Պատմում են Վովայի մասին

Պատմում են Վովայի մասին

 



Երեկ հայրենակցիս հետ էի զրուցում, ով լավ էր ճանաչում ոստիկանապետին: Ի աչքալուսանք ինձ՝ ասաց, որ մի թաքուն տեղ գորիսեցիները պիտի պար գան, որ ոստիկանապետն էլ է գորիսեցի: Հետո քարահունջի օղի առաջին անգամ խմողի պես դեմքը ծամածռեց ու ասաց. «Շուն, գել մերն ա, պիտի պաշտպանենք»: Ասաց ու մի այնպիսի խորհրդանշական հայացքով ինձ նայեց, կարծես ռենտգենյան ճառագայթի զամենիծել լիներ, բայց երբ տեսավ, որ ճառագայթը չի ներթափանցում, մի տեսակ զինաթափվեց՝ բայց տի՜պն ես… Հետո ի լրումն իր ասածի, մի հետաքրքիր դրվագ ներկայացրեց: Իբր Վովային հարցրել են, հարցնողի անունն էլ ասաց, չեմ գրում.



-Ճի՞շտ է որ գորիսեցի եք:



Վովան պատասխանել է.



-Հա, կյուրուսեցի եմ, կյազարն էլ կռնըտակավս եմ սիրփում:



Գորիսի շրջանի յուրաքանչյուր գյուղ հայտնի է մի բանով, Քարաշեն գյուղն էլ հայտնի է իր գազարով: Ոստիկանապետի հայրը՝ ըստ պատմողի, Քարաշեն գյուղից է: Մի հետաքրքիր բան էլ պատմեց: Պարզվում է, որ ոստիկանապետը սկզբից ընդունվել է թատերական ինստիտուտ: Հավաստիացրեց, որ նա եղել է թատերականի լավագույն ուսանողներից: Նույնիսկ տաղանդավոր ասաց: Թատրոնում էլ է աշխատել,- տեսնելով զարմանքս,- կամեցավ ավելի զարմացնել:



Վա՜յ Վովա, Վովա… Ես էլ ասում եմ՝  երբ նա խոսում է, ինչու՞ եմ թատրոն նայելու հուզականությամբ նստում հեռուստացույցի դեմը ու չեմ ուզում հեռանալ, մինչև ներկայացումը չավարտվի: Ախր խոսքն այնքան պաթետիկ հնչեղություն ունի, շարժումներն այնպես արտիստիկ են, որ միշտ զարմանք էր հարուցում: Երբ վերջում հարցրի՝ ճի՞շտ է, որ նա այդքան հավատում է Աստծուն: Այդ հարցիս վրա հայրենակիցս ոնց որ թե վիրավորվեց.



-Զեմլյակ, ա՜յ դա չպիտի ասեիր:- Վովայի նման հավատացյալ մարդ դժվար թե գտնես:- Ինքը սուտի հավատացողներից չի, իսկական հավատացյալ է:



Երբ ասացի՝ ի՜ լավ է, հայրենակիցս լրիվ հասկացավ ինձ.



-Ջանիտ մատաղ նրա ծերքին հինչ կա, հինչ ասում են, անումա… Մինն էլ պիտի Վովային պաշտպանի էն տիյերի /վերևի/ կյուրուսիցեներից /գորիսեցիներից/…



ՀԳ Զրույցը ներկայացնում եմ առանց տառափոխության՝ սեփական տեսակետս չհայտնելով: Չիմանաք, որ զեմլյակներիս եմ պահում, ինչքան մտածում եմ, ոչ հորս կողմով են բարեկամ, ոչ մորս…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ