Ես չեմ եղել Երևանում, բայց եղել եմ Վանում, Կարսում, Անիում

Ես չեմ եղել Երևանում, բայց եղել եմ Վանում, Կարսում, Անիում

«Կարեւոր է, որ երկու երկրների ժողովուրդները հարաբերությունների կարգավորման համար նախադրյալ տեսնեն եւ սկսեն մտածել այդ ուղղությամբ: Եթե Հայաստանում եւ Թուրքիայում յուրաքանչյուրը պատրաստ լինի փոխհամաձայնության, մենք ստիպված կլինենք նստել մի սեղանի շուրջ»,- Անկարայում հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայում Եվրամիության դեսպանի պաշտոնակատար Բելա Զոմբատին:



Նախօրեին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում «TEPAV» կազմակերպությունում նախ ոչ պաշտոնական մթնոլորտում, ապա պաշտոնական հանդիպման ժամանակ հայ եւ թուրք լրագրողները հնարավորություն ունեցան լսելու, ապա նաեւ հարցեր ուղղելու Թուրքիայում ԵՄ դեսպանի պաշտոնակատարին:



Նախեւառաջ ընդգծելով լրագրողների դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, Բելա Զոմբատին նշեց, որ հավատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության հնարավորությանը. «Մենք գիտենք, որ երկու երկրների կառավարությունների միջեւ մի շարք խնդիրներ կան, եւ հենց սրանից ելնելով էլ մտածում ենք, որ կարեւոր է երկու երկրների հանրությանը բերել միասնության, եւ հենց նմանատիպ ծրագրերի միջոցով էլ փորձում ենք դա իրագործել»: Ի դեպ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Եվրամիությունը 2 մլն եվրո է հատկացրել, որոնց շրջանակներում 18 ամիսների ընթացքում՝ մինչեւ 2015թ. հունիսը, նախատեսված է իրականացնել շուրջ 20 պրոյեկտ:



Ի պատասխան Հայոց ցեղասպանության թեմային հնչած հայ լրագրողներից մեկի հարցին, Բելա Զոմբատին նախընտրեց այն անվանել 1915թ. դեպքեր, միաժամանակ րոպեներ անց կոնֆերանսի ժամանակ չվարանելով պաշտոնական ամբիոնից մեկ այլ ձեւակերպում հնչեցնել. «Ես չեմ եղել Երեւանում, բայց եղել եմ Վանում, Կարսում, Անիում»: Նա նշեց, որ զարմացած է, թե ինչքան հայեր են ներդրում ունեցել Օսմանյան Թուրքիայի կառուցման հարցում, ընդգծելով հատկապես հայ ճարտարապետների դերը: Վերջինս նշեց, որ էքսպերտ չէ հայ-թուրքական հարցում, բայց փորձում է կարդալ այդ հարցի մասին անգլերեն գրականություն: «1915 թվականը շատ դժվար թեմա է, բայց պետք է սկսել խոսել դրա մասին, ու նախեւառաջ հայերն ու թուրքերը պետք է խոսեն իրար հետ»,-ասաց Զոմբատին՝ ընդգծելով, որ երկխոսության ճանապարհով ավելի արագ կհասնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



«TEPAV»-ի գործադիր տնօրեն Գյուվեն Սաքն էլ նշեց, որ իր անձնական հետաքրքրությունը տնտեսական է, այդ առումով Հայաստանը, իսկ ընդհանուր առմամբ նաեւ Կովկասը շատ կարեւոր են: Նա նշեց, որ եղել է Երեւանում եւ գիտի հայաստանյան կողմի սպասելիքները, ապա առաջարկեց «կառուցել կամուրջ», քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը շատ են կարեւորում: Գյուվեն Սաքն իր խոսքում նշեց, որ ռեալ պրոբլեմ մարդկանց միջեւ չկա, այլ, որքանով ինքն է հասկանում, դա երկու կառավարությունների խնդիրն է:



ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը Վրաստանում էր, որտեղ հայ եւ թուրք լրագրողները հանդիպեցին պատվիրակության մամուլի պատասխանատու իտալացի Ջուզեպպե Վասքյուսենին, ով լրագրողներից հետաքրքրվում էր ոչ միայն իրենց անձնական, այլեւ երկու երկրներում առկա տրամադրություններով:



Հանդիպման ժամանակ թուրք լրագրողներից մեկը նկատեց, որ ցանկացած դեպքում կառավարությունների դիրքորոշումը շատ կարեւոր է երկու երկրների հասարակությունների համար: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն էլ իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն փորձում է լինել երկու պետությունների կողքին հավասարապես: 



Արդեն Ֆեթիհեում՝ մեկ այլ պաշտոնական հանդիպման ժամանակ, Ֆեթիհեի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Աքիֆ Արըջանը վստահություն եւ ցանկություն հայտնեց, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները: Նա նշեց, որ ժողովուրդների միջեւ խնդիրներ չկան, դա պետք է թողնել անցյալում, իսկ անցյալի խնդիրները պատմաբանների խնդիրներն են: «Մեր խնդիրն առեւտրային հարաբերություններն են, դրանք կարող են հանդիսանալ հաշտեցման կամուրջ: Ցանկացած երրորդ երկրի միջոցով Հայաստան ապրանք ուղարկելը մեզ համար էլ է դժվարություններ առաջացնում: Շատ ցանկալի է, որ այն ուղարկվի Հայաստան-Թուրքիա ուղիղ ճանապարհով: Պետք է երկկողմանի շահերը համատեղել եւ դրա արդյունքում նստել-քննարկել եւ զարգացնել տնտեսական հարաբերությունները»,- ընդգծեց նա:



«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, ով 2006-ից զբաղվում է Հայաստան-Թուրքիա ծրագրերով, մեզ հետ զրույցում նշում է, որ այս տարիների ընթացքում տեսնում է, թե ինչպես է Թուրքիան փոփոխվում: Նա ընդգծում է, որ գնալով մեծանում է կրթված, ինտելեկտուալների խավը Թուրքիայում, եւ շատ են այն մարդիկ, ովքեր ազատորեն նայում են իրենց անցյալին, ավելի բաց են քննարկելու այդ թեմաները: Ու եթե 7-8 տարի առաջ Թուրքիայում հնարավոր չէր «ցեղասպանություն» բառն արտասանել, ապա վերջին 2-3 տարիների ընթացքում անգամ համալսարաններում այդ թեմայի շուրջ կոնֆերանսներ են անցկացվում, եւ շատ անգամ առանց չակերտների օգտագործում «ցեղասպանություն» բառը. «Ամեն ինչ շատ արագ է փոխվում, Թուրքիան դինամիկ պետություն է, իհարկե, 77 մլն-ի մեջ այդ խավը փոքրամասնություն է կազմում, բայց այդ խավից են ծնվում լիդերները, այսինքն՝ ինչ-որ հույս կա»:



Թե որքանով է կարեւոր 77 մլն-անոց Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելը, ըստ Վազգեն Կարապետյանի, Թուրքիայի համար տնտեսական առումով դա շատ փոքր դեր է խաղում, այլ հարց է, որ դա կարող է բերել քաղաքական դիվիդենտներ, եւ հարմար պահի սահմանը կարող են բացել: Թե ինչ կտա սահմանի բացումը Հայաստանին, գնահատականները դարձյալ տարբեր են, կան թե բացասական եւ թե դրական տեսակետներ, որ սահմանի բացումից Հայաստանի տնտեսությունը միայն կշահի, եւ երկաթուղին, որ անցնում է Թուրքիայի տարածքով, ավելի կէժանացնի տրանսպորտային ծախսերը: