Եթե կողմերից մեկը Հայաստանի, ոչ թե իր մասին մտածի, ամեն ինչ տեղը կընկնի

Եթե կողմերից մեկը Հայաստանի, ոչ թե իր մասին մտածի, ամեն ինչ տեղը կընկնի

Կեսուրը ծանր էր: Գնացել էի սիրտ տալու բարեկամուհուս.



- Մի անհանգստանա, լավ կլինի,- ասացի:



- Հիմա ես չգիտեմ՝ ինձ համար որը լավ կլինի՝ նրա մեռնե՞լը,  թե՞ ապրելը,- միանգամայն լուրջ ասաց նա:



Հիմա Մաքսային միություն մտնելու հարցն է: Մեր քաղաքական գործիչները հստակ չգիտեն՝ նրա մեռնե՞լն է լավ, թե՞ ապրելը: Թիրախը դրել են իրենց առաջ ու մտմտում: Սկզբից քննադատում էին, որ Մաքսային միություն ենք մտնելու՝ օ՜, Եվրոպա… Հիմա էլ, երբ  Հովիկը հեռվից նրբորեն հայտնում է՝  հույս չկա, պատրաստվեք, զինքները կոտորում են, երեսների կաշին պլոկում, արյունլվիկ լինում: Եղբայրք, ի՞նչ եք ուզում, հիմա ձեզ ո՞րն է ձեռ տալիս՝ Մաքսային միություն մտնե՞լը, թե՞ չմտնելը: Հովիկը ի՞նչ մի նոր բան է ասել: Չգիտեի՞ք, որ հիվանդի վիճակը ծանր է: Չեք կողմնորոշվե՞լ, թե ինչ եք ուզում: Մի հատ կենտրոնացեք: Ես չեմ հասկանում Հովիկի ասածի մեջ ի՜նչ մի սկանդալային բան կա, որ իրար եք խառնվել: Ընդամենը տեղեկացրել է. «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու»: Բա չասե՞ր, չհասկացնե՞ր, որ այդ հարցում տորմուզ տվողը հակառակ կողմն է, որ Հայաստանը կամ իրենք խնդիր չունեն, Հայաստանը կամ իրենք բոլոր պարտավորությունները կատարել են: Ամեն ինչ արել են՝ փրկելու համար, բայց չի ստացվում: Հովիկը իրենց է պաշտպանում, իրենց քայլերը, իշխանությանը, իրենց աթոռները ու զարմանալի է, որ մամուլը դա  համարում է լեզվից թռցրած խոսք: Լա՜վ էլ այդ խոսքը համաձայնեցված է նախագահի հետ, ուրիշ բան լինել չէր կարող:   Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ: Ա՜յ հենց ցավն այն է, որ տարբեր ուժեր դրանք օգտագործում են իրենց ձեռք տալու, իրենց համար լավ լինելու, կոմպրոմատներ հավաքելու առումով: Ոչ մեկը Հայաստանի մասին չի մտածում: Վերևից բռնած մինչև ներքև: Մեկն  աթոռի վրա մնալու համար ինչերի ասես չի դիմում, մյուս կողմն էլ աթոռին նստելու համար զինքը կոտորում  է, չգիտի՝ հիմա ո՞րն է իր համար լավ, որ Հայաստանի նախագահին արհամարհում, Մաքսային դռները փակու՞մ են Հայաստանի առաջ, թե որ դնեն գլխներին ու էստի համեցեք անեն:



Եթե կողմերից մեկը Հայաստանի, ոչ թե իր մասին մտածի, ամեն ինչ տեղը կընկնի:  Ուզում եմ խոսքս ավարտել բարեկամուհուս խոսքերով: Կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտը հենց այդ ուղղությամբ է առաջնորդվում.



-Հիմա ես չգիտեմ՝ ինձ համար որը լավ կլինի՝ նրա մեռնե՞լը,  թե՞ ապրելը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ