Հրայր Թովմասյանն իր տեղում չէ

Հրայր Թովմասյանն իր տեղում չէ

Նախկին նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան այլ անձինք հաճախ են թերարժեքության բարդույթ ունենում նոր, նախկինից ավելի ցածր պաշտոններ զբաղեցնելիս կամ առհասարակ անպաշտոն, «ասֆալտի վրա» նետված մնալով: Արդարադատության նախկին նախարար, ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն իր չինովնիկական կարիերայի անկումը փորձում է փոխհատուցել՝ տարատեսակ խորհրդավոր բառեր ավելացնելով իր բուն պաշտոնին: Նա ոչ թե աշխատակազմի ղեկավար է, այլ աշխատակազմի ղեկավար-քարտուղար:



Հրայր Թովմասյանի աշխատանքի բովանդակությունն ինքն իրեն «քարտուղար» կարգելուց հետո չի փոխվել: Նա առաջվա պես հետեւում է ԱԺ անցուդարձին, լրատվականի աշխատող Արսեն Բաբայանի միջոցով լրագրողների բեյջ կախել-չկախելուն է ուշադրություն դարձնում, փորձում է խստություններ մտցնել լրագրողների դեմ: Թե ինչու է լրատվականի սույն աշխատողը ոստիկանի դեր ստանձնել լրագրողների նկատմամբ, ամեն ինչ անելով, որ ինքն ու իր շեֆերն ընկնեն ԶԼՄ-ների աչքից, դա, իհարկե, այլ հարց է, որի պատասխանը թերեւս սույն աշխատողի անձնական կենսագրության մեջ պետք է փնտրել: Նկատենք, որ ԱԺ անկարգապահ պատգամավորների վրա ոչ նա, ոչ էլ Հրայր Թովմասյանը, բնականաբար, չեն կարող եւ չեն էլ համարձակվի սուր ճոճել, ուստի նորահայտ «քարտուղարը» մանր-մունր հարցերում է փորձում կարգուկանոն մտցնել, աշխատակազմը զտեց-ազատեց ավելորդ մարդկանից, նաեւ արտասահմանյան այցեր ինքն իրեն ապահովեց: Նախկինում ԱԺ պատգամավորների արտասահմանյան այցերին աշխատակազմի ղեկավարի մասնակցությունը պարտադիր չէր: Սակայն Հրայր Թովմասյանը փոխեց կարգը: Այժմ աշխատակազմի ղեկավար-քարտուղարը պետք է անպայման ներառված լինի արտասահման մեկնող ԱԺ պատվիրակությունների կազմում: Սա ընկալվում է որպես սփոփանք, խրախուսական մրցանակ նախկին նախարարի համար, ինչը հասկանալի է. շատ դժվար է նախարար լինելուց հետո հիմնարկի հասարակ կառավարիչ դառնալ: Բայց անկումն ավելի սարսափելի է թվում, երբ վերհիշում ենք, թե ով էր Հրայր Թովմասյանը նախկինում, մինչեւ ապարատի մեջ թաթախվելը՝ փայլուն իրավագետ, Սահմանադրության թիվ մեկ գիտակ եւ, ամենակարեւորը՝ անկախ էքսպերտ, որը երբեք չէր խուսափում համարձակ մեկնաբանություններից, որքան էլ դրանք հաճելի չլինեին իշխանությունների համար: Կարծում ենք, նա հիմա էլ ցանկանում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ, իսկ ապագայում՝ նույնիսկ Գագիկ Հարությունյանի տեղն զբաղեցնել, բայց, որպեսզի սա տեղի ունենա, նրան դեռ երկար ժամանակ պետք կլինի ծառայել աննկատ պաշտոններում, ապացուցել անձնական նվիրվածությունը եւ հնազանդությունն իշխանություններին, որպեսզի հնարավորինս արագ մոռացվի անկախ իրավագետի նրա երբեմնի իմիջը: Եվ որքան շուտ՝ այնքան լավ: