Հայկական հեռուստաժուռնալիստիկայի մեջքը կոտրեցին

Հայկական հեռուստաժուռնալիստիկայի մեջքը կոտրեցին

Հեռուստամեկնաբան, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը հեռուստատեսությունում աշխատել է 1982-1999թթ., սկսել է մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունից, որից հետո աշխատել «Երեւանը եւ երեւանցիները» հաղորդաշարում, «Մարդը եւ օրենքը» հեռուստատեսային հանդեսում, «Լրաբեր» լրատվական ծրագրում եւ էլի մի շարք տարբեր խմբագրություններում:



Միակ հեռուստատեսության վարկանիշը



Այն ժամանակ հեռուստատեսության վարկը, հեղինակությունը բարձր էր, հատկապես որ կոմունիստական տարիներ էին, եւ ընդամենը կար մեկ հեռուստատեսություն: Այդ ծրագրերը նայում էին Կենտկոմի քարտուղարից սկսած մինչեւ վերջին հավաքարարը: Ընդհանրապես, հեռուստաեթերից հնչած խոսքի արժեքն այնքան բարձր էր, որ եթե որեւէ մեկի մասին ինչ-որ բան գրվում կամ ասվում էր, պարտադիր քննարկման նյութ էր դառնում: Հեռուստատեսությունն այն ժամանակ ոչ միայն պրոպագանդա էր, այլեւ միջոց` զենք պետության ձեռքին: 82թ., երբ եկա հեռուստատեսություն, ասացին՝ մի գյուղական ուսուցչի մասին ֆիլմ պետք է պատրաստվի, գնացինք Թալին, եւ պարզվեց, որ այդ ուսուցիչը, ոչ ավել-ոչ պակաս, «Քելե, լաո» երգի հեղինակն էր` Գեւորգ Հակոբյանը: Բայց ինքը տասնամյակներ շարունակ գաղտնի էր պահում, որ հեղինակն ինքն է, որովհետեւ կոմունիստական վարագույրը դեռ կար, ու եթե ասում էիր՝ «քելե, լաո, քելե էրթանք մեր էրգիր», հարց էր առաջանում` բա սա ո՞ւմ էրգիրն է: Դրանք դժվարին տարիներ էին, լրիվ ազատ չէինք այդ տարիներին, կային սահմաններ, կար գլավլիտ:



Շրջանցելով Գլավլիտն ու Կենտկոմը



Բացահայտ ազատություն չկար, պիտի իմանայիր ինչ սահմաններում քո նյութը պատրաստել, ասենք՝ գիտեինք, որ գործարանի, արտադրամասի անուն չպիտի գրենք, ռազմական գաղտնիք չպիտի հրապարակենք: Այն ժամանակ եկեղեցու, ֆիդայիների մասին էլ այդքան չէին գրում: Երբ «Մարաթուկ» անսամբլը կազմավորվեց, ֆիլմ պետք է պատրաստեինք, իսկ այն ժամանակ չէին թողնում Անդրանիկ Զորավարի անունը տայինք հեռուստատեսությամբ: Երբ ֆիլմը նկարում էինք, ես մտածում էի՝ ի՞նչ անենք, որ Անդրանիկ Զորավարի անունը տանք երգի մեջ ու խոսենք իր մասին, դիմեցի խորամանկության, Մկրոյին ասեցի. տղերք, Անդրանիկի երգը կատարում եք ու իբրեւ թե փորձ եք անում, սխալվում եք ու նորից եք սկսում երգել` Անդրանիկ փաշան յուր զինվորներով… որից հետո ես ասում եմ՝ չեղավ-չեղավ, ու իրենք նորից սկսում են սկզբից` Անդրանիկ փաշան յուր զինվորներով… ու այդպես մի 10 անգամ: Արդյունքում ֆիլմի ժամանակ ոչ թե մեկ, այլ 10 անգամ գնաց Անդրանիկի անունը: Երբ ֆիլմը եթեր գնաց, բոլորը ծիծաղելով եկան ասեցին` համա թե խորամանկն ես:



Հեռուստաեթերի խոտանները



Քո կամքից անկախ, լինում էին նաեւ խոտաններ. մի անգամ, Պետավտոտեսչության հաղորդումները պատրաստելու ժամանակ, ժապավենները հակառակ էին մոնտաժվել, ինչի արդյունքում պատկերները հակառակ էին ստացվել: Ժապավենը գնում է եթեր, մեկ էլ տեսնում ենք երթեւեկությունը հակառակ է, համարները հակառակ են, ամեն ինչ թարս է, գայի պետի տեղակալը ձախ ձեռքով է պատիվ տալիս: Եթերից մի կես ժամ հետո զանգում է գայի պետի տեղակալն ու, թե՝ ընկեր Սարուխանյան, գայի պետն ինձ սպանում է: Ասեցի՝ ի՞նչ է եղել, ասեց՝ ամենավերջին հայհոյանքով ինձ խայտառակում է, ասում է՝ դու այնքան ես լկտիացել, հոռացել, որ ձախ ձեռքով ես պատիվ տալիս: Զանգել եմ պետին, ասում եմ` հասկացեք, ժապավենն է սխալ մոնտաժվել, ասում է` ինչի ես չե՞մ ջոկում ձախն ու աջը: Վերջը, երկար-բարակ պարզաբանումներից հետո համոզեցինք, որ այդ մարդուն գործից չհանեն:



Լրագրողն ինչ-որ բան փոխում էր



Պատահական մարդ հեռուստատեսություն չէր մտնում, ստեղծագործական գործի մեջ արդարություն կար: Բայց այսօր եթե որեւէ մեկին լավ, ջիգյարով ժպտաս, կասի` արի մեզ մոտ: Ես, որ արդեն 5 տարի շրջանում լրագրող էի աշխատել, երբ եկա հեռուստատեսություն, 2-3 ամիս ինձ փորձում էին, 40 մեքենագիր էջ մի քանի ակնարկ էի գրել, որը հավանել էին, բայց էլի սպասում էի, որովհետեւ մինչեւ հազար տեսակ չստուգեին` ապուպապից սկսած մինչեւ քո կարողությունները, երբեք չէին ընդունի: 82թ. հիմնադրեցի «Ռեպլիկ» հաղորդաշարը, հեռուստառեպլիկի ժանրն էլ ես սկսեցի, ամեն շաբաթ մի 2 ռեպլիկ էի տալիս, որի տեքստերն ուղարկում էինք Կենտկոմ, իրանք քննարկում էին, եթե մարդը մեղավոր է` պատժում էին, հետո նամակ էին ուղարկում, որ ձեր հոդվածում արծարծված հարցերն ստուգվել են, ու պատժվել կամ հեռացվել է այսինչը: Դու քեզ լավ էիր զգում, որ կարող ես ինչ-որ բան փոխել: Անկախության տարիների սկզբում էլ դա դեռ կար. Սպանդարյան եւ Մյասնիկյան շրջանների հատման տեղում մի փոս կար, որի մասին մի ռեպլիկ գրեցի, թե ասում են իբր այդ փոսը եկել է ասորաբաբելական ժամանակներից, մի մասն ասում է, թե ասորեստանցիներն են փորել, մի մասը` բաբելոնացիները, եւ այդ մասին վկայում է անգամ պատմահայր Խորենացին: Գնաց դա եթեր, մի քանի ժամ հետո զանգեց Սպանդարյանի գործկոմի նախագահի տեղակալը, ասեց` էդ ի՞նչ եք գրել, խայտառակ եղանք, ասեցի` մենք չենք գրել, Խորենացին է գրել, ասեց` լավ, դե եթե Խորենացին է գրել, ուրեմն ճիշտ է…: Բայց կարեւորը` փոսը վերացրին:



Խոսքն արժեզրկվեց



Այսօր խոսքն էլ, նյութն էլ արժեզրկվել են, արժեզրկվեցին նաեւ բարոյական արժեքները, մենք քանդեցինք հինը, բայց դեռ նորը չենք ստեղծել, ընկել ենք հնի ու նորի արանքում եւ չգիտենք, թե ինչ ենք անում: Թումանյանը մի խոսք ունի, ասում է` մեր հին ադաթից ընկել ենք, ախպեր, նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել… այդ վայրի կապիտալիզմի ժամանակ ինչ ասես չարեցին, թալանեցին ու արժեզրկեցին ամեն ինչ: Իսկ անպատժելիությունը բերում է խոսքի արժեզրկման: Դրա համար այսօր հեռուստատեսությամբ կարող է 20 անգամ նույն խոսքն ասեն մեկի հասցեին, հեչ բանի տեղ չդնի: Խոսքը շատ է արժեզրկվել, եւ դրանից արժեզրկվել են բարոյական բոլոր կատեգորիաները: Այսօր սերիալի միջինից ցածր մի գորշ դերասանի մասին ավելի շատ են ասում, քան Նարեկացու, Չարենցի, Փափազյանի, Գուրզադյանի մասին: Այսօր հեռուստատեսությամբ չեն քարոզվում այդ արժեքները, որովհետեւ հեռուստատեսություններն այսօր սեփականություն են. ասում է` աղան ես եմ, բակլան խաշած կցանեմ, եթե մի ստահակ փող է տալիս, որ իր մասին ֆիլմ սարքեն, էլ ի՞նչ Նարեկացի: Հեռուստատեսությունն էլ այսօր, գովազդով լինի, թե սերիալներով, ձգտում է փող աշխատել եւ իր հեռուստատեսությունն առաջ մղել: Ինձ մի անգամ ասացին` ինչո՞ւ ես ֆիդայիների, մեր հերոսների մասին պատմվածքներ գրում, ֆիլմեր պատրաստում, էդ թեմայով սպոնսոր չկա, ոչ Անդրանիկ փաշան, ոչ էլ Գեւորգ Չաուշը փող տվող չեն:



Հ1-ը կորցրեց բարոյականության մեջ



Հեռուստատեսությունը դա բարոյական խոսափող է, եթե դարձավ բիզնես, ուրեմն ամեն ինչ ծախվում է: Դրսում այդ շոուների կողքին կան նաեւ լուրջ հեռուստատեսություններ, որոնք տանում են ազգի գաղափարախոսության լուծը: Հեռուստատեսությունն այսօր պետք է լինի ամենամեծ կրթողը, դաստիարակողը եւ զսպողը, բայց գրեթե բոլոր մեր հեռուստատեսություններն անցել են շոուի: Այդ անմակարդակ սերիալներով Հանրային հեռուստատեսությունը մի հարցում շահեց, որ դրանք փող բերեցին, եւ դրանով կարողացան անձնակազմ պահել, բայց մի հարցում էլ կորցրին եւ կորցրին բարոյականության մեջ: Չէ՞ որ Հ1-ը թիվ մեկ հեռուստատեսությունն է, դա ամբողջ ազգինն է, համահայկական է եւ փոքրիկ վրիպումներ չպետք է տա, դա պետք է լինի ազգի բարոյախոսական, գաղափարախոսական փարոսը, եւ այդտեղ պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր արժանի են, ովքեր վաստակած են, նվիրյալ են: Իհարկե, պիտի լինեն նաեւ ժամանցային հեռուստաալիքներ, բայց ոչ բոլորը:



Ասացին՝ ցտեսություն, դուք ազատված եք



99թ.-ին սերնդափոխության անվան տակ ավագ եւ միջին սերնդի լրագրողներին ասացին` ցտեսություն, ավելի հարմար բառ չեմ գտնում, քան հաշվեհարդարը: Շատ վատ ճանապարհեցին, այդպես թշնամուն են ճանապարհ դնում, ասացին՝ դուք ազատված եք կամ դիմում գրեք: Իմ սիրտը ցավում է մինչեւ հիմա, այդ ժամանակ «Լրաբերի» պատասխանատու խմբագիրն էի, եւ ինչ տառապանքով էինք աշխատում այդ ցուրտ տարիներին, բայց մի գեղեցիկ օր մեզ հասկացրին, որ նոր սերունդ ենք բերում: Այդ նոր սերնդին բերելու նպատակը բոլորին էլ պարզ էր, թե ինչ էր: Այդ խառը ժամանակներում ուղղակի պետք էին հլու-հնազանդ խելոքներ, որ ինչ ասեն, այն էլ կատարեն, չնայած կային նաեւ լավերը: Բայց այդ անցումը շատ սխալ, կոպիտ եւ անմարդանման եղավ: Այսօր եթերից այդ նոր մտածողության մարդիկ չեն երեւում, ավելին` մեր միջին սերունդն ավելի թարմ էր, քան այդ նոր եկած սերունդը: Դա քաղաքականություն էր, կոպիտ սխալ, եւ դրանով հայկական հեռուստաժուռնալիստիկայի մեջքը կոտրեցին:



Հազար խելոքի գործը



Շատ թերություն կա այսօր հեռուստաեթերում, ու լեզուն մեղք է, լեզուն տնքում է, ով չգիտի լեզուն, նա ավելի շատ է խոսում լեզվից ու խոսում է կոտրատված լեզվով՝ ոչ մաքուր հայերենով, կիսագողական, ու հետն էլ ասում են` դա ժողովրդի լեզուն է, եւ փողոցային անմակարդակ խոսքը բերում եթեր: Հեռուստատեսությունն իր հետեւից պիտի տանի ու ճաշակը բարձրացնի, բայց հիմա իրենք են ժողովրդի ճաշակն իրենց հետեւից տանում ու իջեցնում, ամբողջ ցավը դա է: Վատը հեշտ են ընդօրինակում ու էդպես տանում խրում են այն տիղմի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է: Ասում են՝ մի խելառ քար գլորեց ձորը, հազար խելոք հավաքվեցին, չեն կարողանում հանել: Հիմա հազար խելոքի գործն է դա: