Եռյակը չորս ոտքով ընկավ թակարդը

Եռյակը չորս ոտքով ընկավ թակարդը

Եթե արտահայտվենք ԲՀԿ-ական առանձին լրատվամիջոցների բառապաշարով, ապա պիտի ասենք, որ այսօր արդեն միայն էշերն են հավատում, որ եռյակի հանրահավաքի օրն ընտրվել է պատահականորեն: Նույն Նաիրա Զոհրաբյանը, նույն Լեւոն Զուրաբյանը, մյուս ԲՀԿ-ականներն ու եռյակիստները, ովքեր երբեւէ հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ը պատահականորեն է ընտրվել, ստախոսներ են, ուրիշ ոչինչ: Կասեինք` վտանգավոր ստախոսներ:



Այդ սուտը նրանք տարածել են, որպեսզի հետո խուսափեն պատասխանատվությունից, եթե հանկարծ Մինսկում Հայաստանն ստորագրի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Բանն այն է, որ եռյակը սատարում է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու գաղափարը, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքն էլ այդ սատարման հանրահավաքն է:



Իսկ եռյակիստների սուտը բռնվեց մի հասարակ բանից` «Նեզավիսիմայա գազետայում» հանկարծ, հոկտեմբերի 10-ի նախօրյակին, լույս տեսավ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի թիվ 1 մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Այդ հարցազրույցի բովանդակությունը՝ դեռ մի կողմ (ի դեպ, շատ խելացի հարցազրույց է), շատ կարեւոր է հարցազրույցի փաստն ինքնին եւ հատկապես դրա հրապարակման ամսաթիվը: Եվ հիմա արդեն շատ դժվար է լինելու հարթակ բարձրացած ճարպիկների համար պնդելը, որ հոկտեմբերի 10-ի ընտրությունը պատահական զուգադիպություն է եւ վերջ:
Նրանք արդեն իսկ խուսանավելու ուղիներ են փնտրում: Եռյակին սատարող լրատվամիջոցներից որոշները նոր վերսիա են մեջտեղ բերում, գրելով, որ՝ այո, հոկտեմբերի 10-ն է ընտրվել, որովհետեւ Սերժ Սարգսյանը որոշել է հոկտեմբերի 15-ին հրապարակել սահմանադրական բարեփոխումների փաթեթը, եւ եռյակը ցանկացել է օր առաջ իր «ոչ»-ն ասել այդ փաթեթին եւ հասկացնել իշխանություններին, որ դեմ է լինելու դրան: Ի՞նչ արած, դարձյալ պետք է կրկնենք` էշը եւ մեկ էլ եռյակի անմնացորդ նվիրյալները կհավատան այդ ապուշությանը: Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների մասին առաջին հայտարարությունից այսկողմ սույն եռամիասնությունը հավաքականաբար եւ առանձին-առանձին ամենաքիչը մի հարյուր անգամ հայտարարել էր, որ դեմ է լինելու այդ փոփոխություններին եւ դրանք գնահատում է որպես Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու փորձ: Կարիք կա՞ր, արդյոք, իշխանություններին նույն բանը եւս մեկ անգամ ասելու համար հանրահավաք նշանակել հատկապես հոկտեմբերի 10-ին` անտեսելով նույնիսկ եռյակի կերակրող ձեռքի` Հայաստանի թիվ մեկ մեծահարուստ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հորդորը` սպասենք, տեսնենք, թե ինչ է գրված փաթեթում, հետո մեր խոսքը կասենք:



Իսկ հիմա փորձենք անդրադառնալ «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հարցազրույցի մի քանի առանձնահատկություններին եւ զուգահեռներ տանել հարթակի սուտասանների հնչեցրած «իշխանափոխության» կոչերի եւ թերթի հարցերին Գագիկ Ծառուկյանի հավասարակշիռ պատասխանների միջեւ: Առաջին տպավորությունը, որ ստանում ես հարցազրույցից, այն է, որ եռյակի կազմում ԲՀԿ-ն հայտնվել է ՀԱԿ-ից վասալային կախվածության մեջ: Եռյակի ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ԲՀԿ-ի տարբերությունն այնքան մեծ է, որ ակամա մտածում ես` մի՞թե սա նույն ԲՀԿ-ն է: Հարթակի վրա ԲՀԿ-ն հայտարարում է. «Իշխանափոխություն ենք անելու», «Նախագահը պետք է հեռանա», «Այս իշխանությունը պետք է հեռանա»: Իսկ «մայդաններից» վախեցած «Նեզավիսիմայս գազետային» Գագիկ Ծառուկյանն ասում է` ի՞նչ Մայդան, ի՞նչ բան, այ ձեր ցավը տանեմ, մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել, ուզում է հավասար մրցակցություն լինի, արդարություն լինի, ես էլ ուզում եմ տնտեսությունը զարգանա, մարդիկ լավ ապրեն, որ հանգիստ խղճով կարողանամ քնել: Գագիկ Ծառուկյանը ոչ մի բառ չի ասում այն մասին, որ այդ ամենը հնարավոր է միայն իշխանափոխության շնորհիվ: Իհարկե, նա չի թաքցնում իր դժգոհությունը ՀՀ իշխանություններից եւ իրեն էլ շատ նուրբ ձեւով է առաջարկում որպես ՀՀ վաղվա իշխանություն, բայց դա ամբողջությամբ տեղավորվում է Ծառուկյանի «հանգիստ, անցնցում, սահուն, հեզասահ իշխանափոխություն» ծրագրի մեջ, որ ենթակա է իրագործման 2018-ին:



Ռուսներն արդյոք թերահավա՞տ են Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի հանդեպ: Սա շատ կարեւոր հարց է` հասկանալու համար, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հրապարակվեց այս օրերին, ավելի ստույգ` երբ արդեն հավաքվել են Մինսկում, որտեղից Սերժ Սարգսյանը դուրս կգա կամ Պուտինի հետ, կամ Պուտինի վրա: Բայց մի՞թե Սերժ Սարգսյանը դեռ իրեն չհավատալու տեղ է թողել: 2013թ. սեպտեմբերին հայտարարել է ՄՄ գնալու մասին, 2014թ. գործից հանել է արեւմտյան հովերով տարված վարչապետին, նշանակել է Մեդվեդեւից այնկողմ մարդ չտեսած Հովիկ Աբրահամյանին, սովետական ղեկավարների արձաններ է պատվիրել, Սուրիկի նման ռուսամետ նժդեհական դոկտորին վերանշանակել է մարզպետ եւ անգամ ինքը հռչակվել վերջին բոլշեւիկ: Այս ամենը բավարար չէ՞: Մեր կարծիքով` բավարար է, նույնիսկ հաճելի Ռուսաստանի համար: Բայց, ամեն դեպքում, Ծառուկյանն շտապում է ավելի սոլիդ ներկայանալ ռուս էլիտային. «Համոզված եմ, որ դուք ինձնից եւ իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ: Այդ կեղծ գաղափարն արհեստականորեն է մտցված շրջանառության մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես հետեւյալ բանաձեւի հետեւորդն եմ. Հայաստանին ռազմավարական ուժեղ գործընկեր է հարկավոր՝ ի դեմս Ռուսաստանի: Սակայն այդ բանաձեւը նաեւ հակառակ երեսն ունի՝ Ռուսաստանին եւս Հարավային Կովկասում հարկավոր է ուժեղ եւ դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմս Հայաստանի: Ես պնդում եմ, որ դա միակ ճիշտ բանաձեւն է, որը մեզ հնարավորություն կտա բոլոր բնագավառներում էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները: Որքան հզոր լինի Հայաստանը, այնքան ավելի խոր եւ ամուր կդառնան հայ-ռուսական հարաբերությունները»:



Ահա եւ ավարտվեց կանաչ խիարի պատմությունը, հարթակի հարգելի սուտասաններ: Ամեն ինչ հիմա կախված է այն բանից, թե ինչ գույնի լույս կվառվի ԲՀԿ առաջնորդի առջեւ Մինսկում կամ ավելի ստույգ` Մոսկվայում: Ձեզ հիմա մնում է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում անդրադառնալ պարոն Ծառուկյանի հարցազրույցին եւ այն մեկնաբանել ձեր պատկերացրած իշխանափոխության ծիրին մեջ` չմոռանալով, այդուհանդերձ, բացատրել, թե ինչու եք մտել հեղափոխականի կերպարի մեջ, եւ ինչու հենց հոկտեմբերի 10-ին նշանակվեց 2018 թվականին սպասվող իշխանափոխության հանրահավաքը:



ՀԳ. Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Օպերայի տարածքի զուգարանները հոկտեմբերի 10-15-ը փակ են լինելու: