Միհրանյանը գերազանցեց Կիսելյովին

Միհրանյանը գերազանցեց Կիսելյովին

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երեկվա հյուրը մեր հայրենակից Անդրանիկ Միհրանյանն էր, ով, ի տարբերություն Կիսելյովի, «Համմերով» չէր եկել խորհրդարան, բայց իր ռուսամետությամբ եւ ցինիկ հայտարարություններով գերազանցեց ռուս գործընկերոջը: Նախատեսված էր, որ ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ Միհրանյանի հետ հանդիպմանը պետք է մասնակցեն նաեւ ՀՀ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանտ, Հայկ Բաբուխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ այլք: Սակայն ներկա չէր անգամ «մոդերատոր» Հերմինե Նաղդալյանը, ով սովորաբար այս հանդիպումների ժամանակ «քավորություն» է անում: Ի դեպ, չգիտես ինչու, ԱԺ փոխխոսնակի անունը ծրագրում գրված էր «Հեղինե»:



Միհրանյանը, մտնելով քննարկման կիսադատարկ սրահ, բարկացած հայացքով սկսեց այսուայնկողմ նայել՝ ասես մեղավորին գտնելու ակնկալիքով: Ակումբի անդամները, տեսնելով իրենց պատվավոր հյուրի հիասթափությունը, անընդհատ փորձում էին արդարանալ, թե հիմա կգան, բյուջեի քննարկում է: Ակումբի միակ հայտնին «Համով զրույց» հաղորդման հեղինակ-վարող Զառա Արամյանն էր, ով Միհրանյանի առաջ սեթեւեթում էր եւ հանգստացնում. «Ֆինանսաբյուջետայինի քննարկումն է, հիմա կգան»: Անդրանիկ Միհրանյանն էլ, տեսնելով, որ եկող չկա, ջղաձիգ ասաց. «Դե, ուրեմն մեկ բաժակ սուրճ բերեք՝ կիսաքաղցր»: «Համով» Զառան էլի փորձեց մթնոլորտը լիցքաթափել. «Կոֆեի հոտերն էլ քցել են, հեսա մենք էլ ենք ուզելու»: Սուրճը բերեցին: «Ես ասացի կիսաքաղցր, բայց լրիվ դառը եղավ»,- բարկացավ Միհրանյանը՝ աչքը պատգամավորների ճամփին: Լրագրողների հորդորով ակումբավարը նախատեսվածից 20 րոպե ուշացումով սկսեց քննարկումը: Նախ ներածական խոսքով հանդես եկավ Անդրանիկ Միհրանյանը՝ եզրափակելով. «Ես, իհարկե, հաճույք եմ ստանում իմ խոսքերից, բայց դիալոգը մոնոլոգից լավ է»: Իսկ նա խոսում էր աշխարհաքաղաքական «բարդ» ու «վտանգավոր» զարգացումներից եւ Հայաստանի «ճիշտ» ու «անվտանգ» ընտրությունից՝ ի դեմս ԵՏՄ անդամակցության: Քիչ անց հայտնվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ով նախապես ասաց, թե երկար չեն մնալու, մեկ այլ քննարկման են: Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված՝ հյուրից հետաքրքրվեց Ռուսաստանի անելիքների մասին, որը կարող է աշխարհի այլ երկրների համար օրինակ ծառայել: Բայց Միհրանյանը հանդիմանեց՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը քայլեր անի: «Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, որ անի, այս հարցերը քննարկե՞լ եք ձեր մշակույթի նախարարի, ԱԳՆ ղեկավարի հետ»,- հարցին հարցով պատասխանեց նա, ապա իմիջիայլոց նկատեց, որ ինքն «Էձիկից կստածի» չի էլ հարցրել, թե ինչ են մտածում:



Պատգամավորուհիները լքեցին, որից հետո Միհրանյանը նորից երկար-բարակ խոսեց, դաս տվեց լրագրողներին, տեղ-տեղ վիրավորելով եւ հորդորելով միայն ձեռք բարձրացնելուց հետո հարցեր տալ ու քննարկումը չվերածել «ուկրաինական բազառի»: Հանդիպման կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին ռուս էմիսարների Հայաստանում դրսեւորվող «արհամարհական» տոնի եւ շանտաժի լեզվի մասին, հատկապես Կիսելյովի, ով դժգոհում էր Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակից եւ այդ լեզուն համարում մեր անվտանգության երաշխավոր: 



Միհրանյանը, ով Կիսելյովի «լավ բարեկամն է», փորձեց սրբագրել նրան՝ մեղքը բարդելով մեր փոքր ժողովուրդ լինելու վրա: Հորդորեց ձերբազատվել այդ բարդույթից եւ ամեն հայտարարություն չընդունել իբրեւ ճնշում ու վիրավորանք: Ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող են հայ-ռուսական բարեկամական ակումբի մասնակիցները վիրավորել հայերին. «Ես ուղղակի շատ ապշած էի մնացել, որ այստեղ այդպիսի վայրենի, աննորմալ, հակակիսելյովական ինչ-որ կամպանիա էր հայկական մամուլն ստեղծել, սա լրիվ ես համարում եմ անթույլատրելի, ապուշ ու կոմպլեքսավորված մարդկանց վերաբերմունք»: Երբ լրագրողները նկատեցին, որ ինքը գերազանցեց Կիսելյովին, Միհրանյանը նեղսրտած նկատեց. «Բա պիտի գերազանցեմ, ես բոլորին եմ գերազանցում, դուք չգիտե՞ք ում հետ եք եկել հանդիպման»: