Գալուստ Սահակյանի ուշագրավ հայտարարությունն ու զայրույթը լրագրողի վրա

Գալուստ Սահակյանի ուշագրավ հայտարարությունն ու զայրույթը լրագրողի վրա

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում բավականին ուշագրավ ու տարօրինակ հայտարարություն արեց։ Դրանից հետո, երբ մենք փորեցինք բացահայտել նրա ասածի տրամաբանությունը, պարոն Սահակյանը կարծես թե զայրացավ:



Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց նրանից, թե Հանրապետականը որքա՞ն է նախատեսում իշխանության մնալ։
«Մինչև Ղարաբաղի միջազգային ճանաչումը ապահովվի»,-պատասխանեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ դա երբ լինի, այն ժամանակ էլ Հանրապետականն իր ամենակարևոր խնդիրը լուծած կլինի։




Այսինքն՝ երկա՞ր է պատրաստվում մնալ իշխանության։ «Այսինքն՝ դա զավեշտ հարց եք տալիս։ Ցանկացած քաղաքական ուժ պայքարում է և փորձում է լծակներ ձեռք բերել իր գաղափարախոսությունը կամ սկզբունքներն առաջ տանելու համար»,-պարզաբանեց նա։
Հարցին, թե դր՞ա համար Ղարաբաղի հարցը չի լուծվում, Գալուստ Սահակյանն ասաց․ «Ղարաբաղի հարցը չի լուծվում, որովհետև ադրբեջանական կողմը, փաստորեն, բանակցային աթոռին նստելով, ոչ մի կերպ որևէ զիջումներ կամ մոտեցումներ չի ցուցաբերում»։




Hraparak.am-ի դիտարկմանըն, թե ստացվում է՝ Ադրբեջա՞նն է իր այդ քայլերով ապահովում, որ Հանրապետականը երկար մնա իշխանության, Գալուստ Սահակյանն այստեղ կարծես թե զայրացավ․ «Ոչ, ապահովում է, որպեսզի դու ինստիտուտն ավարտես ու դառնաս լրագրող, որովհետև մեր զինանոցն այնքան փոքր է՝ կիրթ լրագրող ունենալու․․․»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ