Ախր Հրայր ջան, բան անողը այազ- բայազ չի անում…

Ախր Հրայր ջան, բան անողը այազ- բայազ չի անում…

 



Ինչքան մտածում եմ, նախագահին պիտի խնդրենք, աղաչանք- պաղատանք անենք, որ մեր նախարարներից որևէ մեկին հանկարծ գործից  չհանի: Նախարարները թող մնան իրենց դիրքի ու չափերի մեջ: Թե չէ ում հանեց, մի երկուսին շարելու են: Ոնց որ նոր-նոր եմ սկսում գլխի ընկնել, թե ինչու մի հանգիստ, համեստ մարդու պաշտոն չեն տալիս: Դպրոցում էլ է այդպես. երբ մի աշակերտ շատ անկարգապահ է լինում, նրան ավագ են դնում, որ խելքը գլուխը հավաքի: Որ ավագ չլինի, կտա, ջարդուխուրդ կանի բոլորին: Հրայր Թովմասյանը ձեզ օրինակ: Լսենք նրան. «…Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»: Ղալաթի ու չաթլախի մասով խմորը դեռ ջուր է տանում: Առայժմ Հրայր Թովմասյանը նախարար է, ձայն չի հանում, բայց հենց նախարար չեղավ, ձայնը դուրս կգա, թե ինչ է արել Արմեն Ռուստամյանի հետ:



Ախր Հրայր ջան, բան անողը այազ- բայազ չի անում: Հենա, ողջ Հայաստանն իմացավ, որ Արմենի մի մազն էլ պակասեց, քեզանից են ուզելու: Դու ասում ես՝ մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում… Համաձայն եմ, բայց մեր իրականության մեջ նման բաներն անշշուկ են արվում: Հետո էլ ասածիդ մեջ ոչ թե վիրավորանքի, հայհոյանքի տարրեր կան, այլ ավելի լուրջ, քրեական հայտարարության շեշտեր եմ տեսնում, որը կարծում եմ, արդարադատության առաջին դեմքի համար հակացուցված պիտի լինի: Վերջում դառնանք ու նորից խնդրենք նախագահին, որ մեր նախարարներին լավ աչքով նայի, թե չէ հանեց, վայն եկել ու մեզ տարել է:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ