Շամշյանի «բացահայտումը» խիստ տհաճ էր

Շամշյանի «բացահայտումը» խիստ տհաճ էր


Ամեն ինչ էլ պատահում է: Երբեմն, նույնիսկ բոլորի աչքի գրող մեկը հարցազրույցի ժամանակ ինձ խնդրում է՝ խնդրում եմ այսինչ ասածս չգրեք, դա անձնական է, ինտիմ, դրա շուրջ բազար կսարքեն: Ու ես, այդ զրույցը, ինչքան էլ ընթերցող բերի, միևնույն է, հանում եմ: Մարդը չի ցանկանում այդ «ապրանքը տալ», պատահական ձեռքից գցում է, ես ինչպե՞ս հանգիստ խղճով վերցնեմ ու դեռ ուրիշներին հրամցնեմ: Տեսե՜ք- տեսե՜ք, մարդու անձնական կյանքից զրույց թռցրի: Գուցե սխալ եմ և ասեք, որ լրագրողը պիտի մինչև վերջին շապիկը խորանա, զրույց պոկի ու զարմացնի, բայց ես այդ տեսակին չեմ ընդունում: Լսում էի Շամշյանի մեկնաբանությունը և սարսափում, քրտնում այն խեղճ մարդու փոխարեն, ով իրեն սրտին շատ խիստ մոտ բան է անկեղծորեն խնդրել: Վթար էր եղել և տղան խնդրել էր Շամշյանին, որ հաղորդման ժամանակ այդ մասին ասի, գուցե թե նրանից բաժանված կինը խղճա իրեն ու հետ վերադառնա: Լրագրողը կարող էր մերժեր, դա նրա իրավունքն է, բայց վերցնել ու այդ ամենը եթերով բացահայտել, չափից դուրս է: Մարդը հանցագործություն չէր կատարում և խնդրում, որ Շամշյանը պարտակի, ընդամենը ուզում էր, որ սիրած կինը ետ վերադառնա: Գուցե թե լրագրողի այդ մի նախադասությունը փրկիչ լիներ ու մի ընտանիք փրկվեր: Հակառակ պարագայում, կարելի էր լռել գոնե, եթերի բերան չտար ու ողորմելի վիճակում չթողներ այդ թշվառ մարդուն: Նորից ու նորից հիշում եմ մեր դասախոս Շափաղաթյանին, ով նույնպես բերանում «տաք ջուր չէր կարողանում պահել» ու հայտնվում էր անընդհատ հումորային իրավիճակում: Մի անգամ նա ուսանողներիս իբր մեծ գաղտնիք խոստովանեց ու ասաց՝ հանկարծ ոչ մի տեղ, ոչ մեկին չասեք:
-Իսկ դուք որտեղի՞ց եք իմացել, ընկեր Շափաղաթյան,- հարցրի:
- «Սովետական Հայաստան» թերթում եմ կարդացել,- ասաց միանգամայն լուրջ:
Մենք փռթկացինք, որովհետև այն տարիներին մի Հայաստան էր, մի «Սովետական Հայաստան» թերթ: Իսկ դասախոսս զարմացավ և՛ մեր փռթկոցի, և՛ չհասկանալու վրա: Իսկ գուցե Շամշյանի համար էլ եթերը հույժ գաղտնի մի բան է ու եթերով զրուցելը համարում է տնավարի մի բա՞ն… Ամեն դեպքում այդ թշվառ մարդու գաղտնիքի բացահայտումը խիստ տհաճ էր:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ