Ինչպիսի հաջողություն, մենք հավասար պայմաններով ենք մտնելու ՄՄ

Ինչպիսի հաջողություն, մենք հավասար պայմաններով ենք մտնելու ՄՄ

ՀՀԿ խոսնակ և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը tert.am-ի հետ զրույցում հերթական դարակազմիկ հայտարարությունն է արել:



 



«Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցման ժամկետների մասին արդեն հայտարարվել է, ավելացնելու բան չունեմ: Ինչ վերաբերում է պայմաններին՝ նշեմ, որ ՀՀ-ն բացառապես հավասար պայմաններով պետք է անդամակցի ՄՄ-ին»:



 



ՄՄ-ին Հայաստանի միանալու Շարմազանովին հայտնի ժամկետները դնելով մի կողմ, միանգամից անդրադառնանք նրա հայտարարության երկրորդ մասին՝ այնէ՝ ինչ պայմաններով պետք է Հայաստանը մաս կազմի ՄՄ-ին: Շարմազանովն ասում է՝ հավասար պայմաններով: Այսինքն կարող էին լինել նաև ստրկացուցիչ պայմաննե՞ր:



 



Ճանաչելով Շարմազանովին՝ կարող եմ վստահ ասել, որ նա փորձել է ՄՄ-ԵՏՄ-ին Հայաստանի միացումը ինչ-որ խոշոր ձեռքբերում կամ արտաքին քաղաքականության հաղթանակ ներկայացնել, էն էլ այնպիսի հաղթանակ, որ մեզ հնարավորություն է տվել հավասար պայմաններով մտնել դեռ չեղած մի միություն:



 



Ես չգիտեմ՝ կարո՞ղ է աշխարհում լինել մի երկիր, որ իրեն գցի որևէ տնտեսական միություն, որտեղ նրա իրավունքները պետք է ոտնահարվեն կամ ինքը պետք է լինի մյուսներին ստորադասված: Կարծում ենք՝ նույնիսկ աֆրիկյան ցեղերը հիմա ստորացուցիչ պայմաններով չեն միավորվում:



 



Իսկ եթե, այնուամենայնիվ այդ ՄՄ կոչվածում վտանգ կա անհավասար պայմաններով գոյատևելու, ապա ինչո՞ւ ենք մեզ ենթարկում այդ վտանգին: Ի վերջո, կա մի կարևոր հանգամանք: Հայաստանը ոչ ցամաքային ոչ էլ ծովային սահման չունի ՄՄ-ի հետ: Այս հանգամանքը, արդյոք, չի՞ կարող բացասաբար անդրադառնալ Հայաստանի՝ ՄՄ-ի ընդհանուր տնտեսական տարածք դառնալու, ապա այդ տարածքում մյուսների հետ հավասար պայմաններում լինելու վրա: Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնելը, թե վաղը, մյուս օրը ԵՄ անդամ Վրաստանի վրայով ինչպե՞ս ենք կապվելու Ռուսաստանի և մնացյալ ՄՄ-ի հետ, եթե ԵՄ-ն որոշի, որ իր տարածքով ռուսական կամ հայկական ապրանքներ անցկացնելը ցանկալի չէ:



 



Հետևաբար, պարոն Շարմազանով, հայտարարություններ անելուց առաջ կարելի է մի քիչ մտածել: Եվ ապա՝ դուք դեռ պետք է մարսեք Նուրսուլթան Նազարբաևի և Իլհամ Ալիևի դրած քաղաքական նախապայմանները և հետո միայն մեծագոչ հայտարարություններ անեք: Բավ չեղա՞վ: Մեկ անգամ գոնե առուն թռեք, նոր ասեք՝ հոպ:



 



Էդիկ Անդրեասյան