Մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլը

Մեկնարկել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնի քաղաքային փուլի բացման հանդիսավոր արարողությանը:



Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ և մշակույթի նախարարությունների, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող փառատոնի նպատակը ռուսական մշակույթը և հոգևոր արժեքները ներկայացնելն է: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ արդեն ավանդական դարձած այս փառատոնը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է. «Արդեն հաճելի ավանդույթ դարձած այս միջոցառումն իր շրջանակներում է ներառել հազարավոր երեխաների, ովքեր մեծ սիրով ու պատասխանատվությամբ են պատրաստվում փառատոնին», - նշել է Գայանե Սողոմոնյանը: 



Երևանի դպրոցներում փառատոնին մասնակցելու նպատակով կազմակերպված նախնական մրցույթներում 1117 աշակերտներից հաղթող ճանաչված 45 մասնակիցներից կընտրվեն լավագույն 10 աշակերտները, ովքեր կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրի և խորհրդանշական նվերների։