«Կիսաբաց լուսամուտներ»՝ լուսանցքային հաղորդաշար

«Կիսաբաց լուսամուտներ»՝ լուսանցքային հաղորդաշար

«Կիսաբաց լուսամուտների» հերթական ցնցող հաղորդումն էր, Հայաստանի թիվ մեկ թոք շոուն։ Օրվա հյուրը կամ, ինչպես հաղորդավարն է ներկայացնում, հերոսը Արաքսյան էր։ Երիտասարդ կնոջը 16 տարեկանում փախցրել են, ամուսնու հետ ապրել է մի քանի տարի, ունեցել է երկու երեխա, սակայն ամուսինը հարբեցող է եղել, չաշխատող, ծեծող, եւ արդյունքում բաժանվել է։ Հրավիրված էր նաեւ Արաքսյայի տալը՝ նախկին ամուսնու քույրը։



 



Արաքսյայի՝ իր տխուր պատմությունը վերջացնելուց հետո խոսքը տվեցին տալոջը, նա ներկայացրեց եղբոր ընտանիքի անմխիթար վիճակը։ Հարսը չի աշխատում, մեծ երեխան հիվանդ է, ոչ մի օգնություն չեն ստանում։ Մեղավորների փնտրտուքով հարց ուղղեցին նրան, թե ով  է մեղավոր այդ ընտանիքի բաժանման համար։ Նա նշեց, որ իր եղբայրը հարբեցող է, բայց հարսն էլ, որ բերել են, կույս չի եղել, եւ եղբայրը, մեղադրելով անբարոյականության մեջ, թողել-գնացել է։ Բայց որքան տգեղ էր տալի այդ հայտարարությունը, որ տարիներ անց քննարկման թեմա էր դարձել, երբ նրանք մի քանի տարի ապրել են, երկու երեխա ունեցել, նրա ասելով՝ երջանիկ ընտանիք են եղել, այժմ մեջտեղ է բերում նրա կույս չլինելու հարցը։ Իհարկե, այդ հայտարարությունը կարող էր աննկատ անցնել, դե ի՞նչ արած, մարդու մակարդակի, ինտելեկտի հարց է։ Բայց ուշագրավն այն էր, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանն այնպես կերպարանափոխվեց, լայն բացված կլոր աչքերով, սառած դեմքով դարձավ դեպի Արաքսյան եւ սկսեց հարցերի տարափ տեղալ։



 



«Ճի՞շտ է ասում, Արաքսյա, պատասխանիր, ճի՞շտ է ասում, որ դու կույս չես եղել»։



Երիտասարդ կինը կարկամել էր։



Երեւի չէր սպասում, որ Հայաստանի թիվ մեկ թոք շոուի համար դա շատ կարեւոր եւ ճակատագրական հարց է։ Հրաչ Մուրադյանը ձեռք չէր քաշում, համառորեն պահանջում էր պատասխան նրա կուսության մասին։ Կարծես դրանից էր կախված երկրի ճակատագիրը։ Օդում հնչած հարցը մեծ քննարկման թեմա դարձավ։ Նստածներից անմակարդակ, թերզարգացած հոգեբան տղամարդկանցից մեկը նոր գրոհ սկսեց Արաքսյայի դեմ, նույնիսկ հիմար համարեց ամուսնուն, որ նա հենց նույն օրը չի վռնդել նրան տնից։ Խոսափողը հրացան դարձրած՝ անվերջ թափահարում եւ գոռում էր, որ տեղի է ունեցել դարի հանցագործությունը։



 



Հրաչ Մուրադյանի դիրքորոշումը զարմանք էր հարուցում. մի՞թե այդ թշվառ կնոջը կանչել էր նրա կուսության հարցը քննելու, խայտառակելու ամբողջ հանրապետության առջեւ եւ հետո էլ կոչ անելու օգնել, գումարներ փոխանցել կարիքի մեջ գտնվողների համար։ Նաեւ ցավալի էր տալի վերաբերմունքը, տարօրինակ էր նրան ծափահարելն ու մեծարելը անկեղծության համար։ Եվ սա առաջին դեպքը չէ. Հրաչ Մուրադյանը համառորեն ստիպում է իր հերոս-հյուրերին խոստովանել, թե քանի տղամարդ է եղել նրանց կյանքում, մտնում է ամենաինտիմ հարաբերությունների մեջ, կարծես ոչ թե օգնելու, կարեկցելու համար է կազմակերպվում հաղորդաշարը, այլ հաճույքով մերկացվում է յուրաքանչյուրի ամենածածուկ, ինտիմ կյանքը։ Չէ՞ որ այդ իրավունքը ոչ ոքի չի տրվում, իսկ հրավիրված հոգեբանների մեջ չկա մի խելքը գլխին անձ, որ կանխի եւ չքննարկի այն, ինչը կապ չունի կարիքի, թշվառության մեջ հայտնված մարդկանց հետ։ Տգետ, հիմար հարցադրումներով ավելի են սրում մթնոլորտը, կրկնակի դժբախտ դարձնելով հրավիրված հյուրին, չէ՞ որ մարդիկ անելանելի, անճար վիճակից դրդված են դիմում այդ հաղորդմանը, հուսալով օգնություն։ Ես առաջարկում եմ Հրաչ Մուրադյանին ձերբազատվել նմանատիպ ոչ կոռեկտ հարցադրումներից եւ հաղորդաշարը դարձնել ավելի բարի, կարեկցական։ Մի բան էլ՝ հիշեցման կարգով. ժամանակակից Ճապոնիայում, հենց ծննդատանը, աղջիկ երեխաներին ազատում են կուսաթաղանթի գոյությունից. դա ընդունված եւ հարգված բժշկական միջամտություն է։ Ահա թե որքան անկարեւոր է սա ճապոնացիների համար։ Քանի՞ դար է պետք մեզ Ճապոնիա դառնալու համար, չնայած. ի՞նչ ասես՝ անհույս բան է... 



 



Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ