Տերերը դուրս են պրծնում, ենթակաները ընկնում

Տերերը դուրս են պրծնում, ենթակաները ընկնում

Հեշտ չէ  արձագանքել «Հարսնաքար»-ի դատավճռին:  Կարծում եմ՝ ամբաստանյալի հարազատներից բացի, ում էլ հարցնես, կասի՝ մեղմ էր, շա՜տ մեղմ: Նման պարագայում ինչու՞ ամբաստանյալների հարազատները նման վարքագիծ դրսևորեցին: Կասեք՝ բնական է, ծնողներ էին, այդպիսի արձագանք էլ պիտի լիներ: Ա՜յ հենց այդտեղ սխալվում եք: Էլ ավելի վատթար դատավճիռների դեպքում ականատես եմ եղել, թե ամբաստանյալի մայրը ինչպես է ամաչում նայել դատարանի դահլիճին, ինչպես է ինքն իր զգացումները զսպում ու մի թաքուն անկյուն գտնելով լաց լինում:



 



Այդպիսի մի մոր երբ մոտեցա, ասաց՝ ես ամաչում եմ իմ որդու համար, բայց ինչ անեմ, սիրտս մղկտում է: Ես սփոփում էի հանցագործի մորը, ում տղան նույնպես մարդ էր սպանել: Հազիվ էի զսպում ինձ, չմոտենալու մարդասպանին, ով աղի արցունք էր թափում ու դատարանին խնդրում, որ իրեն ավելի խիստ պատժեն: Մարդասպանի հոգեբանական վիճակն ինձ ցավ էր պատճառում, ու ես մարդկայնորեն զգում էի նրա ցավը: Այո, կարելի է խղճալ նաև նման իրավիճակում հայտնված մարդուն, երբ նա դա արել է ոչ կանխամտածված: Երբ  առաջին հարվածից հետո ուշքի է եկել ու զղջացել…



 



Իսկ Վահեի դեպքում մարդասպանները նույնիսկ իրենց վերջին խոսքում չեն զղջում, չեն ընդունում իրենց մեղքը, իսկ նրանց մայրերը մեղադրում են բոլորին, բայց ոչ իրենց որդիներին ու մեղքի տիրոջը: Մայր, որ թեկուզ ճաղերի ետևում, բայց միշտ կարող է տեսնել, զրուցել իր որդու հետ, իսկ դաժանաբար խոշտանգված ու ապանված Վահեի մայրն ի՞նչ ասի: Հանցագործների մայրերը գեթ մի րոպե մտե՞լ են Վահեի մոր, ընտանիքի վշտի մեջ: Եթե մտած լինեին, նման վարքագիծ չէին դրսևորի: Ամբաստանյալների հարազատների հիստերիան վկայում է, որ նրանք նման դատավճռի չէին սպասում, որովհետև այդ մեղքը տեր ուներ և դա Ռուբեն Հայրապետյանն էր: Այդ տերը նրանց հույս է տվել, այդ տերը նրանց աչքում այնքան հզոր է եղել, որ նման վերջաբանի չէին սպասում: Հարազատները դեռ հույս ունեն հետագայի մասով, այդ պատճառով  մեղքի տիրոջ վրա դուրս չեն գալիս, մեղադրում են բոլորին, բացի իրենց որդիներին մեղքի մեջ գցողին: Իսկ ամբաստանյալները մինչև վերջ մեղքը վիզ չեն առնում, որովհետև իրենց տիրոջ կամքն է, դեռ հավատում են նրան, չհասկանալով, որ իրենց տերը վաղուց ապահովագրել է իրեն՝ իրենց կյանքերով: Եվ իրենց չզղջալով, մեղքը չընդունելով հանրության աչքում էլ ավելի վատ վիճակում են հայտնվում ու մոռացության է մատնվում իբր թե զղջացած իրենց տերը: Այդպես է կյանքը. տերերը դուրս են պրծնում, ենթակաները ընկնում: Այդ առումով դատավճիռն ինձ չի բավարարում ու համոզում:



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ