Ռուսաստանից Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք է գնել, որն ակտիվացման գործոններից մեկն է

Ռուսաստանից Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք է գնել, որն ակտիվացման գործոններից մեկն է

Այսօր Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը միայն դրական ակնկալիքներ է ծնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, ում գնահատականները, խոստումները, սպասելիքներն ու անելիքները համարժեք չեն երկրում տիրող իրական վիճակին: Իսկ քաղաքական-դիվանագիտական բովով անցած մասնագետներն այդ հանդիպումից առանձնապես ակնկալիք չունեն: Թեեւ կարծում են, որ, անկախ լուծման արդյունքից, հանդիպելը չհանդիպելուց նախընտրելի է: Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդրի լուծման վերաբերյալ ակնկալիքներ չունի:



 



- Պարոն Պապյան, այսօր Ռուսաստանում Սարգսյան-Ալիեւ-Պուտին սպասված հանդիպումն է, որից սպասելիքները մեծ չեն: Այս դեպքում նման հանդիպումն ինչո՞վ էր նպատակահարմար, այն էլ հենց Ռուսաստանում: Շփման գծում առկա լարվածության, ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանն այն ինչ-որ ձեւով կնպաստի՞:



 



- Ես կարծում եմ, որ ցանկացած հանդիպում միշտ նախընտրելի է չհանդիպելուց, եթե անգամ մեծ արդյունքներ չեն ակնկալվում: Լայն առումով ես չեմ ակնկալում հարցի լուծման վերաբերյալ արդյունքներ, բայց կարծում եմ, որ իրավիճակի որոշակի մեղմացում կլինի: Ի վերջո, Պուտինը կարիք ունի Արեւմուտքին ցույց տալու, որ ինքը Հարավային Կովկասում հարցեր լուծող է: Եվ քանի որ սա անհրաժեշտ է Պուտինին, դրանից հետո փոքր մեղմացում կլինի, հետո՝ ակտիվացում, նորից՝ էլի մեղմացում:



- Հայաստան-Ադրբեջան մեկուկես տասնյակի հասնող հանդիպումներն ի՞նչ հարց են լուծել այս 20 տարիների ընթացքում: Գլխավոր խնդիրը մնում է չլուծված, սահմանին իրավիճակը սրվում է, զոհեր են արձանագրվում, իսկ հանդիպումները շարունակվում են: Դրանք ղարաբաղյան խնդրի լուծմանն ինչ-որ ձեւով նպաստե՞լ են:



- Անցած տարի 14-րդ հանդիպումն էր, երեւի արդեն մեկ տասնյակից ավելի, երկու տասնյակին մոտ են հանդիպումները, եւ դրանց շնորհիվ է, որ 94 թվականից իրավիճակի սրում չի եղել: Այդ հանդիպումները նպաստել են լայնածավալ պատերազմի կանխմանը: Կողմերը չեն եկել վերջնական լուծման, քանի որ խիստ իրարամերժ տեսակետներ ունեն, առաջին հերթին մեղադրելի է Ադրբեջանի դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանն այսօր Ղարաբաղին առաջարկում է մի կարգավիճակ, որն ավելի ցածր է, քան Ղարաբաղն ուներ մինչեւ 88 թվականը: Եվ չկա աշխարհի պատմության մեջ մի դեպք, որ կռված-հաղթած կողմը հենց այնպես համաձայնի ավելի ցածր կարգավիճակի, նա մի բան պիտի ստանա, փոխզիջումը նշանակում է, որ մի բան զիջում ես, մի բան մնում է:



- Պարոն Պապյան, կան կարծիքներ, որ Ադրբեջանի ակտիվացումը Ռուսաստանի հրահրման հետեւանք է: Եվ, ընդհանրապես, ըստ Ձեզ, արտաքին քաղաքական ո՞ր գործոնները նպաստեցին Ադրբեջանի ակտիվացմանը:



- Մի շարք պատճառներ նպաստեցին, ընդհանրապես, նման գործոնները բազմաթիվ են, մեկը չէ: Ռուսաստանից Ադրբեջանը հսկայական քանակությամբ զենք էր գնել։ Սա մեկ գործոն է: Եվ այդ զենքը հարսանեկան հրավառության համար չէր կուտակվել, պետք է օգտագործի այդ զենքը։ Մյուս արտաքին քաղաքական գործոնը Ռուսաստան-Ուկրաինա-Արեւմուտք հարաբերությունների սրումն է: Ի վերջո, Ռուսաստանն այդքան ռեսուրս չունի, որ կարողանա երկու ճակատի ուղղությամբ գործողություններ ծավալել: Նպաստեցին նաեւ այն կանխատեսումները, որ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատանալու է, իսկ արտաքին քաղաքական գործողությունները, հատկապես ռազմական գործողությունները, Ռուսաստանում ղեկավարի ռեյտինգը բարձրացնելու էին: Մենք տեսնում ենք, որ հիմա Պուտինի ռեյտինգը բարձր է: Մի խոսքով, տարբեր գործոններ կան, որոնք հանգեցրին դրան:



- Այս օրերին քննարկվող թեմաներից մեկն էլ Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառումն է, որը բացասական է անդրադառնալու նաեւ ՀՀ-ի վրա: Սակայն խնդրին դեռեւս պաշտոնապես չեն արձագանքել ՀՀ համապատասխան կառույցները: Էկոնոմիկայի նախարարն էլ նախօրեին հայտարարեց, որ իրենք պաշտոնապես նման հայտարարություն չեն ստացել Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է աներ Հայաստանը, եւ ինչպե՞ս է այն անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա:



- Իհարկե, բացասաբար կանդրադառնա, որովհետեւ մենք Ռուսաստանի հետ տնտեսական սերտ հարաբերություններ ունենք, որոնք իրականացվում են այստեղ՝ իրենց ընկերությունների միջոցով, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում եւ դրամական փոխանցումներ են անելու, որոնք եւս կրճատվելու են, եւ շատ կառույցներ, հայտնվելով պատժամիջոցների տակ, մեզ ուղղակի գործելու հնարավորություն չեն տալու, նույն բանկերը եւ այլն: Ինչ վերաբերում է ՀՀ արձագանքին, կներեք, էս դեպքում ինչների՞ս է պետք էկոնոմիկայի նախարարությունը: Այս կառույցը նրա համար է, որ կառավարի մակրոմակարդակով, եթե տնտեսվարողն ընկնելու է պատժամիջոցի տակ, ի՞նչ անի: Ի վերջո, սրանք քաղաքական հարցեր են, եւ պետությունն անելիքներ ունի այստեղ:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]