Նոր կառավարության կերպարն այսօր կամբողջանա

Նոր կառավարության կերպարն այսօր կամբողջանա

Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորումը դանդաղ տեմպերով, բայց առաջ է ընթանում: 9 նախարարի պաշտոն դեռ թափուր է: Սրանք այն բարդ տեղերն են, որոնք Սերժ Սարգսյան-Քոչարյան նախընտրությունների բախման կետում են: Անշուշտ, պետք է հաշվի առնվեն նաեւ Արգամիչի ցանկությունները, եւ կողմերը պետք է փոխշահավետ լուծման հանգեն: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասին ասում են, որ նա չի հեռանա, բայց կտեղափոխվի: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւս վտանգի տակ է, չնայած բոլորը նշում են, որ նա ամենաստորին օղակից աճել-հասել է նախարարի պաշտոնին եւ այս ոլորտի պրոֆեսիոնալներից է: Նրա համար իսկական փորձություն դարձան կենսաթոշակային բարեփոխումները, եւ այժմ նրա պաշտոնավարման նպատակահարմարությունն է քննարկվում:



 



«Բազարի» առարկա են բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները: Այս ոլորտները պետք է ղեկավարեն այն ունիվերսալ դեմքերը, որոնք երկրի ռեսուրսների առուծախի հարցում երկու կողմի համար էլ խնդիրներ չեն ստեղծի: Բնապահպանության ոլորտի ղեկավարի հարցը նախարարությունում արդեն լուծված են համարում՝ կիսով չափ դաշնակցական, կիսով չափ հանրապետական Արամայիս Գրիգորյանին է այն բաժին հասնելու, իսկ էներգետիկայի համար գլուխ է ջարդում ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Վարդան Այվազյանն Արգամիչի «դաբրոն» ստացել է, մնացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հարցը եւս լուծված է համարվում. այս պաշտոնը բաժին է հասնելու քոչարյանական  քվոտային՝  ի դեմս ծառուկյանական որեւէ թեկնածուի:  Ֆինանսների նախարարը՝ նախկին վարչապետի սանիկը, արդեն հեռացած կլիներ, եթե կառուցվածքային փոփոխությունները չհայտնվեին նոր կառավարության օրակարգում: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե նոր կառավարությունում Պետեկամուտների կոմիտեն ու ֆիննախը միավորվում են, մաքսային ծառայությունն էլ դառնալու է առանձին կառույց: Նման փոփոխություններ հնարավոր է լինեն նաեւ այլ գերատեսչություններում: ՊԵԿ-ֆիննախ միավորման հեռանկարի դեպքում նորաստեղծ կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն համարվում է ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Եթե գործընթացն առաջ գնա, Դավիթ Սարգսյանը կվերանշանակվի եւ կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչեւ ավարտվեն  միավորման աշխատանքները:



 



Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ ինքը նման փոփոխության մասին չի լսել, հավաստիացրեց, որ այդպիսի հարց չի քննարկվել: Սաֆարյանի զգուշավորությունը համակարգում բացատրում են նրանով, որ վերջինս էլ ձեռքերը ծալած չի նստել եւ ֆիննախի պաշտոնի համար միջոցներ է ձեռնարկում: Իհարկե, նա ժխտում է դա՝ նշելով, թե ինքը նման ձգտումներով աչքի չի ընկել: Քոչարյան-Սարգսյան կառավարության «շենքում» դեռ բաց է արդարադատության եւ կրթության նախարարների հարցը: Հատկապես ՀՀԿ երիտգվարդիայի «ճարտասան» Արմեն Աշոտյանի հարցն է առկախված: Աշոտյանը ծառուկյանական թեւում անցանկալի անձ է համարվում, նրա գոյությունն այս կոալիցիայի շրջանակում չեն հանդուրժում: Արգամիչը նրան ուզում է փոխարինել ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանով: 



 



Խոսվում է, որ եթե համաձայնության չգան, ապա Աշոտյանին կգործուղեն որեւէ եվրոպական կառույց: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կերպարանափոխությունը բացասաբար ազդեց իր նախարարական կարիերայի վրա, եւ դեռ չեն կողմնորոշվում՝ վերանշանակել, թե ոչ: Եվ, վերջապես, գյուղնախարարի հարցը: Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյան-Սերգո Կարապետյան բիզնես կապերը՝ շատերը վստահեցնում են, թե Սերգո Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն նրանց մերձավոր շրջապատում ասում են, թե նրանց հարաբերություններն «այն» չեն, եւ Արգամիչը հակված է նրան փոխելուն: Եվ քանի որ մեկ այլ հարց էլ է կանգնած՝ Լիսկային՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունյաց մարզպետի աթոռին վերադարձնելու հարցը, ուստի Արգամիչը մտադիր է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին բերել նախարարություն եւ այդպիսով լուծել բոլոր հարցերը: Վերոնշյալ բոլոր ցանկություններն ու մտադրություններն ի մի կբերվեն այսօր, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որտեղ կառավարության նոր կազմը վերջնական տեսքի կգա:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]