Միայն Ալիևը մեղավոր չէ

Միայն Ալիևը մեղավոր չէ

«Շատ կարևոր է, որ հակամարտող կողմերը համդիպում են։ Ամենադրականն այն է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ասացին, որ կարևորում են խնդրի խաղաղ կարգավորումը։ Պուտինը կարողացավ պոկել Ալիևից այդ բառերը»․ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը համարում է, որ նախագահների եռակողմ հանդիպումն ունեցել է դրական կետեր, բայց և անհասկանալի հայտարարություններ։



«Ինչու՞ է Ռուսաստանի ԱԳՆ նախագահ Լավրովը վերջում ևս մեկ անգամ հայտարարում, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալու է առանց Ղարաբաղի։ Անհասկանալի էր այդ հղումը։ Այս եռակողմ հանդիպումը հետագա պրոցեսների վրա, անշուշտ, կազդի։ Մեկ-երկու օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Կարևորն այս սուր իրավիճակը չի մնա, գրեթե նախապատերազմական իրավիճակ էր»։



ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ Ադրբեջանի այս կերպ կտրուկ գործողությունների գնալը կապված է Հայսատանի հեղինակության կորուստի հետ․ «Այս դեպքերի համար մեղավոր չէ միայն Ալիևը։ Արդյոք մենք տեղիք չե՞նք տալիս, որ նա դիմի այդպիսի գործողությունների։ Մեր երկրի հեղինակազրկումը բացասական ազդեցություն ունեցավ։ Սա Ադրբեջանի մոտ իմիտացիա առաջացրեց, որ Հայաստանը թուլացել է, բացի այդ, տարբեր կենտրոններից Ադրբեջանին սիրաշահում էին, սա Ալիևին անշուշտ ոգևորում էր, իբր նա դարձել է ավելի կարևոր, քան Հայաստանը։ Նա սկսեց մտնել առևտրի մեջ, ըստ երևույթի չէր ստանում այն ինչ ուզում էր, և սկսեց դիմել շանտաժի»։



Ստեփան Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի հաջորդ քայլերը պետք է լինեն լուրջ աշխատանքները միջազգային հարաբերություններում, որպեսզի բանակը միայնակ չլինի։ Վերջինս անդրադառնալով հայ հասարակության միավորմանը՝ նշեց․ «Հայաստանում իշխանությունները որևէ ծրագիր չարեցին, որը կմիավորեր հասարակությանը։ Նրանք պառակտում են հասարակությունը և ընդունում օրինագծեր, որոնք անջրպետ են առաջացնում հասարակություն-իշխանություն հարաբերությունների մեջ։ Ադրբեջանում այդ ամենի մասին լավ տեղեկացված են»։



Սիրան Հունանյան