Ծխախոտատուփ՝ ի հիշատակ անկախ Հայաստանի

Ծխախոտատուփ՝ ի հիշատակ անկախ Հայաստանի

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող հարուստ ժառանգության մեջ միշտ էլ հնարավոր է գտնել փոքրիկ իրեր, նմուշներ, որոնք առանձնակի հմայք ու պատմություն ունեն:



Թանգարանում նյութերի քանակը, բազմազանությունը հսկայական է` գեղարվեստական, գիտական, ազգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, անձնական եւ բեմական հագուստ, սպասք, հուշանվերներ, պետական պարգեւներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ: Թանգարանում գործում է 5 ցուցասրաh, որտեղ ներկայացված են գրողներին, հայ մտքի գործիչներին պատկանող անձնական իրեր, ստեղծագործությունների բնօրինակներ, էջեր մամուլից: Կան նաեւ նամակներ, որոնց հեղինակներն են Ալֆոնս Դոդենը, Էմիլ Զոլան, Պոլ Էլյուարը, Ստեֆան Մալարմեն, Ժորեսը:



Տարբեր ժամանակներում թանգարանի ֆոնդը համալրվել է անձնական նվիրատվություններով: Եվ, ահա, ցուցափեղկից մի գեղեցիկ արծաթյա ծխախոտատուփ է երեւում, որը պատկանել է Թեհրանում իր կյանքն ապրած Գեւորգ Շիշմանեանին: Ծխախոտատուփը Շիշմանեանի մահից հետո ժառանգաբար անցել է կնոջը, այնուհետեւ՝ վերջինիս քրոջ որդուն` ԱՄՆ-ում բնակվող բժիշկ, թարգմանիչ Հակոբ Ջաք Ասլանյանին, ով երկրաշարժի տարիներին ակտիվ մասնակցություն ունեցավ աղետի գոտի ժամանած բժիշկների խմբում: Նրա հոգածությամբ ու նվիրատվությամբ արծաթյա ծխախոտատուփը տրվել է Գրականության եւ արվեստի թանգարանին:



Բարձր որակի արծաթից պատրաստված ծխախոտատուփի յուրատիպ փորագրությունները Սպահանի վարպետ արծաթագործների ձեռաց աշխատանքն է` ի հիշատակ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ ժամանակի տպագրվող թերթերի ու ամսագրերի: Ծխախոտատուփի մի երեսին նրբին ասեղնագծերով հայ պարբերականների անուններն են՝ «Յառաջ», «Յուսաբեր», «Ազդակ», «Ազատ Խօսք», «Դրօշակ», «Հայրենիք», «Հորիզոն»: Մյուս երեսին Հայաստանի Առաջին Հանրապետության քարտեզն է եւ պետական գերբը: