ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբի «Ազատության» մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբի «Ազատության» մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն իր ամենամյա ութերորդ ընդունելությանը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նյու Յորք քաղաքում:



«Գնալով իր պապի հետքերով` պարոն Ռոբերտ Մորգենթաուն և նրա ընտանիքը շարունակում են լինել Հայ դատի աչալուրջ ջատագովները` Հայոց ցեղասպանության և մյուս բոլոր անարդարությունների մասին ճշմարտությունը ներկայացնելով իշխանություններին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի Արևելյան ափի հանձնախմբի նախագահ Ստեփան Մեսրոպյանը:



«Ազատության» մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ամերիկահայ համայնքին հուզող մյուս հարցերում: Այս մրցանակին են արժանացել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Սամանթա Փաուերը, ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ նախկին սենատոր Էլիզաբեթ Դոուլին, բարոնուհի Քերոլայն Քոքսը և այլք: