Բյուջե լցնելու ևս մեկ նորամուծություն

Բյուջե լցնելու ևս մեկ նորամուծություն

Բյուջեն լցնելու Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները քիչ-քիչ գործնական ընթացք են ստանում, որոնք իհարկե, բնավ կապ չունեն օլիգարխներին ստվերից դուրս բերելու նրա խոստումների հետ: Օրինակ, երեկ կառավարության նիստում որոշվեց, որ ՀԴՄ-ներ պետք է տեղադրվեն նաեւ տրանսպորտային միջոցներով առաքումներ իրականացնող տնտեսվարողների մեքենաներում: «Եթե տնտեսվարող սուբյեկտն իր ապրանքն առաքում է տրանսպորտային միջոցով, կապ չունի՝ ինչ տեսակի, բայց տեղափոխում է իրականացնում դեպի վաճառքի վայր, հնարավորություն է ստեղծվում, որ այս տրանսպորտային միջոցի վրա տեղադրվի հսկիչ դրամարկղային մեքենա: Հարկային հաշիվը պետք է դուրս գրվի ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի պահեստից, այլեւ իր տրանսպորտային միջոցից: Ինչո՞ւ է այս պահանջը դրվում: Շատ հաճախ ապրանքները, երբ որ ունենում են դիստրիբյուտորական ցանց եւ առաքվում են հանրապետության տարբեր տարածքներ, կարող են գնվել նույն քանակությամբ, կարող է մի մասը հետ վերադարձվել ու չգնվել: Այսինքն՝ այնպես չէ, որ տնտեսվարող սուբյեկտը գիտի, որ այդ օրն իր պահեստից առավոտ շուտ առաքված ամբողջ ապրանքը 100 տոկոսով հաշիվ-ապրանքագրերով սպառվում է: Տեղում վերադարձ է լինում, ապրանքի քանակի ճշգրտումներ են լինում: Հանրապետության բոլոր տնտեսվարողներն այսուհետ հնարավորություն կունենան ներդնել այդպիսի ՀԴՄ-ներ, տեղադրել իրենց տրանսպորտային միջոցների վրա, ունենալ ծրագրային ապահովվածություն եւ իրականացնել ապրանքների դուրսգրումը»,- նշեց նա: Բայց, թերեւս, վերջին բողոքի ակցիաներից վախեցած՝ զգուշավոր շարունակեց, թե այս կարգը պարտադիր չէ, միայն կամավորության սկզբունքով պետք է տնտեսվարողները տեղադրեն այդ ՀԴՄ-ները: Նաեւ նշեց, որ այս կարգը չի վերաբերում գյուղմթերքի վաճառքով զբաղվողներին: