Նոր ուժի պահանջ կա

Նոր ուժի պահանջ կա

Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրն սկսել է նոր անդամներ ներգրավել եւ թափով պատրաստվում է ակտիվ գործողությունների: Եթե մինչ այս նախատեսում էին որպես կուսակցություն գրանցվել 2015 թվականի կեսերին, հիմա կարծես թե ծրագրերը փոխվել են, եւ չի բացառվում, որ նախաձեռնությունը կուսակցություն դարձնելու գործը շատ ավելի վաղ տեղի ունենա: Մեր տեղեկություններով, տարբեր քաղաքական միավորներ ու անձինք էլ են մտածում Պայմանագրին միանալու մասին:



Ըստ որոշ լուրերի, նման մտադրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի Նախախորհրդարանը, «Հայազն» կուսակցությունը, ինչպես նաեւ հայտնի անհատներ, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանը, Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ այլք: Վերջիններս համակրում են Պայմանագրին եւ այստեղ հավաքված անձանց, սակայն անդամագրման հարցում չեն շտապում: Դա, ըստ էության, կախված է տարբեր հանգամանքներից. Զարուհի Փոստանջյանի դեպքում, օրինակ, այն բանից, թե ուր է գնալու «Ժառանգությունը», եւ որքանով է այնտեղ վճռորոշ դերակատարում ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանը: Խ. Սուքիասյանի դեպքում՝ այն բանից, թե ինչ ծրագիր ունեն Պայմանագրի անդամները: Իսկ հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ, հատկապես «Հարսնաքարի» բողոքի ակցիաներին ակտիվորեն մասնակցող Զարուհի Հովհաննիսյանը թեեւ մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ քաղաքական դաշտ մտնելու «նպատակ չի հետապնդում», սակայն, երբ հարցը կոնկրետացվել է՝ ասում են, միանալու եք Քաղաքացիական պայմանագրին, ասել է. «Նրանց կողմից նման առաջարկ չեմ ստացել»: Այս փուլում բոլորն զբաղված են իրենց ռեսուրսներն ուժեղացնելով, նոր, թարմ դեմքեր ներգրավելով, քանի որ մարդիկ հոգնել են հին դեմքերից, եւ փոփոխության պահանջ կա ոչ միայն իշխանության հետ կապված, այլեւ ընդդիմության: Նա, ով կկարողանա առաջիկայում լուրջ հայտ ներկայացնել եւ չվարկաբեկված անձանցով համալրված նոր ուժ ձեւավորել, նրա շանսերը՝ ժողովրդի համակրանքը շահելու եւ հասարակությանն առաջնորդելու, կրկնակի մեծանալու են: Անկախ ոմանց քննադատություններից եւ «մարգինալների» հասցեին ասված նախատինքներից: