Նախկին պատգամավորը սպառնում է կուսակցապետին

Նախկին պատգամավորը սպառնում է կուսակցապետին

Երիտասարդ Արկադի Կիրակոսյանին, ով նաեւ «Հզոր ապագա» անունով կուսակցության ղեկավարն է, արդեն մի քանի օր է՝ սպառնում են: Սպառնացողը՝ ոչ ավել, ոչ պակաս, Սերժ Սարգսյանի ձեռամբ «կենդանացած» Արտաշես  Գեղամյանի կուսակիցն է, Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր Արա Սիմոնյանը՝ «Ազգային միաբանություն»-ից: Նորաթուխ կուսակցապետի նկատմամբ սպառնալիքները ոչ թե քաղաքական, այլ կենցաղային հողի վրա են: Սակայն վիճակն այնքան լուրջ է, որ Արկադի Կիրակոսյանը նախօրեին ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նամակ գրել դատախազության էլեկտրոնային փոստին: Բայց դրանից Արկադին իրեն ապահովված չի զգում, ասում է, որ իրեն ոստիկանությունում «կտրոն» չեն տվել, որ իր դիմումն ընդունված է. «Ասեցին՝ գնա, մենք քեզ տեղյակ կպահենք»:



 



Իսկ ամեն ինչ սկսվել է այս տարվա փետրվարից, երբ Արկադին «խոպանից» պայմանները լավացած վերադարձել է եւ փորձել «գործ դնել» հայրենիքում. «Երկու տարի գտնվել եմ ՌԴ-ում, որտեղ կարողացել եմ հայ համայնքի հետ շփումների արդյունքում մեր երկիր բերել ներդրումներ: Փետրվար ամսին փորձեցի վարձակալել գեղեցկության սրահ, որի դիմաց վճարել եմ երկու ամսվա վարձավճար: Ելնելով մի շարք հանգամանքներից, սակայն, վարձատուին տեղեկացրի վարձակալումից հրաժարվելու մասին»: Բայց վարձակալողը չի ցանկացել այդքան հեշտությամբ ձեռքից բաց թողնել «յուղոտ կլիենտին» ու գործի է դրել բոլոր հնարավորությունները. «Ապրիլի 21-ին ստացա հեռախոսազանգ՝ 093 45 03 27 հեռախոսահամարից, եւ զանգահարողը ներկայացավ Արայիկ, հրավիրեց ինձ «Անի» հյուրանոցի սրճարան՝ խոսելու համար, որտեղ ինձնից պահանջեց կամ եւս երկու ամիս շարունակել, կամ հավելյալ գումար վճարել: Ես հրաժարվեցի, քանզի չունեմ վարձակալման պայմանագիր եւ ուստի՝ ոչ մի պարտավորություն, սակայն ամսի 22-ին երեկոյան զանգահարեց կրկին եւ սկսեց ահաբեկել, որ կզղջամ: Եվ երբ նրան ասացի, որ ես այս հարցը կտեղափոխեմ իրավական հարթություն, նա սպառնաց ինձ, որ գիտի իմ տեղը, եւ ես դեռ չգիտեմ ում հետ գործ ունեմ»,- պատմում է Կիրակոսյանը եւ եզրակացնում, որ սպառնալիքների պատճառը, հավանաբար, իր Ռուսաստանում գտնվելու եւ ահաբեկողների կարծիքով՝ մեծ փողեր ունենալու հանգամանքն է եղել:



 



Զանգահարեցինք Սիմոնյանին, ով սկզբում համակ ուշադրությամբ լսեց մեզ, հետո ասաց, թե Սիմոնյանը չէ, իր օգնականն է: «Ո՞ւմ է սպառնացել, ինչի՞ համար, թող բողոքի ուր ուզում ա, հո ասելով չի՞»,- օգնական ներկայացած անձն այնպես վրդովվեց, կարծես հենց իրեն էին մեղադրում, ապա հանդարտվեց: «Ինչի «Հզոր ապագա» կուսակցություն էլ կա՞: Ես չգիտեմ, դժվար ըտենց բան եղած ըլնի, դժվար»,- ասաց մեր զրուցակիցը, իսկ երբ նրան խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է անում, ինչով է զբաղվում իր «շեֆը», որ ինքն էլ օգնում է նրան, անջատեց հեռախոսը:



 



Արկադի Կիրակոսյանը վստահ է, որ Սիմոնյանն է իրեն սպառնացողը, նա լուսանկարել է իր հեռախոսի վրա Սիմոնյանի համարը եւ ասում է, որ կարող են հեռախոսազանգերը վերծանել:



Անահիտ ՄԱՂԱՔՅԱՆ