Ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև բրենդային ԲՈՒՀ

Ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև բրենդային ԲՈՒՀ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց միանգամայն բարձր տրամադրությամբ ու մի քանի կրթական նորամուծություններով։ Մասնավորապես, այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում փորձ է արվելու ներդնել նոր հանրակրթական առարկա` ազգային երգն ու պարը, որը 1-2 տարի փորձարկելուց հետո կորոշվի, թե վերջնականապես որ դասարանից այն ներդնել։ Աշակերտների ազգային հոգեկերտվածքից բացի, ԿԳ նախարարը մտահոգ է նաեւ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, դրա համար ռազմահայրենասիրական նոր հայեցակարգ է մշակվում` այն ծրագիր դարձնելու եւ դպրոցներում կիրառելու համար։ Բացի այդ, 7 հազար ուսուցիչ վերապատրաստվել է, եւ մի շարք դպրոցներ, ինչպես նշեց ԿԳ նախարարը, ունեն նոր «տնօրինացուներ», այսինքն՝ նոր տնօրեններ։



Աշոտյանին հարցրին նաեւ Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացման մասին, ինչն անակնկալի չբերեց նախարարին, ավելին՝ նա նշեց, որ կարող է դրույք անել, թե որ լրատվամիջոցն իրեն ինչ հարց կտա։ Ըստ նրա, Լոմոնոսովի անվան համալսարանը բրենդային բուհ է եւ եթե գա Հայաստան, ապա, միանշանակ, խթանելու է կրթությունը։ Ապա հավելեց, որ Լոմոնոսովն Արխանգելսկից է եկել, թե ոչ, միեւնույն է, այս համալսարանը կլինի Հայաստանում, ու թե ինչքան էլ իրեն մեղադրեն ռուսամետության մեջ եւ ասեն, թե ստրկամիտ է, ինքը ներում է իրեն անվանարկողներին։



Աշոտյանին վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ այդպիսի աղմուկ չեղավ ոչ Ֆրանսիական, ոչ Ամերիկյան համալսարանների դեպքում, մինչդեռ Լոմոնոսովի անվան համալսարանը Հայաստան բերելու համար 5 տարի է արդեն, ինչ բանակցում են, ասում է` նախաձեռնությունը մեզնից էր, «ոչ մի զանգ Ռուսաստանից»: Նախագիծն արդեն հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, մնում է ռուսական կողմն էլ հավանություն տա, եւ Լոմոնոսովի համալսարանն իրականություն կդառնա Հայաստանում, որտեղ, ըստ Աշոտյանի, հնարավորություն կլինի ուսանելու հասարակագիտական եւ բնագիտական առարկաներ:



Աշոտյանին հարցրին նաեւ, թե «ինչ արժանիքների համար է Սաքուլիկը նշանակվել ՀՊՏՀ-ի պրոռեկտոր»: Իսկ խոսքը Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ իր անվայելուչ պահվածքով աչքի ընկած Սեւակ Խաչատրյանի մասին է: Հարցն ակնհայտորեն դուր չեկավ նախարարին, ով՝ ոչ ավել, ոչ պակաս, հիշեցրեց նրա անուն-ազգանունը, ու թե նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը: Չի խառնվում, բայց խրախուսո՞ւմ է։ «Ի՞նչ անենք` արտաքսե՞նք Սեւակին Հայաստանից: Այո, եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց ճիշտ չեն դրսեւորել, որի համար ներողություն են խնդրել: Ի՞նչ անենք, ամբողջ կյանքում հետապնդե՞լ նրան: Չեմ հասկանում մաղձը, որ չեն կարողանում ներել այդ տղային: Ինչ է, նա ամբողջ կյանքում պետք է գործազո՞ւրկ լինի»,- նման հռետորական հարցադրումով պատասխանեց լրագրողներին ԿԳ նախարարը:




Սոնա ԱԴԱՄՅԱՆ
[email protected]