Որ ընտրովի եղավ, ընդդիմության նախագահն էլ Սերժ Սարգսյանը «կընտրվի»

Որ ընտրովի եղավ, ընդդիմության նախագահն էլ Սերժ Սարգսյանը «կընտրվի»

Եթե հանրահավաքի մի քանի օրվա ուշացումն է այն մեծ պատճառը, որով հիմնավորվում է, որ շարժումը մարել է, որ էլ հանրահավաք չի լինելու, արդեն ամեն ինչ պրծավ, կասեմ՝ բռավո, բռավիսիմո մեր քաղաքական դաշտին, որ ժամացույցի պես անխափան աշխատում է: Հոկտեմբերի 31-ին չեղավ, նոյեմբերի 7-ին կլինի: Հետո ի՞նչ: Ոնց որ օխտիկ ծնված լինեք: Վաղածին: Թե՞ չեք համբերում, ուզում եք, որ օր առաջ ձեր ասածը ճիշտ դուրս գա, ու բոլորս համոզվենք, որ եռյակը տուն- տունիկ է խաղում: Գիտե՞ք, երբ նույն բանը կոկորդ պատռելով ես անում, դիմացինդ էշ չի, մտածում է՝ սրա փորացավն ի՞նչ է: Ամբողջ օրը դրել ու ռնդում եք Գագո- Լևոնին, փոշու մեջ խեղդելով մեզ: Երբ իշխանությունն է ընդդիմությանը քննադատում, էլի մի բան հասկանում ես, բայց երբ ընդդիմությունն է ընդդիմությանը փոցխում, ոչինչ չես հասկանում: Ընդդիմությունը խանգարում է ընդդիմությանը, իշխանությունը չի՞ խանգարում: Պղտոր ժամանակ բոլորդ գետ եք մտել, որ ինչ: Ոչ մի բան չի երևում, մատդ շարժես, կարող է յուրայինի աչք խոթես: Այսպես որ գնա, պիտի ընդդիմության համահայաստանյան նախագահ էլ ընտրենք: Համաժողովրդական քվեարկությամբ: Բանից պարզվում է, որ դա ՀՀ նախագահից պակաս պաշտոն չի, որ այդպես կռվում, գզվռտում են իրար: Այնպես չանեք, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընդդիմության նախագահի պաշտոնն էլ ընտրովի դառնա: Որ ընտրովի եղավ, ընդդիմության նախագահն էլ Սերժ Սարգսյանը «կընտրվի»: Գոնե դրանից քաշվեք ու ձեր սեփական ուժերը չափեք Ազատության հրապարակում և ոչ թե միմյանց հետ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում կոխ բռնելով:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ