Երեք-չորս տարում, ինչքան էլ ջրեր հոսեն, Արթուրի դեմքը չի մաքրվելու

Երեք-չորս տարում, ինչքան էլ ջրեր հոսեն, Արթուրի դեմքը չի մաքրվելու

 Քաղաքական դաշտում մինչ քննարկվում է ԱԽՔ-ի նոր ախքությունը, ով իբր ՀՀԿ կոալիցիայից դուրս գալով ու պաշտոնի հրաժարումով յուրօրինակ ախքություն է անում նաև իրեն ծնող ու սնողի նկատմամբ, մնում է զարմանալ: Սա ի՞նչ է, ազգովի կուրությու՞ն, թե՞ ոչ մեկն այլևս չի ուզում բարձրաձայնել ճշմարտությունը: Փոխարենը որոշ լրատվամիջոցներում մի այնպիսի սրտաճմլիկ ողբ է սկսվել, որ քիչ է մնում  հավատաս, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց, այլապես… առանց չափազանցության երկիր Նաիրին կկործանվեր: Նման պարագայում ուզում ես հարցնել՝ տո Արթուր տղա, քո ասածի վրա քո ծիծաղը չի գալի՞ս: Երբ Օրինաց երկիր կուսակցությունը ստեղծվեց, բոլորս լավ ենք հիշում, ասում էին, որ դա Ս. Սարգսյանի ստեղծած կուսակցությունն է: Ես ընդամենն այդ տարիների ժողովրդական խոսակցության փաստն եմ արձանագրում, ինձ իրավունք չվերապահելով, ասելու՝ ճի՞շտ էր դա, թե՞ սխալ: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ տեղապտույտից բացի ուրիշ ոչ մի քայլ չի կատարվել: Ընդհակառակը, ժողովրդի վստահությունը շահելով ու շարժումը պահելով սեփական վերահսկողության ներքո, հարմար պահի լքել է և այդքանից հետո  լռելու փոխարեն, անցել  նույն գործողությունը երկրորդ անգամ կրկնելու քայլին: Կրկին  պետք է շահել ժողովրդի վստահությունը: Մի որոշ ժամանակ անցնել հատակը, մինչև կմոռացվի կամ կմեղմացվի արած քայլի սաստկությունը: Սա նոր ծրագիր չէ, կուսակցության ստեղծման առաջին օրվանից Արթուրը գիտեր, թե ինչ հեռահար նպատակների համար է ստեղծվում այդ կուսակցությունը: Եվ ահա երկրորդ էտապի ժամն է: Երբ արդեն կուսակցական վարկանիշն իջել է զրոյի, որոշվել է նոր գրոհ: Ժամանակավորապես  «հեռանալ» ՀՀԿ-ից՝ ընդհանուր գործին ծառայելու համար: Կոմունիստների ժամանակ այդպիսի բան կար: Մարդ ու կին բաժանվում էին ձևական, որպեսզի յուրաքանչյուրն առանձին բնակարան ստանա ու տեղները բոլանա: Հիմա Արթուրն է, ձևական բաժանմամբ նախապատրաստվում է իրականացնել նոր ու մեծ  ծրագիր: Ինչու եմ ձևական ասում. որովհետև ոչ մեկը ՀՀԿ-ի հետ չլինելով, չի կարող անգամ մի հասարակ չինովնիկի տեղ ճանկել, այնինչ Արթուրին Ռուսաստանում ձեռքից ձեռք են խլում: Սա ու՞մ շնորհքն է՝ Արթուրի՞… ՀՀԿ-ից հեռանալու դեպքում հնարավո՞ր էր, որ Արթուր Բաղդասարյանը ստանար ՀԱՊԿ Ակադեմիայի նախագահի պաշտոնը, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը: Սխալվա՞ծ կլինեմ, եթե ասեմ, որ առանց ՀՀԿ-ի կամ նրա առաջին դեմքի հովանավորության, Արթուրը, ինչպես իր նման շատերն են անում, լավագույն դեպքում կդասավանդեր որևէ ԲՈՒՀ- ում: Լավագույն դեպքում եմ ասում: Այնպես որ Արթուրը թող մեծ- մեծ չխոսի: Եթե ինքը պաշտոնից հրաժարվեր ու դասավանդեր որևէ ԲՈՒՀ-ում, գուցե թե այդ պարագայում շատերը խաբվեին:



Նա նշանակվել է այդ պաշտոնին, որպեսզի կատարի իր երկրորդ գրոհը, այս անգամ Ռուսաստանի աջակցությամբ. «Ես չեմ բացառում, որ 2018 թ-ին կառաջադրվի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»: Եվ ինչպես ինքն է ասում, «Այս երեք-չորս տարիների ընթացքում շատ ջրեր են հոսելու»: Այո, շատ ջրեր են հոսելու և լվանալու են Արթուրի դեմքն ու մարմինը, և նա ջրից դուրս է գալու չոր ու մաքուր: Արթուրը չարյաց փոքրագույնի զապասնոյ վարիանտն է, եթե հիմնականը չստացվի: Բայց նա մի բան մոռանում է.  երեք-չորս տարում, ինչքան էլ ջրեր հոսեն, իր դեմքը չի մաքրվելու:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ