Ինչու՞ է թշնամին կրակում բնակեցված մասերի վրա

Ինչու՞ է թշնամին կրակում  բնակեցված մասերի վրա

Մի բանի վրա եմ զարմանում: Պատերազմի մասին հիշում ենք, երբ գնդակոծում են սահմանները կամ գյուղերը: Ու մամուլում սկսվում են հայտնվել պատերազմի հոտ առնող թղթակիցներ, լրագրողներ: Աստված չանի, որ նրանք պատերազմ տեսած լինեն կամ պատերազմի հոտ առած լինեն, բայց որ միայն կրակոցներից հետո են պատերազմի հոտ առնում, այ դա վատ է:



Պատերազմի հոտ տեսած մարդը գիտի, որ Հայաստանում այդ հոտը միշտ էլ եղել է, երբեմն սաստկացել, երբեմն էլ հանդարտվել է, բայց այն պատերազմի չի վերածվել, որովհետև երկուստեք էլ գնահատել էլ են դրա լրջությունը: Ու հիմա, աշխարհաքաղաքական այս անհարթության ու գորշության մեջ, երբ մի մետրից այն կողմ բան չի երևում, չի հասկացվում, թե ով ով է, դժվար թե Ադրբեջանը համարձակություն ունենա ու ինքը քոռ-քոռ պատերազմ սկսի: Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հազար, միլիոն անգամ է խախտել՝ տարբեր նկատառումներով: Ամեն անգամ դրանից հետո  պատերազմի հոտ առնելն ու խուճապի մեջ ընկնելը, առավել ևս խուճապի մեջ գցելը սահմանամերձ տարածքի ժողովրդին, մեղմ ասած ավելի շատ պանիկայի հոտի եմ նմանեցնում, քան՝ պատերազմի:



Երեկ հակառակորդը մի քայլ առաջ է անցել: Հակառակորդը  կրակոցներ է արձակել ոչ միայն Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի դիրքերի ուղղությամբ, այլ ավելի է խորացել՝ կրակելով բնակեցված մասերի վրա: Հրադադարի պայմաններում նման քայլերից ոչ թե պատերազմի, այլ անսանձ խուլիգանության հոտ եմ առնում: Սպասենք՝ իմանալու. ի՞նչն է ստիպել, որ հակառակորդը կրակ բացի բնակեցված մասերի վրա, չէ որ նման պարագայում էլ ավելի սաստիկ պատասխան կարող է լինել: Նույնպես բնակեցվա՛ծ մասերի վրա: Ի՞նչ կասի մեր Պաշտպանության նախարարությունը. ինչու՞ է թշնամին կրակում մեր բնակեցված մասերի վրա:  



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ