարավորություններ ուներ, բայց այդ հնարավորություններից վայրկյան իսկ չօգտվեց, զի ողջ հոգով էր ատում սուտը, կեղծիքը, սին փառքն ու սնապարծությունը:



 



Գրող էր ծնվել, բայց մեզնից շատ էր տարբեր: Ատում էր գրքայնությունն ու գրքամոլությունը, բայց ստիպված էր գրել, որովհետեւ իր համար ամենագլխավոր ԲԱՆՆ էր: Թվում էր, թե լավ իմացել ու ճանաչել եմ իրեն, բայց, կարդալով այս գիրքը, նոր միայն հասկացա, որ ինքը մեզնից առաջինն էր, որ փորձեց մոտենալ ու ճանաչել Աստծուն. ինքը ամենաջահել տարիքում փորձեց այդ անել:



Գրող էր ծնվել, բայց ահավոր կարճ ապրեց: Ճիշտ է, հասցրեց ճակատագրով իրեն բաժին հասած ժամանակը լցնել իր ամբողջական ինքնությամբ ու անկրկնելի կենսագրությամբ, բայց գրողի իր ասելիքը դաժանորեն կիսատ մնաց:



Իրեն հավերժորեն հուզող կենաց ու մահվան փիլիսոփայության մեջ շատ էր խորացել ու առաջացել եւ հույս չուներ իրեն անվերջ ուղեկցող բարդագույն հարցերի պատասխանները մեզնից ստանալ: Նա հեռացավ՝ երկնի անհունում փնտրելու ամենայն պատասխան:



 



Արդեն մեկ տասնամյակ է, ինչ նա լքել է մեզ: Ահավոր կարճ ապրեց, եւ ուշացումով լույս տեսնող այս գիրքը դժվար թե լիակատար մխիթարանք հանդիսանա ծնողների, հարազատների ու մտերիմների համար, քանզի այս գիրքը նրա հոգու արտացոլանքն է լոկ:



 



Բայց… նա մեծ մխիթարանք է, քանզի այս էջերից մեզ տեսանելի է դառնում անկրկնելի Ռուբոյի անզուգական հոգու ճախրանքը:



Արմեն ՇԵԿՈՅԱՆ