Էդ հաշվի՝ լուծված հարց է

Էդ հաշվի՝ լուծված հարց է

ՀՀ նորանշանակ դեսպան Յու. Վարդանյանի առաջին «հանդիպումը» Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհրդի համակարգող  Արտակ Գաբրիելյանի հետ



 



- Բարեւ Ձեզ, պարոն Վարդանյան, շնորհավորում եմ Ձեզ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, առաջին օրերին ինչպե՞ս եք զգում Ձեզ Վրաստանում:






- Շնորհակալություն, Արտակ ջան, լավ եմ, ապեր, ահագին ժամանակ է՝ վրացի տղերքին չեմ տեսել, հիմա շանս ունեմ նույնիսկ ամեն օր տեսնելու, կարոտել եմ:



 



- Պարոն Վարդանյան, հուսով եմ՝ ջավախահայությանը հուզող խնդիրները չեք շրջանցի Ձեր գործունեության մեջ:






- Ի՞նչ կա, Արտակ ջան, ասա, ապեր, էստեղ ահագին ընկերներ ունեմ, էս 2 օրը մեկի հետ պայմանավորվել եմ, ճիշտ է՝ ինքը ծանրամարտով չի զբաղվել, սովետի ժամանակ բոքսի չեմպիոն էր, բայց դուխով տղա է, ում որ պետք է՝ ուղարկենք մոտը, կօգնի:



 



- Չէ, չէ, պարոն Վարդանյան, իմ հարցերը դրանց չեն վերաբերում, խոսքը քաղաքական հարցերի մասին է, լեզվի կարգավիճակի, կրթական, մշակութային, մի շարք այլ հարցերի ոլորտն է մեզ հուզում:






- Ձեզ՝ ո՞ւմ, պարզ խոսա՝ բան հասկանանք:



 



- Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդին, որը ներկայացնում է Ջավախքում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ եւ միություններ:






- Ջավախքի մոմենտը հասկացա, էն քվեմո-մվեմոյի մասը չջոկի, ապեր:



 



- Ծալկայի շրջանի մասին է խոսքը:






- Ծալկա՞: Հա, լսել եմ: Բա ի՞նչ հարց կա էդ կողմերում:



 



- Լեզվի, օրինակ:






- Ինչի՞ օր: Դուք հայերեն չգիտե՞ք:



 



- Գիտենք: Խոսքն իրավական օգտագործման մասին է:






- Իրավականն ի՞նչ եք անում, հիմա ո՞ր դատարաններն են արդար գործում որ:



 



- Ի՞նչ դատարան: Խոսքը վարչական բոլոր ոլորտների մասին է, այո, ներառյալ դատարանները:






- Է, ի՞նչ տարբերություն, հիմա որ շտանգան ձեզ մոտ բարձրացնում են, տարբերություն կա՞ «հոոոոոփփաաաա»-ն ինչ լեզվով են կանչում. մանր հարցեր են սրանք:



 



- Պարոն Վարդանյան, ախր խո մենակ «հոպպա» չենք կանչե, հայերենում էլի ուրիշ բառեր կան… Լավ, ինչեւէ: Մյուս հարցը վերաբերում է թուրքական ու ադրբեջանական էքսպանսիային, հայկական կողմն ակտիվանալո՞ւ է, եւ այս ամենին ընդդեմ ի՞նչ ծրագրեր կարելի է ակնկալել, Ձեր կողմից կա՞ն նոր մոտեցումներ:






- Ապեր, էդ հարցով պրոբլեմ չկա, հենց մի քիչ առաջ գնացինք, մի լավ մրցում եմ կազմակերպելու` տարածաշրջանային մակարդակի, մերոնցից էլ լավ մարզիկներ եմ կանչելու, դուք էլ կներկայանաք, հատուկ էնպես պիտի էնեմ, որ հայերը կպնեն թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, մի լավ ջարդ տանք դրանց, ձեր էլ, բոլորիս էլ դուխը տեղը կգա, Ամերիկայի փորձիցս եմ ասում, էդ հաշվի՝ լուծված հարց է: Ուրիշ:



 



-  Ուրի՞շ…






- Ապեր, արի քաղաքական հարցերից հեռու մնանք, ամեն կեղտոտություն էդտեղից է սկսվում, մենք մաքուր մարդիկ ենք, մեզ չի սազում, արի մի-մի բաժակ վերցնենք, բարով ծանոթացանք, առաջիկայում ձեր մոտ էլ կգամ, սպորտսմեններին կհավաքեք, դուխ կտանք, մեդալներ կտանք, մենք համեստ մարդիկ ենք, մի տարի նախարար աշխատեց իմ պես լեգենդը, մեկը չզգաց, թե ոնց, ինչպես Յուրի Վարդանյանն էկավ գնաց, իմ կարծիքով՝ դա է ճիշտը…



 



Առաջին «հանդիպումն» արձանագրեց Վահե Սարգսյանը