Դա հանցանքից էլ վատ էր, դա սխալ էր

Դա հանցանքից էլ վատ էր, դա սխալ էր

Սա դիվանագիտության աշխարհում ամենահայտնի մարդու` Շարլ Մորիս դը Թալեյրանի  հայտնի ասույթներից մեկն է: Այդ բառերը նա ասել է որոշակի մի իրադարձության կապակցությամբ, երբ Բոնապարտի հրամանով մահապատժի են ենթարկել Բուրբոնների արքայատան ազգականներից մի երիտասարդ դուքսի: Բառերը թեւավոր խոսքի են վերածվել իրենց խորիմաստության շնորհիվ եւ համարյա կորցրել են կապը դուքսի մահապատժի կամ հիշատակի հետ:



 



Նախագահ Սերժ Սարգսյանի արտառոց հայտարարությունն անցյալ շաբաթ ՌԴ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի մասին միջազգային ասպարեզում այնքան ուշադրություն գրավեց, որ Սարգսյանին կարելի է շնորհավորել համարյա սեուլյան ցողունաթերապիայի իր անշլագը կրկնելու առթիվ: Բայց եթե ցողունաթերապիան ընդամենը թեթեւամտություն էր, որի վրա Հայաստանում ծիծաղեցին, ՌԴ նախագահի հետ խոսակցության մասին տարածած հաղորդումը Թալեյրանի մատնանշած սխալներից էր:



 



Նշանակություն չունի, թե իրականում Սարգսյանը Պուտինի հետ ինչ է խոսել կամ չի խոսել, նշանակություն չունի եւ այն, որ հաղորդագրությունը թերեւս գրված է եղել ռուսերեն լեզվով, հետո թարգմանվել է ռուսերենից հայերեն եւ ռուսերենից անգլերեն (թարգմանչական տարբերություններից դա երեւում է): Նշանակություն չունի նույնիսկ այն, որ ՌԴ նախագահը, պատմաբանների ասելով, Գեբելսին զիջում է հիստերիաներով, բայց անսեթեւեթ ստի վրա կառուցվող քարոզչությամբ հասել է նրան, եւ նույնիսկ անցնում է: Գեբելսն է ասել. «Բոլորովին էլ անհնար չէ մարդկանց հոգեբանորեն ճանաչելով եւ նույն բանը բազմիցս կրկնելով նրանց համոզել, որ քառակուսին շրջանաձեւ է»: Սակայն չգիտես՝ Երրորդ Ռեյխի գործիչները եթե լինեին ներկայիս համացանցի պայմաններում, կհամարձակվեի՞ն նախագահ Պուտինի նման զանգահարել, դիցուք, Հնդկաստանի վարչապետին, հետո զրույցի մասին հաղորդել մի բան, որը լիովին հակասի խոսակցության բովանդակությանն ու պատկերին, որ վարչապետը կներկայացնի իր կայքում: Ու նույնկերպ աղավաղել այլ ղեկավարների հետ խոսակցությունների բովանդակությունը:



 



Այդ ամենն աշխարհը գիտի, բայց դա չի փրկում Սերժ Սարգսյանին իր նստավայրի տարածած հաղորդագրության եւ ձեւակերպման համար պատասխանատվությունից. «Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»: Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է, որ ՀՀ նախագահի կայքը ոչ վերլուծաբանի բլոգ է, ոչ սոցիալական ցանց, ոչ էլ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ:



 



Մի շատ օրինաչափ հարց. եթե Ղրիմի պսեւդո-հանրաքվեն կազմակերպեին ոչ թե Ղրիմի ռուսները, այլ Ղրիմի թաթարները, նույնկերպ օգնության համար դիմեին Էրդողանին, նա էլ «կանաչ մարդուկներին» ուղարկեր, օրինական իշխանությանը հեռացներ, հետո տասն օրում իբր հանրաքվե կազմակերպեր, որին թաթարները եւ ուկրաինացիները մասնակցեին եւ մի 90 տոկոսով, տեղ-տեղ 100 տոկոսից ավելի ձայներ տալով որոշեին, որ միանում են Թուրքիային,  այդ դեպքում Սերժ Սարգսյանը նորի՞ց կհամարեր եւ ի լուր աշխարհի կհայտարարեր, թե ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունք է իրացվել` այն էլ ազատ կամարտահայտությամբ: 



 



Իմիջիայլոց, վախենամ՝ շուտով հենց այդ փակուղու առջեւ էլ կանգնի Սերժ Սարգսյանը, որովհետեւ Ղրիմի թաթարները հայտարարել են, որ պատրաստվում են հանրաքվե անցկացնել՝ իհարկե, Ուկրաինայի կազմում մնալու օրակարգով:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]