Բաց չթողնել պահը

Բաց չթողնել պահը

Իշխանական վերնախավում այս օրերին թեժ քննարկում են երկրի ներքաղաքական կյանքում վերադասավորումների հարցը: Ընդդիմության եւ քաղաքացիական շարժումների պասիվությունը, բանակի ու պաշտպանության հարցերի շուրջ համախմբվածությունն ու միասնականությունը իշխանականներին շփոթմունքի մեջ են գցել: Նրանք համոզված են, որ այն կարող է երկար տեւել, ուստիեւ պետք է իրավիճակն օգտագործել ի շահ ներքաղաքական լարվածության թուլացման եւ իշխանության դիրքերի ամրապնդման:



Չի բացառվում, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանին հանձնարարվի օլիգարխներից մեկ-երկուսին հարկային դաշտ բերելու բեմադրություններ ներկայացնել, մի երկու օրենսդրական մեղմացում անել, մի երկու մարզի աջակցություն ցուցաբերել, նախարարներին ստիպել իրենց անելիքների մասին ուռճացված զեկույցներով հանդես գալ՝ այդպիսով շահելով հանրության վստահությունն ու ցուցադրելով երկիրը նաեւ ներքին ճգնաժամից դուրս բերելու կամքը: Այս սցենարի մշակմամբ զբաղված իշխանական «կենտրոնն» սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին Երեւան, որպեսզի ծրագիրը ներկայացնի նրան եւ անցնի իրագործման: «Կենտրոնը» կարծում է, որ արտաքին վտանգի առկայությունը մեծ դիվիդենտներ կարող է բերել իրենց եւ այս օրերին լուծել առաջիկա ընտրությունների ու իշխանության վերարտադրության հարցը: