Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

ԽԱՅՏԱՌԱԿ ԵՂԱՆՔ






Սերժ Սարգսյանի մի տեսլականն էլ այն էր, որ ՕԵԿ-ը բարոյական է: Հիմա Արթուր Բաղդասարյանն ասում է, որ իր տեսլականը չի համընկնում Սերժ Սարգսյանի տեսլականի հետ: Ամեն ինչ ճիշտ է` բարոյականության հետ չի համընկնում անբարոյականությունը:



 



ՀՈՎԻԿ, ԲԱՅՑ ԴՈՒ ԴԵՄՔ ԵՍ






Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ չեք թողնում ոչ իշխանական քառյակը հանգիստ աշխատի: Մարդիկ պատրաստվում են համակարգային իշխանափոխություն անել, իսկ Դուք նրանց նիստերը խանգարում եք` անակնկալ ներս եք մտնում, խառնվում խոսակցությանը, քննարկման թեման շեղում… Էստեղ են ասել` հարսնացու, կներեք, վարչապետ` ընդդիմությունից:



 



ԿԱՇԱ






Սերժը դեմ է քառյակին, բայց դեմ չէ Արթուրին: Արթուրը դեմ է Սերժին, բայց կողմ չէ քառյակին, Հովիկը, թվում է, դեմ չէ Սերժին, բայց լավ հարաբերությունների մեջ է քառյակի հետ եւ տանել չի կարողանում Արթուրին: Խեղճ Գալուստ Սահակյան, որ դարձար ԱԺ նախագահ, ո՞նց ես գլուխ հանելու այս շիլափլավից:



 



ԴԱԺԱՆ ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ



Թերթերը գրել են, որ Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահ դառնալուց հետո թափուր է մնալու ամեն ինչ փաթթած ունեցող ՀՀԿ-ականներին նիստի բերողի պաշտոնը: Մեր կարծիքով, սակայն, Գալուստ Գրիգորիչը կարող է բոլորին ազատել այդ մտավախությունից` ժամանակավորապես միավորելով ԱԺ նախագահի եւ խմբակցության ղեկավարի իրավասությունները: Ինչու ժամանակավորապե՞ս: Ասեմ: Խոսակցություններ են պտտվում, որ ՀՀԿ ֆրակցիան առաջիկայում կիսվելու է` Սերժի բերածների եւ Սերժից քշվածների: Գալուստ Սահակյանը հո չի՞ կարող երկու կես լինել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ