Չէ չէ մի` հանում են…

Չէ չէ մի` հանում են…

Հանում են… սրան են հանում, նրան են հանում, սա է հրաժարական տալիս, նրան են դուրս անում, սրա կադրին են բերում, նրա կադրին են տանում, քցում են, առաջ են քաշում, մաքրում են, փոխում են, լվանում են, ավլում, թափում են…



 



Վայ իմ միամիտ ժողովուրդ ջան:



 



Հիմա կասեք Տիգրան Սարգսյանին չհանեցի՞ն: Չէ, չհանեցին: Եթե հանեին, ինչպես դուք եք մտածում, հիմա էլ ուրիշ բան կանեին, այսինքն դա քաղաքական հետևանք կունենար: Քիչ չի, չէ՞, 6 տարի նստել այդ պաշտոնում ու ոչինչ չանել, միայն սեփական բարեկեցության առանց այն էլ լուծված հարցերը լուծել: Սրանից ավելի մեծ հանցագործություն մեկ էլ` ուրիշի անկողնում բռնվելն է: Բայց ո՞ւր է քաղաքական հետևանքը: Պարզվում է, որ Տիգրան Սարգսյանը մի քանի առաջարկներ է ստացել նոր պաշտոնի հետ կապված ու հիմա մտածում է` որն ընտրի:



 



Արթուր Բաղդասարյան: Հանեցի՞ն: Ո՞վ կարող էր նրան Սերժ Սարգսյանից պոկել: Վերջապես` ո՞վ կհավատար: Բայց ֆորմալ ձևով եթե նայենք` հանեցին: Ելքը գտան հանելու (Սերժից պոկելու): ՕԵԿ-ին հայտարարեցին ընդդիմություն: Իսկ ի՞նչ հետևեց դրան: Տանում են ավելի ազդեցիկ տեղ` աչքից էլ հեռու, որ աչքով չտանք: Շուտով կսկսվի ՕԵԿ-ի անունից հայ-ռուսական կուլտուրական միջոցառումների շարքը:



 



Է՞լ ում են հանել, պատերով տվել, ճնշել, ցավեցրել: Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների՞ն: Էդ մարդիկ մեղք էին, ճիշտ եմ ասում: Ոչ էկոնոմիկա կա, ոչ ֆինանս: Տանջվում էին: Շուտով կիմանանք, որ մի կարգին տեղ են աշխատում` ռոճիկը տեղը, հարգանքն ու պատիվն էլ հետը:



 



Ոմանք հարցնում են` Հրանուշ Հակոբյանին, Հասմիկ Պողոսյանին, Գագիկ Բեգլարյանին չհանեցին, ինչո՞ւ: Բեգլարյանի մասով կարող եմ ասել` ինքը չուզեց, որ հանեն: Բացի այդ` իրեն մեկ անգամ արդեն հանել էին և երկրորդ անգամ հանելը, ճշտով եթե նայենք, ճիշտ չէր լինի:



 



Հասմիկ Պողոսյան: Հասմիկին հանեն, որ ի՞նչ անեն: Թե տանեն ուրիշ պաշտոնի դնեն` այդ ուրիշներին պիտի դժբախտացնեն, թե հանեն ձեր ասած իմաստով` քաղաքական հետևանք կունենա, և արի, ու այդքանից հետո բացատրիր, թե ինչու է պատմամշակութային հուշարձանը դառնում խանութ, իսկ հեթանոսական տաճարը` գիշերային զվարճավայր` որտեղ կարելի է անմնացորդ կերպով տրվել հեթանոսական կրքերի…



 



Հրանուշի պատմությունը մի քիչ ուրիշ է: Իրականում Հրանուշը շատ անմիջական աղջիկ է: Այդպես մի նայեք նրան` պորտֆել, պաշտոնյա, կառավարության անդամ, խիստ… Իրականում բարի, բաց սիրտ, ժպտերես, անմիջական աղջիկ է: Մեր Սևանի ջրահարսն է` մի խոսքով: Նա այսօրվա ու երեկվա ղեկավարներից ոչ մեկի կադրն էլ չի: Ավելին, մեր սովետահայ կոմսոմոլ ղեկավարներն են նրա կադրերը: Այնպես որ մի բան էլ նրանք են իրենց հաջողությունների համար Հրանուշին պարտական:



 



Ահա, սպառնում են Գալուստին հանել: Սա շատ նման է Հովիկին հանելու պատմությանը: Դարձյալ ոչ մի քաղաքական հետևանք: Հովիկը եթե մի բան էլ արել է, ապա իր ԱԺ-ով 6 տարի դակել է 6 տարի ոչինչ չարած Տիգրան Սարգսյանի օրենքները: Հովիկին այդ հանցագործության համար հանեցին ԱԺ նախագահի պաշտոնից և ո՞ւր տարան: Վարչապետ: Գալուստին էլ որ հանեն գրեթե նույն հանցագործության համար (կոճակ սեղմողը հենց նա է եղել), տանելու են ԱԺ նախագահի աթոռին նստեցնեն: Հետո պիտի ասենք` հանեցին:



 



Մոռացեք: Նույնիսկ Աշոտյանին, եթե հանեն, ավելի լավ տեղ են տանելու: Չկասկածեք:



 



Ամփոփենք: Այն ինչ կատարվում է այս օրերին, ոչ թե հանել-հանվել է, այլ տղերքին ավելի հարմար տեղաբաշխելու գործընթաց: Իսկ մենք, բանից անտեղյակ, շունչներս պահած հետևում ենք դրան` սրան տարան, նրան բերեցին… Մեր աչքի առաջ համակարգը ցանկանում են մի հատ ռեստարտ անել` հենց այնպես, պրոֆիլակտիկայի համար, այնպես անել, որ նողկանք ու զզվանք առաջացնողներից շատերը հետին պլան գնան և դեսքթոփի վրա մի քանի նոր ՙֆոլդեր՚ հայտնվի, նոր ֆոն, թարմություն: Եվ գոմահոտը, որ հիմա շուրջներս բռնել է` այդ թրիքը խառնելու հետևանք է: Ոչ ոք, իրականում, ախոռ մաքրող չէ:



 



Այ եթե հաջողվեր այս պահին Արփա գետի ջրերն այդ ախոռի ներսն ուղղել, այնպես կշշկռվեին, որ իրենց ՀԱՄԱԿԱՐԳ-իչը միացնելու ՙպարոլը՚ կմոռանային:



 



Էդիկ Անդրեասյան