Սփյուռքահայերը տունտունիկ են խաղում

Սփյուռքահայերը տունտունիկ են խաղում

Հայերս միասնական չենք, եւ ամենաբարդ փորձությունը մեզ համար այսօր էլ համերաշխությունն է: Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության օրինակը եւս նույնն է վկայում: Մի 20 օր առաջ այդ վիրտուալ կառավարության նախագահ Արմենակ Աբրահամյանը Երեւանում բարձրագոչ հայտարարություններ արեց այն մասին, որ իր կառավարությունը՝ նախագահով, վարչախմբով, 64 պատգամավորներով, զբաղվելու է այն հայերի հարցերով, որոնք պետություն չունեն, որ այն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից, որպես բնիկ ժողովրդի շահերի ներկայացուցիչ, որը, գործի դնելով ինքնորոշման իրավունքը, պաշտպանում է մեր ժողովրդի մշակույթը, լեզուն, գենետիկ ռեսուրսները, նույնիսկ տարածքային հարց է բարձրացնելու:



 



Բայց պարզվում է, որ հենց այդ միջոցին փոքրիկ վիրտուալ «պետությունում» կրքեր են եռում, հեղափոխություն եւ հեղաշրջում է: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ համացանցում քննադատություն հնչեց վտարանդի կառավարության նախագահի հասցեին, վերջինս էլ, «հաշվի առնելով բոլոր նամակները, վիրավորանքները եւ անհիմն քննադատութիւները, որ կըգտնվեն ինտերնետային ցանցերում, կըվտանգեն Կառավարութեան եւ Ազգային Խորհրդի անդամներին», մի քանի նախարարների ազատեց աշխատանքից: Հենց նրանք էին, ըստ Արմենակ Աբրահամյանի, դավադրություն եւ խիստ վտանգավոր քննադատություն տարածողները: Պաշտոնանկ արվեցին արտգործնախարար Արամ Մկրտչյանը, նրա կինը՝ կրթության եւ գիտության նախարար Կարինե Հայրապետյանը, նաեւ արդարադատության նախարար, հայաստանցիներին քաջ հայտնի, նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը, ով հայտնվել է ԱՄՆ-ում, «Ավետիս» կայքի հիմնադիր, զինվորական կցորդ Սեթո Մալաքյանը, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որի կարգավիճակը կառավարությունում հասկանալի չէր, եւ որը «լրատվության» նախարարի դեր էր կատարում:



 



Կարապետյանին, որին լուրջ մարդ ենք համարում, հարցրինք, թե նա ինչ կապ ունի սփյուռքահայերի այս «տունտունիկի» հետ: Նա պատասխանեց, որ հույս ուներ, թե նրանք կաջակցեն իր նպատակին: «Ես ուզում եմ «Ավետիսի» թուրքերեն տարբերակն ստեղծել: Մենք 5 մլն թրքախոս հայություն ունենք, որոնք անհամբեր սպասում են դրան, եւ որոնց պետք է բերել էթնիկական արմատների: Բայց Արմենակ Աբրահամյանի կառավարությունը ոչինչ չէր անում, նա չէր ուզում, որ գործնական տեղաշարժ լինի»,- ասաց նա: Նախարարների պաշտոնանկությանը զայրացած արձագանքեցին սիրիահայերը, որոնք Աբրահամյանին համեմատեցին Ստալինի հետ:



 



«Բրոթոքոլային ոճ մը, որ կ՛ըսէ՝ Ես, որպէս նախագահ կը որոշեմ: Մենք ո՞ւր կ՛ապրինք, որմէկ դարը, դուն քեզի բռնատերի հանգմանք տալով միայն կը ստորնանաս եւ կը վերածուիս մեծ ոչինչի մը եւ բախտաւոր»,- գրեցին նրանք բաց նամակում: Բնականաբար, հեռացածներն անպաշտոն չմնացին: Նրանք էլ իրենց «տունտունիկը» խաղացին, Արեւմտյան Հայաստանի վտարանդի մի ուրիշ կառավարություն սարքելով ու մի նոր հայոց պետություն հռչակելով: Այս մեկը նախագահ չունի:



 



Միայն վարչապետ, որի դերում պաշտոնանկ եղած ԱԳ նախարար Արամ Մկրտչյանն է: Վերջինս նույնպես հասցրել է անձնագրեր բաժանել սփյուռքահայերին եւ նույնիսկ կադրային ջարդ իրականացնել: Հին նմուշի, Աբրահամյանի պետության անձնագրեր բաժանելու համար նա պաշտոնանկ արեց իր ներքին գործերի նախարարին՝ Մարտիրոս Շահբազյանին, նրա փոխարեն նախարար դարձնելով փոխգնդապետ, գրող Վահե Մեսրոպյանին: Նախապես Մկրտչյանը կառավարության արտահերթ նիստ հավաքեց եւ քննության առավ Շահբազյանի հետագա պաշտոնավարման հարցը: Այս հրամանից պարզ է դառնում, որ վտարանդի հայերի նոր կառավարությունը նույնիսկ աշխատանքային օրենսգիրք ունի, որի կետերին հղումներ են արվել նախարարին ազատելիս: Հին կառավարությունը եւս գործում է, փոփոխված կազմով: Այնպես որ, սփյուռքահայերից յուրաքանչյուրն իր քիմքին հաճո վիրտուալ պետություն կարող է ընտրել:




Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ